[ARM]     [RUS]     [ENG]

ՏՏ ՈԼՈՐՏԻ ՇՈՒԿԱՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է

Վերջին տարիներին հաճախ է բարձրացվում  Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտի զարգացման անհրաժեշտության հարցը, մատնացույց  արվում առկա հնարավորությունները, չբացահայտված ռեսուրսները։

Կարծիք կա, որ այն միակ ոլորտն է, որը կարճ ժամանակում կարող է կտրուկ զարգացումներ ապահովել տնտեսության մեջ. ժամանակակից աշխարհից հետ չմնալու համար  Արցախի կառավարությունը հենց այդ ճյուղում պետք է ծանրակշիռ ներդրումներ կատարի։

 Այս ամենը հաշվի առնելով է, որ մի քանի տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտը գործադիրի  կողմից հռչակվեց  գերակա ուղղություն, մշակվեց և ներկայացվեց  ոլորտի զարգացման հայեցակարգը, նախաձեռնվեց տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի լիդերների համաժողով Արցախում, արդյունքում եղան որոշ ձեռքբերումներ, հաջողություններ: Տրվեց ՙՏեղեկատվական  ինկուբատորի՚ շինարարության մեկնարկը, և   ՀՀ IT ոլորտում արդեն գործունեություն ծավալող հայտնի մի շարք ընկերություններ՝ ՙԻնստիգեյթ՚, ՙԼայմ տեխ՚, ՙՍիներջի սիսթեմս՚ և այլն,  մուտք գործեցին  Արցախ: Նրանց օժանդակությամբ էլ տեղեկատվական տեխնոլոգիաները պիտի զարգացվեն, կիրառվեին նաև մեր հանրապետությունում։

 Ընկերություններից մեկը, ինչպես նշեցինք,  Սիներջի սիսթեմսն է, որը հաջողությամբ աշխատում է աշխարհի ավելի քան 60 երկրների հետ և 2012 թվականից գործում է նաև Արցախում։ Ընկերության գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արցախյան հեռանկարների, տեխնոլոգիական  բիզնես-միջավայրի,  առկա խնդիրների և անելիքների շուրջ զրույցի հրավիրեցինք ընկերության տնօրեն Միքայել ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։ 

-Պարոն Սարգսյան,  Սիներջի սիսթեմսն  առաջիններից մեկն էր, ով Արցախում սկսեց տեխնոլոգիական գործունեություն ծավալել։ Ինչի՞ց սկսեցիք։ Ի՞նչ արդյունքներ ունեք այսօր։ 

-2012 թվականին, երբ Սիներջի սիսթեմսն Արցախում սկսեց  իր գործունեությունը, աշխատում էինք հինգհոգանոց խմբով։ Այսօր այստեղ  աշխատում է 32 հոգի։ Պլանավորում ենք մյուս տարի  այդ թիվն ավելացնել ևս 7-10-ով։ Ինչո՞ւ մյուս տարի՝ որովհետև մինչ այդ տեխնիկական մի շարք խնդիրներ պիտի լուծում ստանան: 

-Ի՞նչ կարգի նախագծեր է մշակում Սիներջին։ 

-Մենք նախագծեր ենք մշակում տարբեր երկրների կառավարությունների համար։ Այսինքն, դրանք կառավարում, վերլուծություն, մոնիտորինգ կազմակերպելու համար նախատեսված ծրագրեր են, որոնք թույլ են տալիս բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Ունենք ոլորտային նախագծեր կրթության, առողջապահության համար և այլն։ 

-Ձեր կազմակերպությունը  ԼՂՀ կառավարության հետ և՞ս համագործակցում է։ 

-Ոչ։ Ցավոք, Արցախի կառավարությունից  և մյուս գերատեսչություններից պատվերներ չունենք։ Մեր հիմնական սպառողը արտասահմանյան շուկան է։ 

-Ինչո՞ւ: Չէ՞ որ ՏՏ ընկերությունների մուտքն Արցախ, կառավարության կողմից IT ոլորտը գերակա  ուղղություն  հռչակելը ենթադրում են  նաև պետական մակարդակով համագործակցություն, պատվերներ...Գուցե ընդունելի առաջա՞րկ չունեք...  

- Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում դեռ  կան լուծման  կարոտ խնդիրներ. մեզ մոտ ոչ մի ոլորտ բավարար չափով ավտոմատացված չէ: IT ոլորտի հնարավորություններն առայժմ մինչև վերջ բացահայտված չեն, չեն կիրառվում,: Դեռևս 2008 թվականին փորձեցինք տեղում աշխատել գերատեսչությունների հետ, բայց չստացվեց: Ապրիլյան դեպքերից հետո ևս մենք առաջարկեցինք որոշ լուծումներ, տրամադրեցինք մի համակարգ, որը թույլ է տալիս առավել տեղեկացված լինել, հավաքագրել համապատասխան տվյալներ։ Այսինքն, մենք արցախյան սպառողի հետ նոր ենք սկսում համագործակցել, մինչ այդ  պահանջարկ չի եղել։   Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է: Եթե ունենանք պատվերներ, մենք պատրաստ ենք աշխատել նաև այստեղ: 

-Որպես բիզնես¬ուղղություն, տեղեկատվական տեխնոլոգիաներն  Արցախում հեռանկար ունե՞ն, կա՞ բարենպաստ  միջավայր այդ բիզնեսը զարգացնելու համար։ 

-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բիզնեսը մի հրաշալի առանձնահատկություն ունի. այն կարելի է հիմնադրել աշխարհի ցանկացած կետում և աշխատել բոլորին հակառակ կետում գտնվող սպառողի հետ։ Այսինքն, կա անսահմանափակ շուկա, և համապատասխան որակի  արտադրանք թողարկելու պարագայում դու կարող ես գտնել քո սպառողին։  Արցախի պարագայում  մի քանի խոչընդոտներ կան՝ նախ   Արցախի չճանաչվածության գործոնը, ինչը խանգարում է առավել լայն և ազատ գործել: Հաջորդ խոչընդոտը, որը ես համարում եմ առավել կարևոր և շուտափույթ լուծում պահանջող, դա կադրերի բացակայությունն է։ IT  ոլորտը պահանջում է կրեատիվ, մաթեմատիկական մտածողություն, իրենց վրա աշխատել սիրող, ինքնակրթությամբ զբաղվող, իրենց առջև խնդիրներ դնող և այդ խնդիրների լուծմանը ձգտող անհատների։ Արցախում, թվում է, թե կան բոլոր ռեսուրսները նման մասնագետներ ունենալու համար, բայց, միաժամանակ, մեզ համար առայժմ դժվար է մասնագետներ  գտնել, քանի որ նույնիսկ համապատասխան կրթություն ստացած անձանց գիտելիքները միշտ չէ, որ բավարարում են։ 

-Ստացվում է՝ մեր մասնագետները ցածրակա՞րգ են։ 

-Եթե մեզ դիմում են անձինք, որոնք ունեն համապատասխան կրթություն, սակայն նրանց  տվյալ պահի գիտելիքները չեն համապատասխանում  տեխնոլոգիական ոլորտի մասնագետ դառնալու համար,  բայց  հեռանկար, չբացահայտված ռեսուրսներ  տեսնում ենք, ապա մենք զբաղվում ենք նման մարդկանց վերապատրաստմամբ։ Այսինքն, մենք մարդկանց օգնում ենք կայանալու, իրենց տեղն աշխարհում գտնելու համար: Այս  պահին ունենք 60 հոգի, որոնք դիմել են մեզ, անցել թեստավորում, և մենք պատրաստ ենք  իրենց հետ աշխատանքներ տանել:  Ոսուցման կուրսն անցնելուց հետո նրանց մի մասին, հնարավոր է, մեզ մոտ աշխատանք  առաջարկենք, մի մասն  այլ ծրագրերում  աշխատանք կունենա: 

-Արդեն շուրջ  5 տարի է, ինչ Սիներջին  աշխատում է Արցախում: Ի՞նչ խոչընդոտներ են ծագում աշխատանքային պրոցեսում:

-Խնդիրները լուծվում են  աշխատանքային գործընթացում: Դժվարությունները, ինչպես նշել եմ, կապված են    կադրեր  չլինելու հետ. հաճախ անհրաժեշտ պահին դժվար է լինում կայացած,  պատրաստ մասնագետ գտնել: Այնպես որ, աշխատում ենք ժամանակից առաջ անցնելով՝ մասնագետներ պատրաստել, որպեսզի խնդրի առաջ չկանգնենք: IT ոլորտի բիզնես-գործունեությունը, ինչպես ցանկացած  բիզնես՝ այլ ոլորտում,  ունի իր կանոնները. շուկայում մրցունակ լինելու համար  պետք է համապատասխանել գործող չափանիշներին,  որակյալ արտադրանք  ապահովել:  IT –ն այն ոլորտն է, որտեղ զարգացումներն ընթանում են շատ արագ, և մրցունակ լինելու համար պետք է այդ գործընթացներից հետ չմնալ:

-Ի՞նչ եք կարծում, հակասականություն չկա՞,   երբ մի կողմից խոսվում է  Արցախում առկա բավարար ներուժի մասին՝  IT ոլորտում մասնագետներ պատրաստելու համար, մյուս կողմից, ստացվում է, խնդիր է  մասնագետ գտնելը:

-Իմ կարծիքով՝ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ նեղ մասնագիտական առումով մեր պոտենցիալ մասնագետները ժամանակին չեն կողմնորոշվում, ծանոթ չեն այդ ոլորտում շուկայի առաջարկներին: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր երկրում, կարելի է ասել, նոր ուղղություն է, բավականին արագ փոփոխվող, զարգացող ուղղություն, և մեծ հաշվով, աշխատանքային շուկան բավարար չափով ձևավորված չէ: 2012 թվականից հետո իրավիճակը կամա՛ց¬կամաց փոխվում է, նոր ուղղություններ, առաջարկներ են հայտնվում, փոխվում են մարդկանց հետաքրքրությունները, և հույս կա, որ տեխնոլոգիական  ոլորտը զարգացում կապրի,  կաշխուժանա աշխատաշուկան: Վերջին տարիների մեր աշխատանքային փորձի ուսումնասիրությունից արդեն իսկ երևում է տարբերությունը. ընկերության հիմնադրման սկզբնական շրջանում անընդհատ պետք է բացատրական աշխատանք տանեինք, փնտրեինք երիտասարդներ, համոզեինք, որ մասնագիտանան այս ոլորտում: Հիմա մեզ սեփական նախաձեռնությամբ դիմողներն ավելի շատ են,  մնում է միայն ընտրություն կատարել: Սիներջին պարբերաբար կազմակերպում է դասընթացներ. պատրաստի մասնագետների մի մասն այսօր արդեն ինքնուրույն է աշխատում կամ հիմնադրել է իր բիզնեսը:

-Ի՞նչ հաջողված ծրագրեր ունեք:

-Ասեմ այսպես. մենք ձախողած ծրագրեր չունենք: Չկա մի այնպիսի պատվեր, որ մուտք է գործել Սիներջի և տապալվել է: Մեր աշխատանքը թիմային է, ունենք  լավ, բարձրակարգ մասնագետներից պատրաստված խումբ, որի  համար լուծելի է ցանկացած խնդիր: Մենք պատվերներ ենք ստանում  ավելի քան 60 երկրներից, և դժգոհություններ չեն եղել:

Հարցազրույցը՝ Սրբուհի ՎԱՆՅԱՆԻ