Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հադրութի շրջանային խորհրդի տարեվերջյան նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերը տարաբնույթ էին: 

 Վարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը հանգամանալից ներկայացրեց  2017 թվականի բերքի տակ իրականացված աշնանացանի և մկնանման կրծողների դեմ տարվող պայքարի համար աշխատանքների ընթացքը: Ըստ բանախոսի՝  . դեկտեմբերի 25-ի դրությամբ շրջանում կատարվել է 9500 հա աշնանացան մշակաբույսերի ցանքս, որից 2650 հա ցորեն, 6850 հա՝ գարի: Կատարված ցանքսերից 1750 հա ցանվել է հոկտեմբերին և գտնվում է լավ վիճակում, 3490 հա՝ նոյեմբեր ամսին,  4260 հա՝ դեկտեմբերին, որոնց ներկայիս վիճակի վերաբերյալ բաժնի վարիչը դժվարացավ որևէ գնահատական տալ։ Մկնանման կրծողների դեմ պայքար է տարվել շուրջ  2800 հա տարածքի վրա։ Առկա իրավիճակը, Ս. Հակոբյանի խոսքով, ցույց է տալիս, որ պայքարի աշխատանքները պետք է շարունակել: 

Վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը հորդորեց համայնքների ղեկավարներին հողօգտագործողների շրջանում բացատրական աշխատանքներ տանել՝ կրծողների դեմ պայքարը շարունակելու համար: Բացի այդ, նա առաջարկեց գարնանը հացահատիկային ցանքսերը սնուցել, որպեսզի նորմալ բերք ստանան: 

Քննարկման թեմա դարձավ ձմեռային առաջին զորակոչի հետ կապված հարցը, ինչի կապակցությամբ շրջվարչակազմի ղեկավարը համայնքապետերին կոչ արեց աջակցել զորակոչիկներին՝  շրջանային զինկոմիսարիատ ներկայանալու  համար:

 ԼՂՀ  ԱՎԾ աշխատակազմի Հադրութի շրջանային բաժնի պետ  Արթուր Սարգսյանը ներկայացրեց ՙՀադրութի շրջանի բնակավայրերում 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության սեռատարիքային կազմի ճշտման նախապատրաստական աշխատանքների մասին՚ և ՙՀադրութի շրջանի բնակավայրերում  2017 թ. հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակի համատարած հաշվառում անցկացնելու նախապատրաստական աշխատանքների մասին՚ հարցերը: 

ՙԵնթաշրջանային ծրագրերի  շրջանակում տրամադրված վարկերի մարման գործընթացի մասին՚ օրակարգային հերթական հարցը ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի ղեկավար Վարդան Գասպարյանը: Նրա հավաստմամբ՝ շրջանում  2009 թվականից մինչև 2013 թվականը գործել են Բանաձորի ենթաշրջանի, իսկ 2012 թվականի հունվարի 1-ից և 2013 թվականի հունվարի 1-ից՝ Ուխտաձորի և Տողի  ենթաշրջանների համայնքների զարգացման ծրագրերը: Նշված ծրագրերով համայնքների բնակիչներին տրամադրվել են փոխառություններ անասնապահության զարգացման և գյուղտեխնիկա ձեռք բերելու համար: 2016 թ.  դեկտեմբերի 1-ի դրությամբ  այդ նպատակին հատկացվել է 291,5 մլն դրամ, որից 253,5 մլն  դրամը՝ անասնապահության զարգացման, 38մլն դրամը՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու  համար։ Անասնապահության զարգացման համար տրամադրված  փոխառությունների  մնացորդը կազմել է 104 մլն 363 հազար  դրամ: 

Վ. Գասպարյանը մանրամասն ներկայացրեց ենթաշրջանների զարգացման ծրագրերի ողջ գործընթացը և առաջացած  պարտքերի պատճառները: 

Քննարկվող հարցի վերաբերյալ իր նկատառումներն արեց վարչակազմի ղեկավարը, ով հատկապես գյուղբաժնի և համայնքների  ղեկավարների  ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրեց  վարկերի մարման գործընթացի վրա:

Ի շարս այլ հարցերի՝ քննարկվեցին նաև  ՙՇրջանում գործող արվեստի դպրոցների գործունեության  մասին՚, ՙՄիջագետ՚ ՓԲԸ գործունեության  մասին՚, ՙԱնչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՚ և այլ հարցեր:

Ամփոփելով շրջխորհրդի նիստի աշխատանքները, Վ. Գևորգյանը ներկաներին շնորհավորեց գալիք Նոր տարվա առթիվ՝ մաղթելով ամենալավն ու բարին։

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ