[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵԼ Է. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԵՆ

Արցախը, որ 2007-ին ներկրում էր սպառվող էլեկտրաէներգիայի 60 տոկոսը, նախորդ տարի հասավ էներգետիկ ինքնաբավության նիշին:

Էլեկտրաէներգիայի արտադրության ընդլայնումը շարունակվում է՝ արտահանման հեռանկարով: Հիդրոէներգետիկ մեծ հնարավորություններ ունեն հատկապես Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանները: Հենց  այստեղ են ներկա պահին իրագործվում էլեկտրաէներգիայի արտադրության ամենախոշոր ծրագրերը:

Շահումյանի շրջանում ՙՋերմաջուր՚ ՀԷԿ-ի կառուցումը մոտենում է ավարտին: Աշխատանքների ընթացքի մասին Արցախի նախագահին (հունվարի 11-ին երկրի ղեկավարն այցելել էր Շահումյանի շրջան) հենց շինհրապարակում են զեկուցել: ՙՙՋերմաջուր՚-ը 12,6 մեգավատ դրվածքային հզորություն է ունենալու: Տարեկան արտադրողականությունը կկազմի 70-80 միլիոն կիլովատ՚,- պատմում է բաժնետերերից Սամվել Իսախանյանը: Դա կազմում է 2016-ին Արցախում սպառված էլեկտրաէներգիայի մոտ 25 տոկոսը: 

Ներդրումներն իրականացնում  է մասնավոր կազմակերպություն: Ներդրողներ կան ինչպես Արցախի եւ Հայաստան հանրապետություններից, այնպես էլ արտասահմանից: Կառավարությունը պարզապես ներդրումային գրավիչ դաշտն է ապահովում: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճին ուղղված այս քաղաքականությունը շարունակական է լինելու, 2017-ին այդ քաղաքականության արդյունքները՝ առավել շոշափելի: ՙԱյն, որ այս տարի մինչեւ 35 մեգավատ հզորությամբ հէկեր են շահագործման հանձնվելու՝ ընդհանուր, գումարային, եւ որն ավելին է, քան վերջին 10 տարիներին կառուցածը, արդեն իսկ վառ ապացույցն է այն բանի, որ ծրագիրն իր էֆեկտն ունի՚,- ասվածը կոնկրետ թվերով է հիմնավորում Արցախի Հանրապետության կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

2017-ին էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ակնկալվող աճի մեկ-երրորդը հենց ՙՋերմաջուր՚ ՀԷԿ-ն է ապահովելու: Գլխամասն ու ջրառը պատրաստ են, խողովակաշարի անցկացումն ընթացքի մեջ է: Մասնագետները հասցրել են սարքավորումների տեղադրումը նախատեսված ժամկետից շուտ ավարտել: Գործին նաեւ արտասահմանյան մասնագետներն են լծվել: Պատասխանատվությունը մեծ է: ՙՍա վերջին տարիներին կառուցված հէկերից ամենախոշորն է: Մենք մինչ այժմ շուրջ 12-մեգավատանոց կայան չենք ունեցել: Սա առաջինն է՚,- մանրամասնում է աշխատանքներն իրականացնող ՙՀիդրոէներգետիկ՚ ՍՊԸ նախագահ Գրիգոր Գաբոյանը: 

ՙՋերմաջուր՚ ՀԷԿ-ը 2 ամսից պատրաստ կլինի շահագործման: Աշխատանքների ընթացքին հետեւել են, արդյունքներից էլ գոհ են բնապահպանները: Խոշոր կայանի կառուցումը բնապահպանական խնդիրներ չի առաջացնի, վստահեցնում է ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը. ՙԱյս հէկի նախագիծն անցել է բնապահպանական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն: Էկոլոգիական ոչ մի խախտում տվյալ պարագայում չկա: Ջրի անհրաժեշտ հոսքը ապահովվում է պահանջվող նորմերից անգամ ավել չափով, ինչը բացառում է վտանգները գետի կենդանական աշխարհի համար, իսկ շրջակա անտառածածկ տարածքներն էլ ապահովում է ջրով՚:

ՙՋերմաջուր՚ ՀԷԿ-ի կառուցման շնորհիվ նաեւ ենթաշրջանի զբոսաշրջային ներուժը վերակենդանացնելու հեռանկար է բացվում է: Ենթակառուցվածքները բարեկարգվում են: Զբոսաշրջիկը  կարող է բարեկարգ ճանապարհով հասնել Ջերմաջուր: Արդեն նաեւ հանգստյան վայրը բարեկարգելու ծրագրեր կան: