[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հանրապետության շրջկենտրոններում և մայրաքաղաք Ստեփանակերտում  անցկացնում է սեմինար-խորհրդակցություններ` նվիրված 2017 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և հաշվարկ-հաշվետվությունների հարկային մարմին էլեկտրոնային եղանակով հանձնման ընթացակարգերի իրազեկմանը։

Հունվարի վերջին շաբթում սեմինար-խորհրդակցություն հրավիրվեց Ասկերանի շրջանի տնտեսվարող սուբյեկտների տնօրենների և հաշվապահների մասնակցությամբ։ Սեմինարը վարում էր Ֆինանսների նախարարության կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչության պետ Արայիկ Դոլուխանյանը։ 

Ողջունելով ներկաներին` Ա. Դոլուխանյանը շնորհակալություն հայտնեց փոխգործակցության և սեմինար-խորհրդակցություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթներում տարեսկզբից կատարված փոփոխությունները հարկ վճարողների կողմից ճիշտ ընկալելու ու գործնականում ճիշտ կիրառելու նպատակով հարկային վարչարարության, մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը մանրամասն ներկայացրեց կատարված փոփոխությունները, որոնք բացառապես բխում են հարկ վճարողների շահերից ու միտված են հանրապետության գործարար միջավայրի բարելավմանը, հարկային վարչարարության մեղմացմանն ու առկա տնտեսական պայմաններին ներդաշնակեցմանը։

Ա. Մուսայելյանը պարզաբանեց ՙՀարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին՚ օրենքի դրույթները, ՙՀարկերի մասին՚, ՙԵկամտային հարկի մասին՚, ՙՀաստատագրված վճարների մասին՚ և ՙԱրտոնագրային վճարների մասին՚ օրենքներում կատարված  փոփոխությունները և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտեր: Վերջում նա հարկ վճարողներին տեղեկացրեց, որ նախարարությունը հարկ վճարողներին առաջարկում է ծառայության հերթական նոր տեսակ, որի օգնությամբ հարկ վճարողները գործող հարկերի, տուրքերի և վճարների վերաբերյալ իրենց հուզող հարցերը հարկային մարմնի մասնագետներին կուղղեն ՙSkype՚ հեռաձայնային ծառայության միջոցով: Հարցադրումներ ներկայացնողների հետ ուղիղ կապ կհաստատվի շաբաթական երկու օր` երեքշաբթի և ուրբաթ օրերին: Այսինքն` հարկ վճարողը կարող է ցանկացած կետից մասնագետին հղել իրեն հետաքրքրող և հարկային օրենսդրությանը վերաբերող հարցերը և օպերատիվ կարգով ստանալ դրանց պատասխանները:

Ա. Դոլուխանյանը, անդրադառնալով կատարված օրենսդրական փոփոխություններին, պատրաստակամություն հայտնեց պատասխանել ներկաներին հուզող հարցերին։ Կրկին  պարզաբանումներ տրվեցին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման և դրանց համար սահմանված ժամկետների, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու, հարկ վճարողների նկատմամբ կիրառված տույժերից և տուգանքներից համապատասխանաբար 90% և 60% արտոնություններից օրենքով սահմանված կարգով օգտվելու վերաբերյալ։  Ա. Դոլուխանյանը ներկաներին հորդորեց առավել ակտիվորեն ներգրավվել հարցադրումներ կատարելու գործընթացում, ինչը կգործի հօգուտ հարկատուների։ 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան