[ARM]     [RUS]     [ENG]

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԱՐԻՆ ԲԱՐԵՀԱՋՈՂ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Հունվարի 31-ին ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ ներկայացնելու անցած տարվա գործունեության արդյունքները: 

 Ա. Խաչատրյանը նշեց, որ չնայած ռազմական բարդ իրավիճակի հետ կապված տնտեսական դժվարություններին` հաջողվել է տնտեսական աճ ապահովել: Այն կազմել է 8 %: Ըստ Ա Խաչատրյանի, ավելի քան 7%-ով ավելացել են տարվա ընթացքում գրանցված տնտեսվարող սուբյեկտները, ինչը արդյունք է նաև տարեսկզբից մեկնարկած բիզնես-միջավայրի բարելավման միջոցառումների: Բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի ստեղծման  քաղաքականության շրջանակներում գերատեսչությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի շնորհիվ շահութահարկի գծով արտոնություններից օգտվողների թիվն աճել է:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտին` նախարարն իրազեկեց, որ  Կաշենի հանքավայրի գործարկման արդյունքում մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալներն աճել են ավելի քան 36 տոկոսով, իսկ  գյուղմթերքների տեղական արտադրության ընդլայնումը նպաստել է սննդամթերքի արտադրության աճին. պահածոների արտադրությունում այն կազմել է ավելի քան 8%:

ՙԱպրիլյան իրադարձություններից հետո առավել կարևորվեց  անխափան գործող ժամանակակից ենթակառուցվածքների նշանակությունը, ինչի ապահովման ուղղությամբ նախարարությունն աշխատանքներ էր տանում և մինչ օրս տանում է արտակարգ ռեժիմով՚,-ասաց Ա. Խաչատրյանը, հավելելով, որ պատերազմի հետևանքների վերացմանը ու առաջնագծում ինժեներական  այլ անհրաժեշտ աշխատանքների կատարմանը զուգընթաց անցած տարում  հաջողվել է իրականացնել  հանրապետական նշանակության մի քանի ենթակառուցվածքային ծրագրեր:

 Էներգետիկայի բնագավառում   շարունակվել է փոքր հէկերի կառուցման ծրագիրը: Ներկայումս գործում են 14 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում` Սարսանգ հէկ-ը` 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ, և 13 փոքր հէկ-եր` 44 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ: 2016 թվականին ԼՂՀ-ում արտադրված 296 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիան նախորդ տարվա  համեմատ ավել է 33 %-ով:  Այս առումով Արցախի հեռանկարները լայն են. այն կարող է ոչ միայն ինքնաբավ լինել, այլև դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Նախարարը տեղեկացրեց, որ  299 մլն կՎտ/ժ սպառված էլեկտրաէներգիայի միայն  2,6 մլն կՎտ/ժ-ն է գնված Հայաստանից: Երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը կնպաստի նաև ռազմավարական նշանակություն ունեցող Սոթք-Հաթերք 82 կմ-անոց օդային գծի կառուցումը: Այն  շահագործման կհանձնվի մոտակա ժամանակներում: Օղակաձև  էլեկտրական ցանցի ստեղծումը կնպաստի նաև  էլեկտրաէներգիայի  կորուստների  կրճատմանը: 

Տարին նշանավորվեց ոլորտի  երկու խոշորագույն՝ ՙԱրցախէներգո՚  և ՙԱրցախգազ՚ ընկերությունների մասնավորեցման  գործընթացով: Պետության համար  Ա. Խաչատրյանը դա հաջող գործարք է համարում. ոլորտում  խոշոր ներդրումներ կներգրավվեն, կբարձրանա բնագավառում տեղի ունեցող գործընթացների մակարդակը՝ բոլոր առումներով:

Նախարարն առավել խնդրահարույց և լուծումներ պահանջող ոլորտը համարում է  տրանսպորտը: Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված է  166 բնակավայր, սպասարկվում է 134 հազ. մարդ: 97 ավտոբուսային երթուղիներից 10 երթուղու հետ  խնդիր կա  ճանապարհների անբավարար  վիճակի,  ցածր ուղևորահոսքի, հետևաբար՝ ոչ եկամտաբեր լինելու պատճառով: Հաշվետու  տարում միջհամայնքային, միջշրջանային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 5%-ով: Ըստ Ա. Խաչատրյանի՝ դա պայմանավորված է ապրիլյան իրադարձություններով, որոնք բացասական ազդեցություն են ունեցել բնակչության տեղաշարժի վրա: Նախարարի խոսքով, խնդիրը կարելի է դիտարկել նաև մեկ այլ կողմից. բարձրացել է բնակչության կենսամակարդակը, շատերը գերադասում են օգտվել տաքսի ծառայությունից կամ  ձեռք են բերել անձնական օգտագործման ավտոմեքենա: Տրանսպորտի ոլորտում խնդիրներն առնչվում են  մեքենաների տեխնիկական վիճակին, երթուղիների ոչ շահութաբերությանը և այլն։ Տաքսի ծառայությունների ոլորտում միշտ չէ հաջողվում վերահսկողություն իրականացնել. բողոքներ են լինում անօրեն նման ծառայություններ մատուցող անհատներից։ Էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ է խնդիրներին և հարկային մարմինների հետ վերահսկման և նրանց հարկային դաշտ բերելու մեխանիզմներ է կիրառում։ Ապրիլյան իրադարձությունների պատճառով  քաղպաշտպանության  հանրապետական շտաբն, աշխատելով արտակարգ ռեժիմով, լուծել  է իր առջև դրված մոբիլիզացիոն փոխադրումների պլանավորման ու կազմակերպման բոլոր խնդիրները` համագործակցելով ՊԲ և համապատասխան պետական մարմինների հետ: 

Կապի բնագավառում  կարևորագույն ձեռքբերումներից համարվեց դեռևս 2008թ. մեկնարկած հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման  թվային համակարգի ներդրման ծրագրի ավարտումը: Թվային ազդանշանի սփռվածությունը ԼՂՀ տարածքում այսօր 98% է կազմում:  98%-ի  է հասցվել նաև բջջային կապի ցանցի ապահովումը: Ներկա դրությամբ 244 համայնքներում գործում է 2G կապ, իսկ 19 համայնքներում` 3G (շարժական ինտերնետ) կապ: Արցախի 208 քաղաքներում և գյուղերում ինտերնետ կապի ծառայություններից օգտվելու  հնարավորություն կա: ՙՆախարարության ուշադրության կենտրոնում էր նաև իր  լիազորության ներքո գտնվող ոլորտներում գործող օպերատորների սակագնային քաղաքականությունը: Վերջիններիս հետ տարվող բանակցությունների արդյունքում նաև այս տարվա սկզբից նվազեցված սակագներ  են գործում գազամատակարարման և հեռախոսային կապի ոլորտներում: Հեռախոսավճարները նվազեցվել են  ընդհանուր 10-30 տոկոսով:  Գազի սակագինը բնակչության և արտադրողների համար նվազեցվել է համատասխանաբար 11 և 13 տոկոսով: Գյուղմթերքի հիմքով տեղական արտադրության խթանումն ապահովելու նպատակով որոշ մշակող արտադրությունների համար սահմանվել է գազի նվազեցված սակագին՚,- ասաց Ա. Խաչատրյանը:

Անցյալ տարի առաջին անգամ տեղի է ունեցել նամականիշի մարման պաշտոնական հանդիսավոր արարողություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակի կապակցությամբ: Տարվա ընթացքում թողարկվել է 14 անուն նամականիշ՝ 250 հազ. հատ ընդհանուր տպաքանակով: 

Ապրիլյան իրադարձություններն առավելապես բացասաբար անդրադարձան զբոսաշրջության ոլորտի վրա: Պատերազմական գործողություններից հետո գրանցվել է ԼՂՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի 40 % նվազում: Այնուամենայնիվ, ձեռնարկված միջոցների շնորհիվ մինչև տարվա վերջ հնարավոր դարձավ որոշ չափով շտկել իրավիճակը: Հաշվառված 44 հյուրանոցներից օգտվել է շուրջ 26 հազար զբոսաշրջիկ: Ակտիվացվել է  համագործակցությունը ՀՀ համապատասխան կառույցների հետ՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և  նոր համաձայնագրերի կնքման ուղղությամբ: 

Լրագրողներին հետաքրքրում էր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և շփումը չճանաչված այլ պետությունների հետ։ Ա. Խաչատրյանը նշեց, որ եվրասիական համագործակցության  հեռանկարները լայն են, և հնարավորության շրջանակներում Արցախը փորձում է օգտվել դրանից։ Տարբեր հարթակներում, այդ թվում` տնտեսական, չճանաչված պետությունների հետ կապը նույնպես առկա է։ 

ՙԱրցախէներգո՚ և ՙԱրցախգազ՚ ընկերությունների մասնավորեցման գործընթացի մասին մանրամասներ ներկայացնելու՝ լրագրողների հարցին ի պատասխան Ա. Խաչատրյանը նշեց, որ այս պահին գույքագրման աշխատանքներ են տարվում։ Ըստ աշխատանքային գրաֆիկի` այն կավարտվի մինչև փետրվարի վերջը, և մարտի կեսին մասնավորեցման գործընթացը լրիվ ավարտված կլինի։ 

Լրագրողները հետաքրքրվեցին արտահանման խթանման ծրագրերով, այդ ոլորտում արձանագրված արդյունքներով: Ի պատասխան նշվեց, որ առաջիկայում այդ ոլորտում իրականացվելիք միջոցառումների, առաջարկությունների նոր ծրագիր է նախատեսվում ներկայացնել կառավարություն, չնայած հիմա էլ որոշ աշխատանքներ կատարվում են։ Արտահանման խնդիրները լուծելի են` ծավալների ապահովման հարց կա։ Տարեցտարի արձանագրվող տնտեսական աճն ու բնակչության ցածր կենսամակարդակն ու աղքատության ցուցանիշն  անհամատեղելի են և հարցեր են առաջացնում։ Ա. Խաչատրյանը համաձայնվեց, որ առկա են խնդիրներ, սպառողական նվազագույն զամբյուղը վերանայելու կարիք կա, բայց նաև նշեց, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը, և համոզմունք հայտնեց, որ հետևողական լինելու դեպքում տնտեսական աճն իրեն զգացնել կտա  նաև բնակչության կենսամակարդակի բարձր ցուցանիշների ձևով։ 

Ի՞նչ մասնագետների կարիք կա  տնտեսության մեջ, արդյո՞ք համագործակցում են Կրթության և գիտության նախարարության հետ՝ պահանջված մասնագետներ ստանալու համար, գոհացնո՞ւմ են արցախյան բուհերում սովորածների մասնագիտական գիտելիքները. այս հարցերի մասով Ա. Խաչատրյանն ասաց, որ մասնագետների կարիք կա: Ինչպիսի՞ դիրքորոշում է  որդեգրել Ա. Խաչատրյանը սպասվող՝ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ. նա նշեց, որ միանշանակ կողմ է քվեարկելու դրան։ 2017 թվականին Էկոնոմիկայի նախարարության կողմից կշարունակվեն ԼՂՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ տնտեսական գործընթացների ակտիվացման և արտադրական ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում: 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ