[ARM]     [RUS]     [ENG]

ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արցախում ծխախոտագործությունը որոշակի աճ է արձանագրում: Մեկնարկը տրվել է 2-3 տասնյակ հեկտարից և մի քանի չորանոցից: Այսօրվա ունեցածը մեկնարկային ցուցանիշները գերազանցում է մի քանի անգամ, սակայն դա էլ այս ոլորտում հնարավորությունների ողջ պաշարը չէ:

Առավել ևս, որ տարեցտարի նաև ավելանում  են ոլորտի աջակցությանն ուղղված գործիքները: 

Ինչպես երկրագործության ճյուղերի հիմնական մասում` ծխախոտագործությունում նույնպես 2016 թվականը հակասական գնահատականներով ենք ամփոփում: Տարին սկսեցինք մեծ ակնկալիքներով: Սակայն ապրիլյան պատերազմը ծրագրերը մասամբ սրբագրեց: Արդյունքում ունեցանք նախատեսվածից քիչ, սակայն նախորդ տարվանից ավելի շատ ծխախոտի ցանքսեր: Եթե 2015-ին ցանվել է 146 հեկտար ծխախոտ և բերքահավաքն իրականացվել 122 հեկտարի վրա, ապա 2016-ին 163 հեկտար ցանվել է, բերքահավաքն էլ իրականացվել է 145 հեկտարի վրա: ՙԸնդհանուր առմամբ` 2016-ին ծխախոտի 1770 տոննա զանգված է հավաքվել, միջին բերքատվությունը` 122 ցենտներ հեկտարից, իսկ 2015-ին 1345 տոննա բերք էինք ստացել, հեկտարի  միջին բերքատվությունը` 110 ցենտներ՚,-ասվածը թվերի է վերածում Գյուղնախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը: 

Մեկնարկից ի վեր ծխախոտագործներին աջակցում էր մթերող կազմակերպությունը` ՙՄասիս Տոբակոն՚` իր հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնող ֆերմերներին տրամադրելով սերմ կամ սածիլ, պարարտանյութ, խոհրդատվություն, նաեւ` որոշակի գումար` նախնական աշխատանքների համար` բերքահավաքին ծխախոտի կանաչ զանգվածի տեսքով վերադարձնելու պայմանով: Այս տարի այդ ամենին ավելացավ նաեւ պետական աջակցությունը: Պետական ծրագրով լրավճար է տրվել վերջնական արտադրանքի համար` աջակցության չափը հաշվարկելու հիմք ընդունելով մթերված կանաչ զանգվածը: Ի տարբերություն այլ մշակաբույսերի` ծխախոտն Արցախում մեկ կազմակերպություն է մթերում, ինչը հեշտացնում է մթերված ծավալների հաշվառումը: ՙԾխախոտագործներին աջակցելու ծրագիրը ներառված էր գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության աջակցության 2016թ. ծրագրի մեջ: Ըստ այդմ` նախատեսվում էր մթերված կանաչ զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց հողօգտագործողին վճարել լրացուցիչ 10 դրամ՚,- մանրամասնում է Վիլեն Ավետիսյանը: 

Մթերած ծավալի հաշվարկով` կառավարությունը համապատասխան գումարը տարեվերջին փոխանցել է մթերող կազմակերպությանը` ՙՄասիս Տոբակո՚-ին, որն էլ իր հերթին փոխանցել է ֆերմերներին: Ընդհանուր առմամբ, այս ծրագրի համար կառավարությունը մոտ 17 միլիոն դրամ է հատկացրել:

Տարեվերջին բնությունը տհաճ անակնկալ մատուցեց ծխախոտագործներից ոմանց: Մի կողմից շատերը ապրիլյան իրադարձությունների պատճառով ցանքսն էին ուշացրել, մյուս կողմից` աշնանային ցրտերը սովորականից վաղ վրա հասան: Արդյունքում ծխախոտի ցանքսերի մի մասում բերքահավաքը չհասցրին ավարտել: ՙՈրոշ տարածքներում բացասական ջերմաստիճան է գրանցվել: Դաշտում մնացած ծխախոտը ցրտահարվել է: Տուժած ֆերմերների համար պետությունն աջակցություն է նախատեսել` չմթերված յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց` 30 դրամ՚,- նշում է  ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետը: Ընդհանուր առմամբ` մոտ 60 հեկտարում է ցրտահարություն գրանցվել, վնասված բերքը շուրջ 725 տոննա է կազմել: Փոխհատուցման համար հատկացվել է ավելի քան 21,5 միլիոն դրամ:

Առաջիկա տարիներին Արցախում ծխախոտի ցանքսերը պետք է անցնեն 300 հեկտարից. ծխախոտագործների հետ վերջին հանդիպման ժամանակ նման նշաձող է սահմանել կառավարության ղեկավարը: Գյուղոլորտի պատասխանատուները նախատեսում են արդեն այս տարի հատել 200 հեկտարի սահմանագիծը: Այս ոլորտին պետական աջակցությունը կշարունակվի և կընդլայնվի:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ