[ARM]     [RUS]     [ENG]

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2016-Ը ԱՄՓՈՓՈՒՄ Է ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ

Փետրվարի 10-ին Ֆինանսների նախարարությունում կայացած խորհրդակցությունում ամփոփվել է նախորդ ֆինանսատնտեսական տարին` բոլոր մանրամասներով:

Հակառակ դժվարություններին` պետբյուջեի հարկային մուտքերի պլանները ոչ միայն կատարվել, այլեւ գերակատարվել են: Ստուգումների թիվը գրեթե չի փոխվել` կրկնակի նվազել է դրանց արդյունքում բյուջե հաշվարկված գումարը: Հանդիպումը նաեւ 2017-ի աշխատանքներին վերաբերող մանրամասները ճշտելու, առաջնահերթությունները հստակեցնելու նպատակին է ծառայել: 

2016-ը բարդ տարի էր, բայց հաջողվել է պատվով հաղթահարել: Խորհրդակցությունը նախագահող Ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանն ասածը թվերով է հիմնավորում. ՙՀարկային եկամուտների մասով առաջադրանքն ամբողջությամբ կատարել ենք: 31,5 միլիարդ դրամի փոխարեն բյուջե է մուտքագրվել 32 միլիարդ 353 միլիոն դրամ՚: Մուտքերի պլանավորված մակարդակի ապահովումը թույլ է տվել, որ բյուջեի ծախսային մասն էլ կատարվի: Սպարտակ Թեւոսյանը վստահեցնում է. ՙԾրագրերը հիմնականում կատարվել են: Աշխատավարձերը, թոշակները, սոցիալական ծրագրերը՝ բոլորը ապահովվել են՚:

Նախարարության կազմակերպական, հսկողական եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Արայիկ Դոլուխանյանը լավ գիտի` ով ինչ ջանքեր է գործադրել պլանները կատարելու համար: Վերլուծել ու վստահեցնում է` հաջողությունն ընդհանուր աշխատանքի արդյունք է: ՙՀաշվետու ժամանակաշրջանում պլան-առաջադրանքները կատարվել են բոլոր սպասարկող ստորաբաժանումների կողմից, իսկ նախորդ տարվա մուտքերի մակարդակը գերազանցվել է միայն Քաշաթաղի շրջանի հարկային տեսչության կողմից՚,- մանրամասնում է Ա. Դոլուխանյանը: Աճի շարքը ստուգումներին վերաբերող հատվածում է ընդհատվում: 2015-ի համեմատ ստուգումների թիվը գրեթե նույնն է, դրանց արդյունքում լրացուցիչ հաշվարկված գումարը գրեթե կրկնակի պակասել է: Դա լա՞վ է, թե՞ վատ. հարցնում է Ս. Թեւոսյանը: Լավ է, վստահեցնում է Ա. Դոլուխանյանը` դա համարելով կանխարգելիչ, բացատրական աշխատանքների արդյունք:

Հարկային եկամուտների առյուծի բաժինը խոշոր հարկ վճարողների վարչությունում գրանցված հարկատուներն են ապահովել: ՙՊլանավորված 22 միլիարդ 600 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցել ենք 1,9 տոկոսով, կամ 426 միլիոն դրամով: Ընդհանուր առմամբ՝ վարչությունում գրանցված հարկ վճարողներն ապահովել են պետական բյուջեի հարկային եկամուտների 71,2 տոկոսը՚,- աճը թվերի է վերածում ԼՂՀ ՖՆ ԽՀՎՎ պետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:

Ապահոված մուտքերի ծավալով երկրորդ տեղում Ստեփանակերտի հարկային տեսչությունն է: Նախարարը գնահատում է ձեռքբերումները: Հանձնարարականը գրանցված, բայց չգործող տնտեսվարողների ցանկը մաքրելուն էր վերաբերում. Ստեփանակերտում գրանցված-չգործողներն իրենց թվով գերազանցում են գործողներին:

Մյուս շրջանների հարկային տեսչությունների պատասխանատուներն էլ ընդհանուր ձեռքբերումների մեջ իրենց բաժինն են ներկայացրել: Շահումյանի  շրջանի պատասխանատուին նախարարը լրացուցիչ հարց ուներ` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը դրական տեղաշարժ խոստանո՞ւմ է. պատասխանը դրական է` նախանշաններ արդեն կան:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, հայցային աշխատանքների կազմակերպում. պատասխանատուները զեկուցում են` ինչ, որտեղ, երբ: Նաեւ հետեւում են, որ կառավարության սահմանած արտոնությունները չարաշահումների առիթ չդառնան: Արդեն նման փորձերի կանխման դեպքեր էլ կան: 

Ներմուծման ծավալը կրճատվել է, արտահանման ծավալը` աճել: Եվ եթե ներմուծման դեպքում հիմնական բեռը Աղավնոյի հսկիչ կետին էր ընկնում, ապա արտահանման հարցում Խարխափուտի հսկիչ կետն է առաջին տեղում: 

 Ֆինանսական վերահսկողություն, աշխատանք հաշվապահական եւ աուդիտորական հանրության ու նոր ծրագրերի հետ, օրենսդրական դաշտի կատարելագործում եւ հանրային իրազեկում` թվարկում են պատասխանատուները` 2016-ին ինչ են հասցրել կատարել: Ս. Թեւոսյանի հանձնարարականներից մեկը ստուգումների իրականացմանն է վերաբերում. դրանով նախարարության մեկ ստորաբաժանում չէ, որ զբաղվում է. անհրաժեշտ է բացառել նույն տնտեսվարողի մոտ միմյանց հաջորդող ստուգումները տարբեր մարմինների կողմից:

Հարկային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն է կատարելագործվել, արտոնություններ են սահմանվել: Ս. Թեւոսյանը կարեւոր է համարում իրազեկման աշխատանքները՝ օգտագործելով ժամանակակից հնարավորությունները: Խորհրդակցությանը նաեւ զեկուցվել է, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում:

Կատարվածը նախարարը գնահատում  եւ վստահեցնում է` երկրի ղեկավարությունը ևս գնահատում է: ԼՂՀ Նախագահի հրամանագրով Ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցներ պետական պարգեւների են արժանացել: Ոմանք պարգեւներն ավելի վաղ Նախագահի ձեռքից են ստացել, մյուսներին ՙԵրախտագիտություն՚ մեդալը հանձնել է Սպարտակ Թեւոսյանը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ