ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵՎ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ

Հարկային ոլորտի հակասական 2016-ը

 2016-ը հարկային մարմնի համար բարդ ու պատասխանատու տարի էր: Մի կողմից խնդիր էր դրված նպաստել, որ ապրիլյան պատերազմից հետո տնտեսությունը վերադառնա իր նախկին վիճակին, մյուս կողմից՝ ոչ ոք չէր չեղարկել պետբյուջեի հարկային մուտքերն ապահովելու՝ հարկային կառույցի խնդիրը: Ընդհանուր առմամբ կառույցը հաջողությամբ հաղթահարեց ոչ սովորական այս իրավիճակից բխող բարդությունները թե՜ առաջին, թե՜ երկրորդ ճակատում: Ի՞նչ, ինչպե՞ս, այս դեպքում՝ նաեւ որքա՞ն. մանրամասնել է ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

-Պարոն Հարությունյան, ապրիլյան պատերազմից հետո պետական աջակցության գործիքների մի մասը կիրառվեց գրեթե անմիջապես: Արտոնություններ սահմանվեցին, դրույքաչափեր իջեցվեցին: Դա տվե՞ց սպասված արդյունքը:

-Իրականում այդպես էլ եղավ: Տնտեսության վրա ապրիլյան պատերազմի հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով կառավարության կողմից անմիջապես նախաձեռնվեցին օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտից  գանձվող հաստատագրված եւ արտոնագրային վճարների չափերը հարկ վճարողների ստացվող եկամուտներին համարժեք դարձնելու նպատակով նվազեցվեցին. շրջաններում` 70 տոկոսի, Ստեփանակերտ քաղաքում՝ 40 տոկոսի չափով: Այս արտոնությունն, ի դեպ, կգործի նաեւ 2017 թվականին: Բացի այդ, վերահաշվարկներ կատարեցինք զորահավաքի արդյունքում փաստացի գործունեություն չիրականացրած, սակայն գործունեության դադարեցման վերաբերյալ դիմումներ նախապես չներկայացրած հարկ վճարողների ապրիլ-հունիս ամիսների համար հաշվարկված հաստատագրված եւ արտոնագրային վճարների մասով` փաստացի չաշխատած օրերի համար դադարեցնելով վճարների հաշվարկումը:

Այս փոփոխությունների արդյունքում ընդհանուր առմամբ 300մլն դրամ բյուջետային մուտքերի նվազեցում ենք ունեցել, սակայն, մյուս կողմից, դրանք  նպաստեցին հարկ վճարողների հետագա բնականոն գործունության շարունակմանը:

-2016թ. պլանների կատարման մասով: Որքանո՞վ է հաջողվել ապահովել պետբյուջեի հարկային մուտքերի պլանավորված մակարդակը:

-Չնայած տարվա ընթացքում առաջացած դժվարություններին, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ապահովել 2016թ. բյուջեի պլանային առաջադրանքները: Մասնավորապես, հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով պետական բյուջե է մուտքագրվել 32մլրդ 353,3մլն դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 2,7 տոկոսով, կամ 853,3մլն դրամով: Ընդ որում, մուտքերի 71,2 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողների հաշվին:

-Խոշոր հարկ վճարողների առաջատար եռյակում փոփոխություններ ունե՞նք:

-Կազմում` ոչ, բայց հերթականությունում ունենք: ՙԲեյզ Մեթըլս՚-ը կրկին առաջին տեղն է վերադարձել, երկրորդ տեղում ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ն է, երրորդում՝ ՙԱրցախգազ՚-ը: 

-Տարեվերջին հարկային արտոնությունների մի նոր փաթեթ ընդունվեց, որոշ արտոնությունների ժամկետները երկարաձգվեցին: Արդյո՞ք դա բացասաբար չի անդրադառնա բյուջեի հարկային մուտքերի ծավալների վրա:

-Այդ ողջ փաթեթի ծավալն ավելի լավ պատկերացնելու համար ասեմ, որ արտոնություններից կօգտվեն շուրջ 5000 հարկ վճարողներ: Օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը  գնահատվել եւ հաշվի է առնվել ՙ2017թ. պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքի ընդունման ժամանակ: Այսինքն, պետական բյուջեի պլանային առաջադրանքները սահմանվել են՝ հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը: 

-2017-ի հարկային մուտքերի մասով: Եթե տարիներ շարունակ հարկային մուտքերի աճը զիջում էր տնտեսական աճին, ապա այս անգամ հակառակն է նախատեսվում: Հարկային մուտքերի աճը տնտեսական աճից գրեթե կրկնակի շատ է պլանավորվել: 

-Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հանքարդյունաբերության ու  էներգետիկայի ոլորտում ընդգրկված հարկ վճարողները, որոնց ցուցանիշները բյուջեի եկամտային մասի վրա մեծ ազդեցություն ունեն, նախորդ տարիներին մեծ ներդրումներ են կատարել, որի հետևանքով հիմնականում բյուջե ավելացված արժեքի հարկի գծով վճարումներ չեն իրականացրել` հաշվանցման ենթակա գումարների մեծությամբ պայմանավորված, մինչդեռ նրանց ցուցանիշները ներառվում են ՀՆԱ-ի կազմում, ինչն էլ բերել է  նման անհամաչափության: Բարձր աճն էլ  պայմանավորված է հենց նրանով, որ այս տարի այդ  ընկերություններն սկսելու են վճարել ավելացված արժեքի հարկ: 

-2017-ի աշխատանքների մասին` կազմակերպական առումով: Նորությունը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շրջանակների ընդլայնո՞ւմն է լինելու: 

-Նախ ասեմ, որ մեր աշխատանքներում մեծ տեղ է հատկացվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը հնարավորություն  է տալիս հարկ վճարողներին մատուցել ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ` ապահովելով հարկային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը:  Այդ առումով փորձում ենք տարեցտարի ավելի ընդլայնել էլեկտրոնային կառավարման համակարգի շրջանակները, եւ որպեսզի  աշխատանքներն իրականացվեն համակարգված, մեր կողմից հաստատվել է էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման 2016-2018թթ. հայեցակարգ, սահմանվել առաջնահերթ մշակման ենթակա ծրագրերի ցանկը եւ ստեղծվել 4 մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնց անմիջական հսկողությամբ եւ ցուցումներով մշակվում են համապատասխան ծրագրեր: Արդյունքում արդեն մեկ տարի է, ինչ ներդրվել է բոլոր հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ենթահամակարգը, որից օգտվում են 1595 հարկ վճարողներ: Ընդ որում,  692 -ը պարտադիր, իսկ 903-ը  կամավոր հիմունքներով են միացել էլեկտրոնային համակարգին: 2016թ. հունիս ամսից ներդրվել է հարկ վճարողների գրանցման և հաշվառման համարների տրամադրման մեկ պատուհան սկզբունքը, մշակվել պետական ռեգիստրի եւ հարկային մարմնի միջեւ տեղեկատվության առցանց փոխանակման ենթածրագիրը: Մշակվել եւ այս պահին թեստավորման ընթացքում է անձնական հաշվի քարտերի վարման  ենթահամակարգը, որը հնարավորություն կտա ավտոմատացնել պարտավորությունների հաշվառումը` բացառելով մարդկային գործոնի միջամտությունն ու սխալների հավանականությունը: 

- Խոսենք ստուգումների վիճակագրության մասին եւ սկսենք 2016-ից: Բնականաբար, դժվար տնտեսական տարին ստուգումները չեղարկելու պատճառ չի եղել:

-2016 թվականին  հարկային մարմնի կողմից իրականացվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 243 ստուգում: Նշված ստուգումներով հաշվարկված պարտավորությունները կազմել են  534,8մլն դրամ: Հաշվետու տարում կատարված ստուգումներով բյուջե մուտքագրված գումարները կազմել են  444,9մլն դրամ`  նախորդ   տարվա  808,7մլն դրամի դիմաց, իսկ ընթացիկ ստուգումների եւ նախորդ տարիներին կատարված բոլոր ստուգումների մասով բյուջե է մուտքագրվել 505,7 մլն դրամ` նախորդ տարվա 1 մլրդ 528,4  մլն դրամի դիմաց: 

-2017-ին կարծես աշխատաշուկայում ստվերի դեմ պայքարն է տարվա առաջնահերթությունների թվում լինելու:

-Հարկային իրավախախտումների դեմ համակարգված պայքար իրականացնելու նպատակով դեռ անցյալ տարի Նախագահի հանձնարարականով մշակվել է ՙՀարկերի վճարումից խուսափելու եւ հարկային իրավախախտումների դեմ պայքարի՚ հայեցակարգ, որի շրջանակներում իրականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ճշտության, ապօրինի գործունեության ծավալման, ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության,  պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի, պակասորդի հայտնաբերման, չձեւակերպված վարձու աշխատողների բացահայտմանն ուղղված հսկողական միջոցառումներ: Այս տարի շարունակվելու են այդ միջոցառումները: Առանձնակի ուշադրություն է դարձվելու չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման աշխատանքներին: Այս մասով մենք նաև տարեսկզբին օրենսդրական հստակեցումներ կատարեցինք` կապված նոր աշխատողի  համար գրանցման հայտի ներկայացման ժամկետների հետ:

-Ներկա վիճակը գնահատելով` ի՞նչ կանխատեսումեր ունեք 2017-ի համար: Ֆինանսատնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի այն:

-Համոզված եմ, որ 2017 թվականը տնտեսական առումով լինելու է կայունության տարի, կունենանք տնտեսական աճի բավարար ցուցանիշներ, եւ կապահովենք պետական բյուջեի պլանային առաջադրանքները:

Հարցազրույցը  վարեց

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԸ