[ARM]     [RUS]     [ENG]

ՉՆԱՅԱԾ ՊԱՐԱՊՈՒՐԴԻՆ` ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ

Ստեփանակերտի ՙԿոնյակի գործարան՚ ՓԲԸ-ն (նախկին՝ ՙՂարաբաղ Գոլդ՚) իր մեջ ներառում է Կարմիր Շուկայի, Մարտունու և Ստեփանակերտի գինու գործարանները։ Օրերս եղանք Կարմիր Շուկայի գինու գործարանում, որը, ցավոք, վերջին ժամանակներս հաճախ է հարկադիր պարապուրդի մատնվում։  

 Կարմիր Շուկայի գինու գործարանը գոյություն ունի դեռևս խորհրդային տարիներից. տեղամասի պետ Շուրա  Ջիվանյանի հավաստմամբ՝ 1926 թվականից։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի առաջին արտադրական օբյեկտներից էր, ստեղծվել է ավելի վաղ, քան Ստեփանակերտի գինու գործարանը։ Ավելի քան երեք տասնամյակ է՝ Շ. Ջիվանյանն աշխատում է այդ ձեռնարկությունում։ Ղարաբաղյան շարժման տարիներին գործարանն աշխատում էր ոչ լրիվ հզորությամբ և հաճախակի ընդհատումներով, իսկ հետագայում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ ավերվեց և Արցախի մյուս արտադրական ձեռնարկությունների պես երկար ժամանակ դադարեց գործել։ Հետպատերազմյան տարիներին՝ շնորհիվ ՙՂարաբաղ Գոլդ՚ ընկերության հիմնադիրներ Բարսեղ Բեգլարյանի և Արայիկ Հարությունյանի, գործարանը վերականգնվեց և 2002 թվականից սկսեց գործել մեծ հզորությամբ։  Բացի գինեգործությունից և այդ նպատակով խաղող մթերելուց, այստեղ բացվեցին նոր արտադրամասեր՝ ցորենի մշակման և սպիրտի թորման արտադրամասերը։  ՙԸնկերության հիմնադիրները մեծ գործ են կատարել՝ վերականգնելով այս գործարանը։ Եթե անկեղծ լինենք՝ Արցախյան պատերազմից հետո էլ հույս չունեինք, որ գինու գործարանը կարող է կրկին աշխատել՚,- ասաց Շ. Ջիվանյանը։  

Ներկայում գործարանը ժամանակավորապես գտնվում է պարապուրդում, որի պատճառը, ինչպես ասաց տեղամասի պետը, հումքի պակասությունն է։ Նրա խոսքով՝ 2016 թվականը գյուղատնտեսության համար, հատկապես խաղողի բերքատվության առումով, հաջող տարի չի եղել։ Այն հզորությունը, որն ունի գործարանը, ներկայում չի օգտագործվում հենց հումքի բացակայության պատճառով։ Տարվա կտրվածքով հնարավորություն կա շուրջ 3000 տոննա և ավելի խաղող վերամշակելու, իսկ ցորենի վերմաշակման համար սահման գոյություն չունի։ 

ՙԱյս տարի նորից սկսել ենք արտադրել սպիրտ-ռեփսիկատ՝ ցորենից։ Վեց տարի է՝ այս աշխատանքը դադարեցված է եղել, ներկայում վերսկսել ենք ցորենի մշակումը,-հավելեց Շ. Ջիվանյանը։ -2016թ. մոտ 100 տոննա ցորեն է մշակվել և դեռ կշարունակենք գործընթացը՝ հումք ունենալու դեպքում։ Դրանով նաև օգնում ենք մեր հողօգտագործողներին՝ իրացնելու իրենց բերքը։  Գործարանում  կոնյակի սպիրտ ենք թորում, տեղում՝ ավանդական տակառային եղանակով՝ կաղնու փայտից պատրաստված տակառներում  կատարվում է նաև վերջինիս հնեցումը։ Նույն այդ հումքն իրացվում է Ստեփանակերտի կոնյակի գործարանում՚։

Սարքավորումները, որոնց միջոցով թորում են կոնյակի սպիրտը, ֆրանսիական են, ինչը նշանակում է, որ արտադրանքի որակն ապահովվում է։ Շ. Ջիվանյանի կարծիքով, եթե փոխվեն, արդիականացվեն նաև գինու մշակման սարքավորումները, գինեգործությունը նոր թափ ու որակ կստանա։ Կոնյակի սպիրտն իրացնելու խնդիր չկա, բայց ահա գինու իրացման հարցում դժվարություններ են ծագում։ Արցախում գինու պահանջարկը մեծ չէ,  որովհետև  այստեղ շատերն են զբաղվում գինեգործությամբ և իրենց սեփական գինին շուկա հանում։ 

Չնայած Կարմիր Շուկայի գինու գործարանն աշխատում է ոչ լրիվ հզորությամբ և պահի դրությամբ էլ գտնվում է պարապուրդում, այդուհանդերձ, պահպանվել են աշխատատեղերը. գործարանի տնօրինությունը կրճատումներ չի անում՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալական վիճակը և այդ իսկ նպատակով վերջիններիս ապրուստի միջոցից չզրկելը։ Այստեղ աշխատում են ոչ միայն Կարմիր Շուկայի, այլև հարևան Թաղավարդ, Քերթ գյուղերի բնակիչներ։ Աշխատանքը հիմնականում հերթափոխային է։ 

ՙՄենք Արցախում այգեգործությունը զարգացնելու խնդիր ունենք, հատկապես՝ խաղողագործությունը։ Դա նաև որոշ չափով կնպաստի մեզ մոտ զբաղվածության խնդրի լուծմանը։ Իհարկե, խաղող աճեցնելը, մշակելը դժվար գործ է, բայց նպատակասլացության և չարչարանքի դեպքում արդյունքը տեսանելի կլինի՚,-համոզված ասում է Շ. Ջիվանյանը։

Գործարանի շենքային պայմանները բարելավման կարիք ունեն։ Ինչպես ասաց տեղամասային պետը՝ հիմնադիրները խոստացել են այս տարի (հավանաբար` ամռանը) վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ 

Ինչ վերաբերում է աշխատավարձերին՝  կախված է բանվորի կատարած աշխատանքից։ Համենայն դեպս, ինչպես Շ. Ջիվանյանն է փաստում, հանրապետությունում նվազագույն աշխատավարձից բարձր է։ 

ՙԵս լավատես եմ գործարանի ապագայի հանդեպ, պարզապես ընկերության հիմնադիրները պետք է լուծեն գինու իրացման, մասնավորապես` արտահանման խնդիրը, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի թվի ավելացմանը։ Ամեն ինչ բնական հունով ընթանալու դեպքում գործարանը կարող է տարեցտարի ավելացնել մթերման ծավալները։ Այս ձորակի բնակչությունը՝ մինչև Ճարտար քաղաքը ներառյալ, այստեղ է հանձնում իր բերքը։ Խորհրդային տարիներին 18 գյուղ բերքն իրացնում էր Կարմիր Շուկայի գինու գործարանում՚,- զրույցը եզրափակեց Շուրա Ջիվանյանը։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ