ՀԱՍՏԱՏՎԵՑ 2016թ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Հադրութի շրջանային խորհրդում
Փետրվարի 28-ին կայացավ Հադրութի շրջանային խորհրդի նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգվեց Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Վարդան Գասպարյանը ներկայացրեց ՙՀաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին՚ շրջվարչակազմի ղեկավարի որոշումը, ըստ որի՝ տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով ստեղծվել է շրջանային հանձնաժողով և հաստատվել է նրա անհատական կազմը: Միաժամանակ հաստատվել են տոնակատարության կազմակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը: Շրջանի համայնքների ղեկավարներին առաջարկվել է ստեղծել համապատասխան համայնքային հանձնաժողովներ և հաստատել համայնքներում կատարվող տոնական միջոցառումների ծրագիրը: Համապատասխան բաժիններին հանձնարարվել է Ն զորամասի հրամանատարության ու շահագրգիռ մյուս կազմակերպությունների հետ համատեղ մշակել և իրականացնել Երկրորդ աշխարհամարտում և Արցախյան ազգային-ազատագրական պատերազմում հաղթանակի ապահովման գործում հայորդիների ավանդին նվիրված համապատասխան ծրագրեր և հրապարակումներ:
Օրակարգային հարցերի շարքում աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը ներկայացրեց ՙՇրջանում բազմամյա կերակուլտուրաների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին՚ հարցը: Ըստ բանախոսի՝ շրջանում առկա են բազմամյա խոտաբույսերի 682 հա տարածքներ, որից 375 հա¬ն՝ սեփականաշնորհված, 306 հա¬ն՝ համայնքային վարձակալված և պետական պահուստային հողերում: Ստեփան Հակոբյանը նշեց, որ ենթաշրջանային համայնքների գյուղատնտեսության զարգացման ծրագրերը խթան հանդիսացան շրջանում ավելացնելու բազմամյա կերակուլտուրաների ցանքսերը: Միայն 2016 թվականին շրջանի 8 համայնքներին անհատույց հատկացվել է 6150 կգ կորնգանի սերմացու, որից ցանքս է կատարվել 28 հա¬ի վրա: Բաժնի վարիչը խոսեց նաև այն դժվարությունների և բացթողումների մասին, որոնք տեղ են գտել բազմամյա կերակուլտուրաների ցանքսերի ընդլայնման աշխատանքներում: Հարցի առթիվ իր նկատառումներն արտահայտեց շրջվարչակազմի ղեկավարը:
Արցախի ֆինանսների նախարարության աշխատակազմի Հադրութի տեղական գանձապետական բաժնի պետ Իրա Վարդանյանը ներկայացրեց ՙՇրջանի 2016թ. տարեկան պետական և համայնքային բյուջեների կատարման արդյունքների մասին՚ հարցը: 2016թ. պետական բյուջեի ծախսային մասը կատարվել է 99 տոկոսով, համայնքային բյուջեի եկամտային մասը` 95,7 տոկոսով: Ըստ հարկատեսակների վեր են լուծվել եկամուտների կատարողականները: Համայնքային բյուջեի ծախսերը կատարվել են 90,1 տոկոսով:
ՙՇրջանի համայնքներում 2017թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության սեռատարիքային կազմի ճշտման մասին՚ և ՙՇրջանում 2017թ. հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակի հաշվառման արդյունքների մասին՚ հարցերը ներկայացրեց ԱՎԾ աշխատակազմի Հադրութի վիճակագրության բաժնի պետ Արթուր Սարգսյանը: Շրջվարչակազմի ղեկավարի որոշմամբ հաստատվել են բնակչության սեռատարիքային կազմի մասին և անասնագլխաքանակի հաշվառման հաշվետվությունները:
Խորհրդի քննարկմանը ներկայացվեց նաև ՙԲանաձորի և Առաջամուղի համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակած ու համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության և պետական վերահսկողության արդյունքների մասին՚ հարցը:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ