ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԾՐԱԳՐԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ
Գարունն աստիճանաբար իր իրավունքների մեջ է մտնում: Օրակարգում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումն է: Գյուղնախարարությունում աշնանացանի ծավալներն են ամբողջացնում, ընդհանուր վիճակը գնահատում եւ պատրաստվում գարնանացանին՝ նաեւ նոր ծրագրերով:
Այս տարվա աշնանացանն իրականացվել է առանց պետական աջակցության, սակայն ծավալներով նախորդ տարվա ցուցանիշներին չի զիջում: ՙՃշտված տվյալներով՝ այս պահին ունենք մոտ 54 հազար հեկտար աշնանացան հացահատկային մշակաբույսերի ցանքս՚,- թվերն է ամբողջացնում ԼՂՀ ԳՆ բուսաբուծության եւ բույսեր պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
Ցանքսերի վիճակին դեռ մանրամասն կծանոթանան: Այս պահին ընդհանուր դրությունն են նկարագրում, թե ցանքսերն ինչ վիճակում են ձմեռումից դուրս գալիս: Եղանակները աշնանացանի համար բարենպաստ են եղել, վնասատուների ակտիվության մակարդակն էլ վտանգավորության շեմից հեռու է, վստահեցնում է Վիլեն Ավետիսյանը. ՙԻրավիճակն այս պահին նորմալ է: Վնասատուների շարժ գրեթե չի դիտարկվում: Ահազանգի դեպքում էլ անմիջապես իրականացվում են պայքարի աշխատանքները՚:
Ցանքաշրջանառության խթանման ծրագիրը, որը նախորդ տարի է մեկնարկել, այս տարի էլ կշարունակվի: Խմբագրումները աջակցության ցանկում նոր մշակաբույսեր ներառելուն են ուղղված: ՙԱյս տարվա ծրագրում նաեւ նոր մշակաբույսեր ենք ներառել՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը: Դրանք են՝ յուղատու մշակաբույսերից կտավատը, ընդեղենը, որը նախորդ տարի չկար ծրագրում՝ լոբի, ոլոռ, սիսեռ: Կերային մշակաբույսերից ծրագրում ներառված են առվույտն ու եգիպտացորենը՚,- նորություներն է առանձնացնում բաժնի պետը:
Այս համալրումով ծրագրում ընդգրկվել է հնդկացորենի, եգիպտացորենի, արեւածաղկի, սոյայի, հլածուկի, կտավատի, սիսեռի, ոլոռի, լոբու եւ առվույտի մշակությունը: Տարբեր մշակաբույսերի դեպքում պետական աջակցության ծրագիրը տարբեր կլինի։ ՙՅուղատու մշակաբույսերի դեպքում անհատույց տրամադրվելու է ոչ միայն սերմացուն, այլեւ կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութը՝ համապատասխան քանակներով, իսկ մյուս մշակաբույսերի դեպքում անհատույց տրամադրվելու է միայն սերմացուն՚,- հիշեցնում է Վիլեն Ավետիսյանը։
Բանջարեղենի եւ ծխախոտի մշակության խթանմանն ուղղված ծրագրերը 2016-ին արդյունավետ են գործել: Դրանք 2017-ին եւս կշարունակվեն. ՙԱյս հարցում նորություններ չկան: Բանջարեղենի մեկ հեկտարի դիմաց աջակցությունը կկազմի 200 հազար դրամ: Իսկ ծխախոտ մշակողները մթերված յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց կստանան 10 դրամ լրավճար՚:
Մի շարք մշակաբույսերի դեպքում էլ սերմացուն կներկրվի եւ սուբսիդավորված գնով կառաջարկվի արցախցի հողօգտագործողին, ինչպես, օրինակ, կարտոֆիլի դեպքում: Գարնանացանին ընդառաջ անհրաժեշտ պարարտանյութի եւ սերմի ներկրումն արդեն սկսվել է: ՙՊարարտանյութն արդեն ներկրվել է: Իսկ սերմացուի ներկրման գործընթացը մեկնարկել է: Կավարտենք առանց ուշացումների՚,- վստահեցնում է բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի պետը:
Նախնական հայտերն արդեն ստացվել են: Սպասում են անվանական հայտերին:
Նորայր Հովսեփյան