ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԻՉ ՉԵՆ
Հաշվետվություններ շրջանի համայնքներում
Մարտի 2-ին տեղի ունեցավ Ջրակուսի համայնքի ընդհանուր ժողովը, որտեղ 2016-ին կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ համայնքի ղեկավար Վալերի Բաբայանը:
Համայնքի ղեկավարը նշեց, որ աշխատանքներն իրականացվել են ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքին և օրենսդրական մի շարք ակտերին համապատասխան: Ներկայացնելով համայնքի ժողովրդագրական վիճակը, զեկուցողը ասաց, որ համայնքում առկա է 57 տնտեսություն` 221 բնակչով: Կարևորելով համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի ապահովումը, Վ. Բաբայանը նշեց, որ եկամուտների մուտքերի պլանը կատարվել է 90,8 տոկոսով, սեփական եկամուտների պլանը` 100 տոկոսով: Նախատեսված 3624,7 հազար դրամ դոտացիայից համայնքին հատկացվել է 3140 հազար դրամ, կամ պլանի 86,6 տոկոսը: Ծախսերի մասը կատարվել է 90,8 տոկոսով, կամ նախատեսված 5239,8 հազար դրամի դիմաց ծախսվել է 4755,8 հազար դրամ: Ըստ ճյուղերի համայնքի ղեկավարը վերլուծեց եկամուտների հավաքագրման և ծախսերի հոդվածների կատարողականը:
Համայնքի զարգացման գործում մեծ տեղ ունի գյուղատնտեսությունը: Ընդհանուր հողերի չափը կազմում է 1153 հա, որից գյուղատնտեսական նշանակության հողեր` 927,18 հա: Նշված տարածքից 360 հա-ն վարելահողեր են: Համայնքի բնակչության կողմից սեփականաշնորհվել է 108,3 հա-ն: Բնական կերահանդակների չափը կազմում է 438,96 հա, որից` 17,3 հա-ն խոտհարք է: ՈՒխտաձորի ենթաշրջանի համայնքների գյուղատնտեսության զարգացման ծրագիրը խթան հանդիսացավ համայնքում զարգացնելու թե՜ անասնապահական մթերքների և թե՜ բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությունը:
2016թ. ցանքսի տակ կատարվել է 130 հա ցանքս, ստացվել է մոտ 286 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ: Գյուղի հողօգտագործողների կողմից ցանվել է 10 հա եգիպտացորեն, որից ստաված բերքը բավարար չէր: Չնայած այս հանգամանքին և հաշվի առնելով Արցախի կառավարության կողմից ընդունված որոշումը գարնանացանի սերմերը անհատույց տրամադրելու մասին, 2017թ. գարնանացանի տակ կցանվի 10 հա եգիպտացորեն, 85հա հնդկացորեն, որի համար դաշտերն ամբողջովին պատրաստ են: 2017թ. բերքի տակ կատարվել է 140 հա ցանքս: Աշխատանքներ են տարվում աշնանացան հացահատիկայինների խնամքի ուղղությամբ:
Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ:
Զեկուցողը նաև անդրադարձավ համայնքի սոցիալական հարցերին: Նշվեց ակումբի վթարային վիճակը: Դպրոցի ներկայիս դասասենյակները նորմալ պարապմունքների անցկացում չեն ապահովում: Այն ունի 46 աշակերտ, որոնց ուսուցմամբ զբաղված է 20 ուսուցիչ: Ցանկալի է, որ դպրոցին կից կառուցվեն դասասենյակներ: Բուժկետն ապահովում է բնակչության շտապօգնության պահանջները: Գյուղի ջրամատակարարման հարցը ևս լուծված է: Չլուծված հարցերի շարքում են գյուղամիջյան փողոցների բարեկարգումը, երիտասարդ ընտանիքներին բնակարանով, որակյալ հեռախոսակապով ապահովումը: Իրենց ելույթներում գյուղաբնակները համայնքի ղեկավարի կատարված աշխատանքը գնահատեցին բավարար:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ