Logo
Print this page

ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԻՉ ՉԵՆ

Հաշվետվություններ շրջանի համայնքներում

Մարտի 2-ին  տեղի  ունեցավ  Ջրակուսի  համայնքի  ընդհանուր  ժողովը, որտեղ 2016-ին  կատարված  աշխատանքների  մասին  հաշվետվությամբ  հանդես  եկավ  համայնքի  ղեկավար  Վալերի  Բաբայանը:   

 

Համայնքի   ղեկավարը  նշեց, որ աշխատանքներն  իրականացվել  են  ՙՏեղական  ինքնակառավարման  մասին՚ ԼՂՀ  օրենքին  և  օրենսդրական  մի շարք  ակտերին  համապատասխան: Ներկայացնելով  համայնքի  ժողովրդագրական  վիճակը, զեկուցողը  ասաց, որ  համայնքում  առկա է  57  տնտեսություն` 221 բնակչով: Կարևորելով  համայնքային  բյուջեի  եկամուտների  և  ծախսերի  ապահովումը, Վ. Բաբայանը նշեց, որ եկամուտների  մուտքերի  պլանը  կատարվել է  90,8 տոկոսով, սեփական  եկամուտների  պլանը` 100 տոկոսով: Նախատեսված  3624,7 հազար  դրամ  դոտացիայից  համայնքին  հատկացվել է  3140 հազար  դրամ, կամ  պլանի 86,6 տոկոսը: Ծախսերի մասը  կատարվել է 90,8 տոկոսով, կամ նախատեսված 5239,8 հազար դրամի դիմաց ծախսվել է 4755,8 հազար դրամ: Ըստ  ճյուղերի  համայնքի  ղեկավարը  վերլուծեց  եկամուտների  հավաքագրման  և  ծախսերի հոդվածների  կատարողականը:

Համայնքի  զարգացման  գործում  մեծ  տեղ ունի  գյուղատնտեսությունը: Ընդհանուր  հողերի  չափը  կազմում է 1153 հա, որից գյուղատնտեսական  նշանակության  հողեր` 927,18 հա: Նշված  տարածքից  360 հա-ն  վարելահողեր  են: Համայնքի  բնակչության  կողմից  սեփականաշնորհվել է  108,3 հա-ն: Բնական  կերահանդակների  չափը  կազմում է  438,96 հա, որից` 17,3 հա-ն խոտհարք է: ՈՒխտաձորի ենթաշրջանի համայնքների գյուղատնտեսության զարգացման ծրագիրը խթան հանդիսացավ համայնքում զարգացնելու թե՜ անասնապահական մթերքների և թե՜ բանջարաբոստանային  մշակաբույսերի արտադրությունը:

2016թ. ցանքսի  տակ  կատարվել է  130 հա  ցանքս, ստացվել է  մոտ  286 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ: Գյուղի  հողօգտագործողների  կողմից  ցանվել է 10 հա եգիպտացորեն, որից ստաված բերքը բավարար չէր: Չնայած այս հանգամանքին և հաշվի առնելով Արցախի կառավարության կողմից ընդունված որոշումը  գարնանացանի սերմերը անհատույց տրամադրելու մասին, 2017թ.  գարնանացանի  տակ  կցանվի  10  հա եգիպտացորեն, 85հա հնդկացորեն, որի  համար  դաշտերն  ամբողջովին պատրաստ  են: 2017թ.  բերքի տակ  կատարվել է 140 հա  ցանքս:  Աշխատանքներ են տարվում  աշնանացան  հացահատիկայինների  խնամքի  ուղղությամբ:

Բնակչությունը  զբաղվում է  նաև  անասնապահությամբ: 

Զեկուցողը նաև անդրադարձավ  համայնքի  սոցիալական  հարցերին: Նշվեց  ակումբի վթարային  վիճակը: Դպրոցի  ներկայիս  դասասենյակները նորմալ  պարապմունքների  անցկացում չեն  ապահովում: Այն ունի 46  աշակերտ, որոնց ուսուցմամբ զբաղված է 20 ուսուցիչ: Ցանկալի է, որ  դպրոցին  կից  կառուցվեն  դասասենյակներ: Բուժկետն  ապահովում  է  բնակչության  շտապօգնության  պահանջները: Գյուղի  ջրամատակարարման  հարցը  ևս  լուծված է: Չլուծված  հարցերի շարքում են գյուղամիջյան  փողոցների  բարեկարգումը, երիտասարդ  ընտանիքներին  բնակարանով, որակյալ հեռախոսակապով ապահովումը: Իրենց  ելույթներում գյուղաբնակները համայնքի  ղեկավարի  կատարված  աշխատանքը  գնահատեցին  բավարար:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.