[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Պետությունը գյուղատնտեսության ոլորտում տարեցտարի ավելացնում է ֆինանսական ներարկումները նոր ծրագրերի ներդրման և հին ծրագրերի կատարելագործման տեսքով։ 

 Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ դրանցից մեկն էլ գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագիրն է, որը  հանրապետությունում գործում է 2013թ.-ից։ Համաձայն նշված  ծրագրի, նախատեսվում է հանրապետությունում յուղատու մշակաբույսերի ցանքատարածքներն ընդլայնել, ավելացնել ծխախոտի արտադրությունը. վերամշակող ընկերությունները հնարավորություն ունեն հողօգտագործողներից մթերել շուրջ 3900 տոննա ծխախոտի հումք։

 Ֆինանսական միջոցներ կտրամադրվեն նաև բանջարեղենի մշակության համար։ 

Փաստորեն յուղատու մշակաբույսերը, ընդեղենը, հնդկացորենը և բանջարեղենը հումք են հանդիսանում վերամշակվող ընկերությունների համար: Կառուցվում են վերամշակող նոր գործարաններ։ Յուղատու մշակաբույսերի վերամշակումից ստացված ձեթը, ընդեղեն մշակաբույսերից՝ հատիկը, հնդկացորենից` հնդկաձավարը և բանջարեղենից՝ պահածոները հանդիսանում են առաջին անհրաժեշտության պարենամթերք և ունեն մեծ պահանջարկ թե՜ մեր երկրում, թե՜ արտերկրում։  Իսկ առվույտից և եգիպտացորենից ստացվող անասնակերը կնպաստի անասնապահության զարգացմանը։ 

Ռ. Վանյանը նշեց, որ ծրագրի իրագործման շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են ներդրումներ մի շարք մշակաբույսերի համար պարարտանյութ, սերմ ձեռք բերելու ուղղությամբ։ 

Բաժնի վարիչը հավելեց, որ պետական աջակցությունը տրամադրվում է շրջանների վարչական սահմաններում սեփական, վարձակալության և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված վարելահողերում յուղատու և ընդեղեն մշակաբույսեր, եգիպտացորեն, հնդկացորեն և առվույտ մշակելու համար՝ 1 հեկտարի համար սահմանված համապատասխան քանակությամբ սերմի և հանքային պարարտանյութերի տեսքով, անհատույց։ Ծրագրում ընդգրկված բույսերի մշակության համար անհրաժեշտ սերմերը ձեռք են բերվում Գյուղնախարարության կողմից և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով տրամադրվում հողօգտագործողին։ Այն տրամադրվում է նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա։ Հանքային պարարտանյութերը ձեռք են բերվում Հիմնադրամի միջոցով։ Տրամադրվող աջակցության ժամանակ առաջնահերթությունը տրվում է Գյուղնախարարության կողմից վերապատրաստման դասընթացներին մասնակցած հողօգտագործողներին, ովքեր ստացել են որակավորման առաջին կարգի հավաստագրեր։ 

Հնդկացորենի մշակության համար աջակցություն կտրամադրվի մինչև 10 հեկտար մշակության դեպքում՝ առանց  սահմանափակումների, 10 հեկտարից ավել մշակելու դեպքում՝  հողօգտագործողին սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող վարելահողերի 30 տոկոսի չափով։ Շրջանների վարչական սահմաններում սեփականության, վարձակալության և անհատույց  օգտագործման իրավունքով հատկացված վարելահողերում բանջարեղեն մշակելու համար կտրամադրվի 1 հեկտարի դիմաց  200 հազ. դրամ գումար (մեկ հողակտորի մակերեսը պետք է լինի ոչ պակաս, քան 0,5 հեկտար)։ 

Հողերի բարելավման և անասնակեր ապահովելու նպատակով բազմամյա խոտաբույսերի մշակության ծրագիրը ներդրված է 2013թ.-ից։ 

Ռ. Վանյանը կարևորեց գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագիրը. պտղատու այգիների հիմնման համար շրջանի բնակչությանը պետական աջակցություն է ցուցաբերվում։ 16 համայնքի անվճար տրամադրվել է 6785 տնկի՝ ընդհանուր 4մլն 793հազ. 258 դրամ արժողությամբ, խնձորենի, տանձենի, ընկուզենի, արևելյան խուրմայի, կեռասենի, դեղձենի, սև սալորենի, ծիրանի, զկռենի` ըստ ներկայացված հայտերի։ 

Մեկ այլ ծրագրով շարունակվում են ներդրումներ կատարվել ոռոգովի տարածքների ընդլայնման ուղղությամբ։ Այս շրջանակներում ծրագրված է վերանորոգել երկու աղբյուրներ։ 

 Գյուղբաժնի վարիչը նշեց, որ գարնանացան հետևյալ մշակաբույսերի սերմերի պահանջարկի հայտ է ներկայացվել գյուղնախարարություն. եգիպտացորեն՝ 636հա-ի համար՝ 12,7տ, հնդկացորեն՝ 1721,7հա-ի համար՝ 120տ, արևածաղկի համար՝ 548հա՝ 2տ, առվույտի համար՝ 11հա՝ 200կգ, կորնգանի համար՝ 26հա՝ 260կգ, հաճարի համար՝ 12հա՝ 2տ, սիսեռի համար՝ 147,5հա՝ 15տ, կտավատի համար՝ 370հա՝ 18,5տ, սոյայի համար՝ 11,7հա՝ 702կգ։ 

Այս և այլ աջակցությունները, որոնք ցուցաբերվում են հողօգտագործողներին, տրամադրվում են հետագա ընթացքը խիստ հսկողության տակ պահելով, ինչպես նաև պահպանելով պահանջվող պայմանագրային պայմանները։ Նախկին տարիների փորձը ստիպում է ավելի հետևողական լինել կատարվածի  նկատմամբ, որպեսզի այն անպայման ծառայեցվի նպատակին։ 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի