ԲԵՐՁՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Գրեթե մեկ ամիս է, ինչ Բերձորից մոտ 15 կմ հյուսիս՝ անտառապատ ձորակներում ճանապարհ է բացվում՝ քաղաքը խմելու ջրով ապահովելու համար նոր խողովակաշարի անցկացման նպատակով:
Մինչ օրս շրջկենտրոնում բնակչությանը խմելու ջուր մատակարարվում է օրումեջ, այն էլ՝ մի քանի ժամով: Վերջերս ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի և շահագրգիռ այլ կառույցների մասնագետները կատարել են հետազոտություն, և որոշվել է գնալ այս քայլին: Մարտի 10-ին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, գյուղվարչության հողաշինարար Հրայր Սարգսյանը և ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ տնօրեն Սամվել Ալեքսանյանը տեղում ծանոթացան կատարված աշխատանքներին: Բերձորի հյուսիսային այս մասում կան խմելու ջրի աղբյուրներ: Նոր բացված ճանապարհը բարձրանում է դեպի ակունքներ, որտեղ պետք է կառուցվի ջրավազան՝ մաքրող կայանով: Այստեղից էլ պոլիէթիլենային խողովակներով ջուրը պետք է հասցվի քաղաք։ Խողովակաշարը պետք է անցնի այնպիսի տեղով, որ հնարավոր լինի նաև այլ աղբյուրների ջուրը ևս միացնել ընդհանուր ցանցին: Կատարվել են վերջնական չափումներ, տվյալները կներկայացվեն ԱՀ կառավարություն, և շուտով կսկսվի ջրագծի կառուցումը;
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձորը