[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Նախորդ  տարիների համեմատ գարունը Քաշաթաղի շրջան բավականին ուշ եկավ: Այժմ, հատկապես հարավային թևում, սկսվել են գարնանացանի նախապատրաստական աշխատանքները:

Շրջանի Իշխանաձոր  համայնքը դարձել է տարածքի կենտրոնը, որտեղ գործում են 2 մեքենատրակտորային կայաններ, ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի ոռոգման ցանցի և ճանապարհաշինական բաժինը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն անմիջապես  տեղում է կազմակերպում գյուղատնտեսական, ճանապարհաշինական, ինչպես նաև  գյուղի նոր կառուցվող բնակելի թաղամասի շինարարական և այլ աշխատանքների գործընթացը: 

Կարևոր են հատկապես բնակարանաշինությունը և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը տարածքի զարգացման  գործում: Այստեղ բնակվող ու բարիք ստեղծողները  հարկ եղած դեպքում առաջինն են օգնության հասնում դիրքերը պահող զինվորին:

 Երիցվանք համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանի տեղեկատվությամբ՝ գյուղում  15 ընտանիք  զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ (մոտ 5000ք/մ), որոնցում այս օրերին հիմնականում իրականացվում է բանջարաբոստանային մշակաբույսերի՝ լոլիկի, պղպեղի, սմբուկի և այլ բույսերի ցանքս՝ սածիլներ ստանալու նպատակով:  Այս  համայնքում յուրաքանչյուր տարի մշակվում են մոտ 25հա բանջարեղեն, 20հա ձմերուկ, 800հա հացահատիկ՝ գարի և ցորեն: Արտավազդ Ալեքսանյանն իր տնամերձում կառուցած ջերմոցում կարտոֆիլի ցանքս է կատարել, և սերմն արդել ծիլ է տվել:   Հայկ Մուրադյանն ընտանիքով Երիցվանք է տեղափոխվել 1998-ին: Նույնպես նշված բույսերի սածիլներ պետք է ստանա։ Մեր այցի պահին ջրում էր հողին նոր հանձնած սերմը:                            

 -Մոտ 15 օր ուշացումով ենք այս տարի սկսել աշխատանքները,- ասաց Հայկը։ Հրաչ Վարդանյանը 3հա լոլիկի և պղպեղի ցանքսի համար է սածիլ ստանալու: Տարիների փորձով է աշխատում:  Համայնքում արտադրված բանջարեղենը հիմնականում իրացվում է  ՙԱրցախֆրուտ՚ գործարանի կողմից: Փակահան համայնքի ղեկավար Արայիկ Եղիազարյանը հոր ու եղբոր հետ ավելի շատ տարածք է  նախապատրաստել բանջարաբոստանային մշակաբույսեր արտադրելու համար: Ջերմոցում սածիլներն արդեն ծիլ էին տվել:  Սածիլներ արտադրելուց բացի ջերմոցներում վաղահաս բանջարեղեն են ցանում: Գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի տվյալներով՝ տարածքում մոտ 55 ջերմոցային տնտեսություն կա, սակայն որոշներում դեռ աշխատանքներ չեն իրականացնում՝ կապված եղանակի և այլ խոչընդոտների հետ: Գյուղվարչության պետի հետ բարձրացանք նաև Թովմասարի սարահարթ, որտեղ գրեթե 8000հա հացահատիկի (ցորեն և գարի) աշնանացան է կատարվել: Սարահարթում  տիրողը կանաչ գույնն է. աշնանը հողին հանձնված սերմը ծիլ է տվել: Որոշ հատվածներում հողը միայն հերկված է: 

 Անցած ձմռանն այստեղ ևս աննախադեպ ցրտահարություն եղավ, որի պատճառով աշնանացանի որոշ հատվածներում հատկապես գարու ծիլերը  (մոտ՝ 20-25 տոկոսը)  ցրտահարվել են: Գրեթե 100հա տարածք էլ վարակված է գնայուկ բզեզով: Այս միջատները ձմեռում են հողի տակ, դիմանում են ցրտին, իսկ գարնանը, հիմնականում գիշերները, դուրս են գալիս բներից և վնասում բույսերի ցողունները: Արդեն անզեն աչքով երևում է արտերի վնասված մասը: Լ. Սիմոնյանը կարևորեց պայքարն այդ վնասատուների դեմ՝ նշելով, որ յուրաքանչյուր հեկտարի համար անհրաժեշտ է մոտ 15հազ. դրամ, այլապես վարակված տարածքները կմեծանան։ Անցած աշնանը և այս գարնանը աշխատանքներ են տարվել մկնանման կրծողների դեմ, ինչը լավ արդյունք է տվել:  Ավելի  շատ բանջարաբոստանային մշակաբույսեր արտադրելու նպատակով հանրապետության կառավարությունը կես և ավելի հեկտար նման բույսեր մշակողներին անհատույց հատկացնում է ֆինանսական աջակցություն՝ 1հա-ի համար 200 հազ. դրամ: Որոշ բույսերի արտադրության համար անհատույց հատկացվում է սերմացու, իսկ յուղատու բույսեր (արևածաղիկ, հլածուկ, սոյա, կտավատ) մշակողներին, բացի սերմացուից, կտրվի ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ: 

Այս օրերին արվում է հնարավորը՝ բարձր բերքատվություն ապահովելու համար։ Ժամանակն է նաև  հակահրդեհային  միջոցառումներ իրականացնել։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր