Logo
Print this page

ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍՈՎ

Մարտի 14-ին գյուղնախարար Արամ Մխոյանը հանդիպում ունեցավ հանրապետության անասնապահների ու անասնաբույժների հետ՝ քննարկելու ոլորտում առկա  խնդիրներն ու զարգացման հեռանկարները։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում գործունեություն ծավալած անասնաբույժ Տիգրան Հակոբյանը, ով հրավիրվել է Արցախ՝ իր փորձն ու գիտելիքները ներդնելու, օժանդակություն ցուցաբերելու տեղի մասնագետներին։ 

Ա. Մխոյանը նշեց, որ այս ոլորտում խնդիրները շատ են, պակասում են մասնագիտական հմտությունները թե՜ անասնապահների, թե՜ անասնաբույժների  մոտ, ինչը ոլորտում մի շարք խնդիրներ է առաջացնում։ Մշակվող նոր հայեցակարգի շրջանակներում գյուղնախարարությունն ուշադրություն է դարձնելու նաև դրանց լուծմանը, և  այս  հանդիպումը ոլորտում զբաղվածներին կառավարության աջակցության, պահանջների մասին իրազեկելու և միասին պետական քաղաքականությունն իրականացնելու նպատակ է հետապնդում. ՙՄենք պարտավոր ենք սպառողին որակյալ մսամթերք և կաթնամթերք ապահովել, այնպես որ պետական աջակցություն ստանալու են նրանք, ովքեր պահանջված ձևով գործունեություն կծավալեն՚,- ասաց Ա. Մխոյանը։ Նշելով, որ  արդեն որոշ ժամանակ է, ինչ անասնաբուժական ծառայություններ է մատուցում Արցախում և ծանոթ է առկա խնդիրներին, Տ. Հակոբյանը հաստատեց, որ անասնապահների և անասնաբույժների  շրջանում բացատրական աշխատանք կատարելու  անհրաժեշտություն կա, որպեսզի առավելապես ուշադրություն դարձնեն կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, քանի որ հենց հիվանդությունների կանխարգելումը թույլ կտա խուսափել բազմաթիվ  խնդիրներից։ Նա նաև նշեց, որ գոհ է կազմված հակահամաճարակաբանական միջոցառումների պլանից (այլ հարց է, թե ինչպես է այն իրականացվում) և զարմացած՝ ոլորտում պետական աջակցությունից, քանի որ աշխարհի ոչ մի երկրում այդ միջոցառումների համար պետական աջակցություն չի տրվում։ Տ. Հակոբյանը նաև անասնապահներին հորդորեց չխոչընդոտել  անասնաբույժների աշխատանքին, ավելին, պետք է համագործակցել, օժանդակել, քանի որ միայն այդ ձևով կարելի է  հաղթահարել առկա խնդիրները։ 

Հանդիպման ժամանակ անասնապահներն ու անասնաբույժները ներկայացրին իրենց հուզող հարցերը, հնչեցին առաջարկներ, դիտողություններ. հաճախ անասնապահներն ու անասնաբույժները, նույնիսկ այն դեպքում, երբ կատարում են պահանջված միջոցառումները, բախվում են դժվարությունների, որոնք էլ ներկայացվեցին նախարարին։  Ա. Մխոյանը խոստացավ հնարավորության սահմաններում  լուծում տալ  դրանց։  

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.