[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ

Մասնավոր հատվածի նախաձեռնություններին  գումարվելու են նաեւ պետական ծրագրերը

 ԱՀ կառավարության օրերս կայացած  նիստում վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսել է էներգիայի այլընտրանքային աղբյուներն օգտագործելու ծրագրերի մասին: Խոսքն առաջին հերթին արեւային էներգիայի մասին է: 

ՙՄենք որեւէ ուսումնասիրություն չունենք արեւային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունների վերաբերյալ: Պետք է այդ ուղղությամբ քայլեր կատարենք, ինչի համար արդյունավետ կլինի նաեւ խորհրդակցել Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ու մասնագետների հետ: Այժմ պետք է արեւային էլեկտրակայանների կառուցման համար հարմար տարածքների հետազոտություններ կատարենք, մանավանդ որ արդեն ներդրող կա, ով պատրաստ է կառուցել առաջին արեւային կայանը՚,- նիստի ընթացքում տեղեկացրել եւ հանձնարարել է վարչապետը: Բացի դրանից, նոր մոտեցումներ են որդեգրվում քաղաքաշինության մեջ: ՙՊետք է արեւային մարտկոցներ տեղադրել բոլոր նոր կառուցվող բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար: Դրա շնորհիվ քաղաքացիները եւ միջոցներ կտնտեսեն, եւ փորձ ձեռք կբերեն: Այսինքն, մենք պետք է գիտակցենք արեւային էներգետիկայի հեռանկարայնությունը եւ այսօրվանից զարգացնենք այդ ոլորտը՚,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Մոտ ապագայում պատկան մարմինը կհստակեցնի, կմանրամասնի արեւային կայանների միջոցով ստացված էլեմտրաէներգիան ՙԱրցախէներգո՚-ին վաճառելու մեխանիզմը. նման փորձ ՀՀ-ում, ի դեպ, արդեն կա:

Իսկ Արցախում արդեն արեւային էներգիան օգտագրծելու որոշակի փորձ կա: Որոշ կրթօջախներ, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսություններ մի քանի տարի առաջ են գործընթացը սկսել ոչ թե վաճառելու, այլ սեփական կարիքների համար: ՙՊարկ հոթել Արցախ՚ հյուրանոցը Արցախում առաջիներից մեկը միացավ արեւային ջրատաքացուցիչների տեղադրման նախաձեռնությանը: Դա մեկ տարի առաջ էր: ՙՄեկ տարվա գործնական փորձը ցույց տվեց, որ նման մոտեցումն արդարացված էր: Օրվա կտրվածքով արեւային ջրատաքացուցիչները մեկ տոննա 300 լիտր տաք ջուր են մատակարարում: Այսօր հյուրանոցում օգտագործվող տաք ջրի մոտ 25 տոկոսը ապահովում են հենց արեւային ջրատաքացուցիչները,- մանրամասնում է հյուրանոցի տնօրեն Արմեն Իշխանյանը:-Դա իր մեջ ներառում է եւ լոգարաններին անհրաժեշտ տաք ջրի քանակը, եւ խոհանոցային-ռեստորանային հատվածի կարիքները՚: Ջրատաքացուցիչ համակարգի ընդլայնման հեռանկարը, սակայն, իրենց պարագայում գրավիչ չի համարում: Ունեն արեւային էներգիան օգտագործելու այլ ծրագիր: ՙՆախատեսում ենք ֆոտովոլտայիկ կայաններ տեղադրել: Հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, կսկսենք՚,- ծրագիրը դեռ ընդհանուր գծերով է ներկայացնում հյուրանոցի տնօրենը: Արդյունքում նախատեսում են հյուրանոցը էլեկտրաէներգիայի առումով դարձնել ինքնաբավ, իսկ ավելցուկը վաճառել ՙԱրցախէներգո՚-ին:

Մեկ այլ ծրագիր Շուշիում է իրականացվում: Ֆրանսիայի Ռոման քաղաքի հայ համայնքի աջակցությամբ Շուշիում մի քանի բնակարաններ արդեն ապահովված են արեւային ջրատաքացուցիչներով: Դրանց արժեքի մի մասը համայնքն է ֆինանսավորում, մյուս մասը՝ հենց շահառու ընտանիքները, որոնք վճարումը կատարում են 3 տարվա ընթացքում՝ ամսական կտրվածքով:

Շուշիում արդեն նաեւ ֆոտովոլտայիկ կայանների տեղադրման հաջողված փորձը կա: Նախաձեռնության հեղինակը Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանն է: Ամիսներ առաջ է ուսումնարանում 3 կիլովատ հզորությամբ ֆոտովոլտայիկ կայան տեղադրվել: Այն մեկ ժամում 3 կիլովատ էլեկտրաէներգիա է արտադրում: Մոտ ապագայում ուսումնարանը կունենա եւս 6 կիլովատ հզորությամբ ֆոտովոլտայիկ կայան:

Արեւի էներգիան էլեկտրականության վերածելու կամ ջեռուցման համակարգում օգտագործելու նպատակով կիրառում  են հիմնականում հայկական արտադրության սարքավորումներ: Վերջին շրջանում նոր միտում կա. Շուշիի Եզնիկ Մոզյան  ուսումնարանը խոստանում է ոչ հեռու ապագայում պատրաստել  հենց արեւային էներգիայի մասնագետներ: ՙՄեր համապատասխան մասնագետն արդեն Ֆրանսիայում է՝ վերապատրաստման համար: Շուրջ 12 հազար եվրո արդեն ուղղել ենք ուսումնարանում համապատասխան լաբորատորիայի կահավորմանը: Նույնքան էլ կհատկացնենք 2018-ին,- մանրամասնում է ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը:- Նաեւ հայաստանյան արտադրող կազմակերպությունների հետ ենք համագործակցելու: Այնպես որ, մինչեւ 2020թ. Շուշիում, հենց մեր ուսումնարանում, ունենալու ենք բավական հզոր մի ուսումնական կենտրոն՝ արեւային էներգիայի օգտագործման ոլորտում մասնագետներ պատրաստելու եւ վերապատրաստելու համար՚:

Արցախը նախորդ տարի հասել է էներգետիկ ինքնաբավության շեմին. 2016թ. արտադրվել է այնքան էլեկտրաէներգիա, որքան անհրաժեշտ է եղել ներքին պահանջարկը բավարարելու համար: 2017-ին ներքին պահանջարկը ավելանալու է մոտ 15 տոկոսով: Նախատեսվում է մոտ 30 տոկոսով էլ արտադրությունն ավելացնել: Էլեկտրաէներգիայի արտադրությունում աճը թույլ է տալու այս տարի նաեւ էլեկտրաէներգիա արտահանել: 

Արցախում էլեկտրաէներգիայի արտադրության աճը հիմնականում փոքր հէկերի կառուցման շնորհիվ է ապահովվել: 2006 թվականից ի վեր Արցախում արդեն մոտ 2 տասնյակ փոքր հիդրոէլեկտրակայաններ են կառուցվել: Այս պահին էլ փոքր հէկերի շինարարությունը շարունակվում է: Արեւային էներգիայի օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ աճի լրացուցիչ բաժին կապահովի:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ