[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ ՈՒ ԱԶՆԻՎ ԳՈՐԾ Է

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած ՙMUNDUS VINI 20th Grand International Wine Awards՚ միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանն աննախադեպ արդյունքներ է գրանցել։

Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ։

Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություններ՝ այդ թվում նաև արցախյան ՙԿատարո՚-ն, որն  արժանացել է արծաթե մեդալի։ Չնայած արձանագրած արդյունքին, այդուհանդերձ, գինեգործության ոլորտում մեր երկիրն անելիքներ դեռ շատ ունի։

Խաղողագործության, գինեգործության հարուստ ավանդույթ ունենալով հանդերձ, ոլորտն այսօր նաև բավականին լուրջ  խնդիրներ ունի։ Պատերազմը մեծ վնաս է հասցրել, այգիները, գործարանները ավերվել են, դրան գումարած՝ աշխարհում գինեգործական  տեխնոլոգիան մեծ զարգացում է ապրել, և այսօր մնալ հին ոճի մեջ, նշանակում է դատապարտվել ձախողման։ Ինչպես նշում է  ՙԿատարո՚  գինու գործարանի տնօրեն Գրիգորի Ավետիսյանը,  գինեգործությունը, որպես առանձին մի ոլորտ, Արցախում բավականին լուրջ հեռանկարներ ունի, բայց արդյո՞ք հեշտ է Ղարաբաղում գինեգործությամբ զբաղվել, դա արդեն հարց է, քանի որ ոլորտը ներկա դրությամբ պետական լուրջ աջակցության կարիք ունի։  Եվ եթե մարդ ցանկություն ունենա գինեգործությամբ զբաղվելու, ապա պետք է իմանա, որ ինքը գործը սկսելու է զրոյից, և ամբողջ ծանրությունը լինելու է իր ուսերին։  

Բացի տեխնոլոգիայից, նաև  հումքի խնդիր կա, խաղողայգիները շատ քիչ են։ Խաղողագործությունն Արցախում լուրջ վնասներ է կրել և մեծ խնդիրների լուծում է ենթադրում։ Տնկի արտադրելու հարց կա, որն ամենևին մեր պատկերացրած ձևը՝ ճյուղը կտրել ու տնկի ստանալ չէ, այն նույնպես հատուկ տեխնոլոգիա ունի։  

Այս ամենից զատ, նաև շուկա գրավելու հարց ունենք, ասենք՝ մեծ քանակությամբ գինի չենք կարող արտադրել, որովհետև այն վաճառելու խնդիր է առաջանում։ Մեր գինեգործները տարվա կտրվածքով մինչև 2 տոննա գինի են կարողանում իրացնել։ Այստեղ նույնպես կարևորում եմ պետական աջակցությունը։ Եթե պետությունը այս հարցում օգնի գինեգործներին, ներքին շուկայում հարկային որոշակի արտոնություններ սահմանի, արդեն ավելի շատ կարտադրենք, այգիներն  անհրաժեշտ կլինի կրկնապատկել։ Արտաքին շուկա մտնելու համար, բացի որակյալ ու մրցունակ գինի արտադրելուց, պետք է կարողանալ մարկետինգ ապահովել, ինչը շատ կարևոր է շուկայական հարաբերություններում, բայց այն մեզ մոտ լավ չի ստացվում,  նշում է Գրիգորի Ավետիսյանը։

Հարցին՝ մրցունա՞կ է, արդյոք, արցախյան գինին, Գրիգորի Ավետիսյանը պատասխանեց, որ  իր կարծիքով, Խնդողնու պոտենցիալը Արենիից մեծ է, դրան գումարած՝  Խնդողնի ոչ ոք չունի, և նրա համը ոչ ոք չի կարող ստանալ, ինչն էլ մեր գլխավոր հաղթաթուղթն է։ Մենք, իհարկե, կարող ենք եվրոպական սորտեր աճեցնել, գինի արտադրել, բայց  չենք ստանա այն համն ու որակը, ինչ որ Եվրոպայում։ Նրանք էլ չեն ունենա մեր Խնդողնու համն ու որակը։

ՙԿատարո՚ գինին այսօր արտահանվում է Անգլիա, Բելգիա, Չեխիա, Մերձբալթիկա, Կանադա, իսկ մոտակա ամիսներին՝ հավանաբար նաև Ամերիկա։ 

Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ