[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱԿԱՆԻ ԿՈՂՔԻՆ ՔԻՉ ՉԵՆ ՆԱԵՎ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Փետրվարի վերջերից Քաշաթաղի շրջանում 2016թ.  կատարած աշխատանքների վերաբերյալ համայնքների ղեկավարները հաշվետվություններ  են ներկայացնում:

Անցած օրերին շրջանի հարավային թևում ավարտվել են այդ աշխատանքները։ Մարտի առաջին տասնօրյակում հաշվետվություն ներկայացրեցին Բերձորի մերձակա Աղանուս և Քարեգահ գյուղական համայնքների ղեկավարները: 

Աղանուս գյուղական համայնքը կազմված է Աղանուս, Ապարան և Մեղվաձոր գյուղերից։  Աղանուսը գտնվում է Բերձորից մոտ 10 կմ դեպի հարավ, Մեղվաձորն ավելի հեռու է: Տարածքն ազատագրվել է 1993թ. մայիս-հուլիս ամիսներին: Համայնքի դպրոցը գործում է Աղանուս գյուղում՝ 1996 թվականից: 2001-ից կոչվում է նահատակ ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով: Համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի հաշվետվությունը, որին, բացի բնակիչներից, ներկա էր շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, կայացավ դպրոցում: Տնօրեն Աելիտա Խաչատրյանը տեղեկացրեց, որ ունեն 7 ուսուցիչ և 12 աշակերտ՝ 3 համակարգ-դասարանով: Կա օտար լեզվի մասնագետի կարիք: Դպրոցական շենքն ունի նորոգման խնդիր։ Աշակերտների մեծ մասը գալիս է մոտ 2 կմ հարավ ընկած Ապարան գյուղից՝ հատկացված մեքենայով: Դասագրքերի, գույքի կարիք չունեն։ Գրադարանն ունի 1100-ից ավելի գեղարվեստական  գրականություն, որից օգտվում են նաև համայնքի բնակիչները: 

Ա. Աբրահամյանը տեղեկացրեց, որ  հաշվետու տարում գրանցվել է 2 ամուսնություն, ծնվել  3 երեխա: Համայնքի  բյուջեն  կազմում է ընդամենը 3596000 դրամ, որից 109000-ը սեփական եկամուտներն են։ Չկա համապատասխան տեխնիկա խոտհնձի և այլ աշխատանքներ կատարելու համար: Մոտ 30հա խոտհարք գրեթե չի հնձվել նշված պատճառներով։ Բնակիչներն ստիպված խոտ են գնում կամ հրաժարվում են անասնապահությունից։ Անդրադառնալով կատարված աշխատանքներին, Ա. Աբրահամյանը նշեց. 2016-ի ընթացքում շրջվարչակազմի կողմից բարեկարգվել են համայնքով անցնող և Մեղվաձոր տանող ճանապարհները, հատկացված շինանյութով նորոգվել է 2 բնակելի տան տանիք: Խոսելով խնդիրների մասին՝ համայնքի ղեկավարը կարևորեց գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը, շինանյութերի հատկացումը։ Խմելու ջրատարը կարգավորելու համար անհրաժեշտ է 2,5կմ ռետինե խողովակ: Ներկայացված խնդիրներին և հարցադրումներին պատասխանեց նաև Ռ. Մաթևոսյանը։ 

  Քարեգահ գյուղական համայնքը գոյություն ունի շրջանի կազմավորման սկզբից, գտնվում է շրջկենտրոնից 4-5կմ հյուսիս՝ Հակարի գետի ձախակողմյան լանջերին: Երկար ժամանակ է, ինչ համայնքը ղեկավարում է Մարինե Պետոյանը, ով հաշվետվությունը ներկայացրեց գյուղի Սմբատ Թաթոսյանի անվան երիտասարդության կենտրոնում: Բացի բնակիչներից, ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման և սոցապ վարչությունների պետերը՝ Ռ. Մաթևոսյանը և Վ. Բաղդասարյանը: Մ. Պետոյանը նշեց, որ Քարեգահը համարվում է շրջանի կայացած համայնքներից, ունի 52 ընտանիք՝ 198 բնակչով: 2016-ին ծնվել է 7 երեխա: Ներկա պահին գյուղից 9 երիտասարդ ծառայում է Հայոց բանակում: Միջնակարգ դպրոցը բացվել է 1995-ին, այժմ ունի 19 ուսուցիչ, 28 աշակերտ: Գյուղում գործում է նաև 12 սան ունեցող ՙՍոսե՚ բարեգործական մանկապարտեզը, որտեղ աշխատում է 4 հոգի: Բուժկետում աշխատում է 1 բուժքույր: 2016թ. համայնքի բյուջեն եկամուտների գծով հաստատվել է 6041000 դրամ: Պետական դոտացիան կազմել է 5681200, սեփական եկամուտները՝ 297200դրամ: Հաշվետու ժամանակում կայացել է ավագանու 8 նիստ:  2016-ին  կառավարության կողմից 6 ընտանիքի հատկացվել է շինանյութ: Իրականացվել են բարեկարգման և այլ աշխատանքներ:  Արդեն սկսվել է խմելու ջրատարի շինարարությունը; Ծրագրավորվել է բարեկարգել գյուղամիջյան ճանապարհները: Բերձորում գործող ԱԳԱՊԵ բարեգործական կազմակերպության կողմից բուժկետին հատկացվել են  հիգիենիկ պարագաներ: Տեղեկացվեց նաև, որ հաշվետու շրջանում Քարեգահ գյուղական համայնքն աչքի է ընկել մշակութային մրցույթներում: ՙՄշակութային խաչմերուկ՚ հանրապետական փուլում արժանացել է 3-դ մրցանակային տեղի, իսկ որպես մշակութային ակտիվ համայնք՝ հանրապետության համայնքների մեջ երկրորդն էր: Այս առթիվ համայնքն արժանացել է պատվոգրերի և դրամական պարգևների: Կարևորվեցին գյուղի՝ բարեգործական հատկացումներով գործող մանկապարտեզի և երիտասարդական կենտրոնի դերն ու ներկա վիճակը: Մանկապարտեզը կայանում է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ֆինանսավորմամբ, իսկ Կենտրոնի աշխատանքները դադարեցվել են ֆինանսավորում չլինելու պատճառով: Քարեգահում ևս բնակչությանը հուզող խնդիրներից առաջնայինը բնակարանաշինությունն է: 5 երեխա ունեցող 2 ընտանիք ունի բնակարանի կարիք: Կարևոր է էլեկտրական հոսանքի կարգավորումը: Դպրոցական շենքը չի համապատասխանում կրթական խնդիրներին, չունի մարզադահլիճ: Եղան այլ հարցադրումներ ևս: Բնակիչներն անդրադարձան գիշատիչների խնդրին, որոնք վտանգավոր են նաև մարդկանց համար: 

Շրջվարչակազմի ներկայացուցիչները պատասխանեցին հարցերին, տվեցին պարզաբանումներ, գոհունակություն հայտնեցին, որ ապրիլյան պատերազմի  օրերին Քարեգահից մոտ 2 տասնյակ տղամարդ մասնակից եղավ ռազմական գործողություններին։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր