[ARM]     [RUS]     [ENG]

ՙԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ ԴԱԴԱՐԵԼ Է ԶՈՒՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒՑ՚

Անցյալ տարվանից գյուղատնտեսության ոլորտին զարգացման նոր հայտ է ներկայացվել. ԼՂՀ կառավարությունն էքստենսիվ գյուղատնտեսությունից ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման անցնելու որոշում  կայացրեց:

Մշակվում է   նոր հայեցակարգ, ինչը համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավորություն պիտի տա լուծել առկա մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են տնտեսության այդ ճյուղի լիարժեք զարգացմանը։ Հայեցակարգի մշակումն ավարտման փուլում է, և մենք Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ ՄԽՈՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք ոլորտի  հեռանկարներով, նախատեսվող միջոցառումներով, ինչն այսուհետ կիրականացվի նույն այդ  հայեցակարգի շրջանակներում։-Իրականում հայեցակարգի մշակումն սկսվել է դեռևս 2015 թվականից։ Վերջին տարիների ցուցանիշները չնայած  գյուղոլորտում որոշակի աճ էին արձանագրում, այնուամենայնիվ, պարզ է, որ գերակա հայտարարված ճյուղի ոչ բոլոր հնարավորություններն են պատշաճ ձևով օգտագործվում, և զարգացման  նոր մոդել մշակելու անհրաժեշտություն կար։

-Պարոն Մխոյան, փաստորեն հայեցակարգը դեռ չի հաստատվել։

-Այո: Հայեցակարգը դեռևս լրամշակվում է, բայց դրա հիմքում դրված մի շարք  դրույթներ պիլոտային ծրագրերի տեսքով արդեն իսկ կյանքի են կոչվում։ Նման գործելաոճը թույլ է տալիս դրանց կենսունակությունն ստուգել գործնական կիրառության մեջ ևս։

-Ինչո՞ւ ոլորտում նոր ռազմավարություն որդեգրելու անհրաժեշտություն առաջացավ, ի՞նչ խնդիրներ կային։ 

-Խնդիրներ կային, կան հիմա, և կարծում եմ` կլինեն նաև առաջիկայում։ Բայց հարցը դրանց մեջ չէ։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացման գործընթացներից դուրս չէ նաև գյուղատնտեսությունը, և զարգացման քաղաքականության մեջ պետք է հաշվի առնել գյուղոլորտը ևս. մթերքների արտադրության ժամանակակից եղանակները, շուկայում մրցակցային առավելությունները և շատ ու շատ այլ պահանջներ։ Նախկինում էլ հաջողություններ ունեցել ենք,  գյուղատնտեսական հայեցակարգը կոչված է նաև ի մի բերելու դրանք, առաջարկելու առավել արդյունավետ լուծումներ։

-Ի՞նչ է ներառում իր մեջ գյուղատնտեսական հայեցակարգը։

- Այնտեղ ներառված  են միջոցառումներ, որոնք նախևառաջ պիտի օժանդակեն երկրագործության զարգացմանը։ Արցախում պասիվ են գարնանացան մշակաբույսերի մշակման հարցում (այստեղ առավելապես ընդունված է աշնանացան մշակաբույսերի մշակում իրականացնել), մինչդեռ կան լավ պայմաններ դրա զարգացման համար: Իրավիճակն անհրաժեշտ է փոխել։ Գարնանացան մշակաբույսերի արտադրությամբ կնպաստենք հողի բերրիության վերականգնմանը, ագրոտեխնիկական կանոնների ճիշտ օգտագործմանը, ստանալ առավելագույն արդյունք։ Դրա համար մենք փորձարկեցինք, ապա  և սկսեցինք  նոր մշակաբույսերի, դրանց՝ մեր պայմաններում կենսունակ տեսակների մշակություն։ Արդեն կա նման բույսերի բավականին հարուստ ցանկ, և պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հողօգտագործողները մշակում են դրանք։ Սերմացուն պետությունը  տրամադրում է անվճար։ Այս տարի նման ծրագրերի  շրջանակներում նախատեսված է 600 մլն դրամ աջակցություն երկրագործության ոլորտում։ 

-Ինչպե՞ս են աշխատելու հայեցակարգի հիմնական դրույթները։

-Ըստ նախնական դրույթների, կառավարությունը կխուսափի գնագոյացման գործում միջամտություններից, բայց կօժանդակի հողօգտագործողին՝ գյուղատնտեսական արտադրանք ստանալու գործում։ Կխթանվեն ժամանակակից ջրախնայողական  տեխնոլոգիաները ոռոգման ոլորտում, սեմինարների և տեղում խորհրդատվությունների ձևով կուսուցանվեն հողի ճիշտ մշակման հիմունքները։ Կարծում եմ՝ տեղյակ եք, որ  հողօգտագործողների հետ աշխատանքներ են տարվում. արդեն մի քանի տասնյակ հողօգտագործողներ մասնակցել են մեր կողմից կազմակերպված սեմինարներին և համապատասխան հավաստագրեր ստացել։ Այսօր լուրջ խնդիրներ են  դրված  նրանց  առջև, և պետական աջակցության  առաջնային պայմաններից մեկը ցանքաշրջանառության  կիրառումն է. շատերը թերագնահատում են դրա  դերը, մինչդեռ հենց այն էլ իր մեջ ներառում է հողի մշակման և պարարտացման ճիշտ համակարգը, դրա շնորհիվ է հողի մեջ պահպանվում խոնավությունը: 

-Գյուղատնտեսական ակտիվ շրջանն սկսվում է։ Ի՞նչ նոր ծրագրերով  եք մուտք գործում այնտեղ։

-Ավելի քան 10 անուն գարնանացան մշակաբույսեր կմշակվեն։ Սերմացուի մի մասը ներկրված է, մի մասը ճանապարհին է։ Գարնանացանն այս տարի սկսելու ենք վաղ, քանի որ մի քիչ չորային տարի ենք կանխատեսում ու  փորձելու ենք առավելագույնս օգտագործել հողի մեջ առկա խոնավությունը։ Կատարել ենք ավելի քան 3000 հա աշնանացան։ Պտղաբուծության ոլորտում ևս նոր ծրագրեր ունենք և լուրջ արդյունքներ ենք ակնկալում։ 

-Արցախն աշխարհից մեկուսացված է հայտնի քաղաքական և տնտեսական դրդապատճառներով, և արցախցի  հողօգտագործողը սահմանափակ շուկայի  պատճառով իրացման խնդիրներ է ունենում։ Պետությունը հոգո՞ւմ է այդ խնդիրները։

-Իրացման հարց ընդհանրապես չկա։ Ընդհակառակը՝ ունենք  ծավալների ապահովման խնդիր։  Արցախում  զարկ  է տրվում վերամշակող արտադրությանը, և  վերամշակող ձեռնարկատերերը միշտ հումքի պակաս են ունենում, ինչը,  գիտեք,  լրացվում է  հայաստանյան գյուղմթերքի հաշվին։ Ծավալների և մրցունակ, որակյալ ապրանքի ապահովման դեպքում  առկա են արտաքին շուկայում այն իրացնելու մեխանիզմներ։ 

- Այսօր անասնապահության ոլորտում էլ խնդիրներ կան։ Հայեցակարգի մեջ ի՞նչ տեղ է հատկացվում այս  ճյուղի  զարգացմանը։ 

-Այն  ևս լուրջ բարեփոխումների կարիք ունի. մթերատվության բարձրացման նպատակով նախատեսվում է  վերանայել անասունների պահման մեթոդաբանությունը, անցնել  դրանց փակ պահվածքի։ Անասունների ճիշտ խնամքի, ժամանակին հակահամաճարակային, պրոֆիլակտիկ միջոցառումների վերաբերյալ ֆերմերներն ու անասնաբույժները տեղեկատվության պակաս ունեն, և Գյուղնախարարությունը միջոցառումներ է նախատեսում նրանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Փորձում ենք նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել նաև մեղվաբուծության ոլորտում՝ արտադրանքն արտաքին շուկա դուրս բերելու նպատակով։ Գիտեմ, որ անասնապահության ոլորտի բարեփոխումները միանշանակ չեն  ընդունվում, բայց դրանք  հիմնավորված են և առավել արդյունավետ: Առաջիկայում հայեցակարգի շրջանակներում  նախատեսված միջոցառումների արդյունքում անասնագլխաքանակը կհասցվի շուրջ 3500- 4000¬ի։

-Պտղաբուծության  մասով ի՞նչ ծրագրեր կան:

-Նախատեսում ենք յուրաքանչյուր տարի 500 հա¬ից ավելի պտղատու այգի հիմնել։ Անցյալ տարեվերջին 17 հազ. հատ տնկի ենք տրամադրել Մարտունու և Հադրութի շրջաններին։ 280-300-ական տնկի նախատեսում ենք տրամադրել բոլոր շրջաններին։ 200 հա ցանքատարածությունների վրա  կաթիլային ոռոգման համակարգ կանցկացվի պետական աջակցությամբ։ Ոռոգման նոր համակարգերի շահավետությունն արդեն  հողօգտագործողները տեսել են, և  այս տարի դրանց ձեռքբերման համար հայտերը շատացել են՝ հասնելով ավելի քան 100¬ի։ Գյուղմթերքի որակի մասով մտահոգվելու առիթներ ևս ունենք: Եթե ուզում ենք ապրանքը դուրս բերել արտաքին շուկա, այն պետք է մրցունակ լինի, և  մեր հողօգտագործողներն ու ֆերմերները դրա շուրջ ևս պետք է  մտածեն։

Ժամանակակից գյուղատնտեսությունը վաղուց դադարել է զուտ գյուղատնտեսություն լինելուց. բահ ու բրիչի ժամանակներն անցել են, փոխվել են  սպառողի պահանջները. այսօր հողը նույնպես  ինտելեկտով են  մշակում։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ