[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔՍԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հադրութի շրջանում վերջին տարիներին կերային մշակաբույսերի ցանքսերի ավելացման ուղղությամբ ձեռնարկումները տեսանելի են:

Այդ նպատակով համապատասխան մարմինների կողմից մշակվել են ծրագրեր բազմամյա մշակաբույսերի, առանձնապես կորնգանի ցանքսերի  ավելացման ուղղությամբ, իրականացվել միջոցառումներ  բնական խոտհարքերում, որոնց ընդհանուր մակերեսը  շրջանում ավելի քան  638 հա է: 

2009 թվականից սկսած շրջանում գործում են Բանաձորի, ՈՒխտաձորի և Տողի  ենթաշրջանների համայնքների գյուղատնտեսության զարգացման ծրագրերը, ինչը խթան հանդիսացավ կորնգանի ցանքսերի շեշտակի ավելացմանը: Այդ նպատակով պետության կողմից անհատույց տրամադրվել են կորնգանի սերմացու, դիզելային վառելիք: 2009-2017 թվականներին շրջանում կատարվել է կորնգանի 325 հա ցանքս: Ինչպես տեղեկացրին շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնից, շրջանում առկա են 682 հա  բազմամյա խոտաբույսերի  ցանքսեր, որից 376 հա-ն՝ սեփականաշնորհված, 306 հա-ն՝ համայնքային և պետական պահուստային վարձակալված հողերում: Առկա  ցանքսերից հնձման ենթակա էր 320 հա, որից 2016 թվականի բերքի տակ ստացվել է հեկտարից միջինը 45 կապ խոտ: Մասնագետների կարծիքով` առկա ցանքատարածություններից 175 հա-ն  ենթակա է հիմնաշրջման և նոր ցանքս կատարելուն: Հրդեհներից տուժած  30 հա-ի վրա ընդհանրապես  հունձ չի կատարվել:

2016 թվականին շրջանի որոշ համայնքների  անհատույց  հատկացվել է 6150կգ կորնգանի սերմացու՝ 58 հա ցանքս կատարելու համար: Ըստ ներկայացված տեղեկությունների`  կատարվել է ընդամենը 28 հա ցանքս, ինչը դեռևս բավարար համարել չի կարելի:

Գարունն աստիճանաբար մտնում է իր իրավունքների մեջ: Նկատելի է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում: Ժամանակն է, որպեսզի անասնապահությամբ և կերարտադրությամբ զբաղվող տնտեսություններն օգտագործեն ընձեռված արտոնություններն ու առավել արդյունավետ քայլեր ձեռնարկեն բազմամյա խոտաբույսերի ցանքսերի ընդլայնման ուղղությամբ:

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ