[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԲՈՒԺԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ

Հակարի գետի ձախակողմյան սարահարթում անցած աշնանը և այս տարվա գարնանը մոտ 8000հա ցանքս է կատարվել՝ գարի, ցորեն, հաճար: Այստեղ գարունն արդեն ամբողջությամբ տեր է սարուդաշտին, և հազարավոր հեկտար տարածք պատված է կանաչով: 

 Աշնանը շրջանի ցանքատարածքներում ընդհանուր 17100 հեկտարից ավելի գարի ու ցորեն է ցանվել, և այդ աշխատանքները գարնանը շարունակվում էին: Նույն ժամանակ սկսվել էին նաև այլ մշակաբույսերի ցանքսը, այգիների մշակումը, ծառատունկը: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը նշեց՝ կա նպատակ հացահատիկի ցանքսը հասցնել մոտ 20000 հեկտարի: Տեղեկացրեց, որ սարահարթում որոշ ցանքատարածքներ ցրտահարվել են, սակայն առավել մտահոգիչն այն էր, որ գնայուկ բզեզի աճ էր զգացվում. մոտ 100հա արդեն վարակվել էր: Կարևորեց, որ այդ վնասատուի դեմ պայքար տարվի, այլապես հետագայում ավելի դժվար կլինի: Իսկ այժմ մտահոգ էր շրջանի գլխավոր գյուղատնտեսը. վարակված տարածքներն ավելացել ու ավելանում են: Մեր այցի պահին տարածքի գյուղատնտեսներ Արտակ Մելքոնյանն ու Սամվել Մելիքյանը մեխանիզատորների հետ զբաղված էին ցանքատարածքների սրսկման աշխատանքներով: Արտում, որում իրականացվում էր սրսկումը, ցորենը լավ աճ է տվել, սակայն դարձյալ վարակված է: 

-Միակ պայքարն այս վնասատուի դեմ համապատասխան թունաքիմիկատով ախտահանումն է, -ասաց Լ. Սիմոնյանը, -թանկ արժե թունաքիմիկատը՝ 1 հեկտար ախտահանելու համար հարկավոր է մոտ 15 հազ. դրամի նյութ:  

Արտեզրի որոշ կանաչ ծիլեր դեղնին էին տալիս. նշանակում է տակը բզեզ կա: Կանաչ ծիլերի հարևանությամբ երևացող փոքր անցքերը նույնպես այդ էին հուշում՝ բզեզների բներն են: Գյուղատնտեսները քանդում են որոշ հատված և հողի տակից մոտ 10 որդ հանում: 

-Փոքր տարածքում 5 որդի առկայությունը նշանակում է գերվարակված, -բացատրում է գյուղատնտես Արտակը: 

Մեխանիզատորները շարունակում են իրենց աշխատանքը՝ հույսով, որ գոնե այս հատվածը կմաքրեն վնասատու որդերից: Իսկապես տխուր է վիճակը: Որոշ ցանքատարածքներ գրեթե անապատացել են. գնայուկ բզեզն իր սև գործն է արել ու շարունակում է վնասել այլ տարածքներ: Անցած տարի, չնայած պատերազմական իրադարձություններին, Քաշաթաղի շրջանում գրանցվեց հացահատիկի բարձր բերքատվություն: Այլ պատկեր կլինի այս տարի, եթե համապատասխան աշխատանքներ չիրականացվեն: Նույն վնասատուները կարող են նաև վարակել շրջանի Որոտանի ավազանի, Կովսականի սարահարթի և Հակարիի աջակողմյան անջրդի ցանքատարածքները: 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր