ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվում է համայնքային կենտրոն:
Կապալառու կազմակերպությունը ՙԵվրոստրոյ՚ ՍՊԸ-ն է, որը Հադրութ քաղաքում կառուցում է նաև 2 բազմաբնակարան բնակելի տուն: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց աշխղեկ Սերգեյ Միրզոյանը, միաժամանակ նա հավելեց, որ համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ նոր նախագծով շինություն է, որն իր մեջ ներառելու է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, բուժկետ, համակարգչային սենյակ: Ըստ աշխղեկի` ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները 2017 թվականին ավարտելու շինարարությունը:
Համայնքի ղեկավար Կարեն Հովսեփյանի հավաստմամբ` նման կենտրոն ունենալու մասին բազմիցս է խոսվել, և ուրախալի է, որ այն այսօր իրականություն է դառնում, ինչը հնարավորություն կտա միանգամից լուծել գյուղապետարանի, բուժկետի, գրադարանի խնդիրները: Կ. Հովսեփյանը կարևորեց նաև գյուղի ներքին ջրատար ցանցի վերակառուցումը, ջրհաշվիչ սարքերի տեղադրումը:
Միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է 69 աշակերտ, կապիտալ վերանորոգման խիստ կարիք ունի: Գյուղում կան երիտասարդներ, որոնք նույնպես բնակարանի կարիք ունեն, մեծ է մի շարք բնակարանների վերանորոգման անհրաժեշտությունը, որը կարող են իրականացվել բնակարանատերերի կողմից, եթե տրամադրվեն պահանջվող շինանյութերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս կարևորեց տարանցիկ ճանապարհների խնդիրը, այդ իսկ առումով անհրաժեշտ է հիմնանորոգել Հադրութ-Ցոր տանող մայրուղու վրա գտնվող կամուրջները:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ