ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՄԵԾ Է
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում 2010 թվականից գործում է ՙՌեյփսիդ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրած ՙՈսկե կաթիլ՚ անունը կրող ձեթի գործարանը։ Ձեռնարկությունը որոշակի դեր ունի Արցախի տնտեսության զարգացման գործում:
Գործարանն ունի երկու արտադրամաս, որոնք էլ նախատեսված են ռաֆինացված և ոչ ռաֆինացված ձեթերի արտադրության համար:
Ձեթի արտադրության համար օգտագործվող հիմնական հումքն արևածաղիկն է, ինչպես նաև կտավատը, հլածուկը և սոյան: Հումքի առավելագույն մասը տեղական է: Ձեռնարկության արտադրանքի` ձեթի ամենախոշոր սպառողը Պաշտպանության բանակն է: Այն իրացվում է նաև Հայաստանի Հանրապետությունում:
Գործարանի տնօրեն Նորայր Ստեփանյանի խոսքով՝ արտադրության ամբողջ գործընթացը՝ հումքի ստացումից մինչեւ շշալցում և պիտակավորում, իրականացվում է տեղում: Անհրաժեշտ սարքավորումները գերմանական, չինական և իտալական արտադրության են, ինչն էլ հնարավորություն է տալիս ստացված թափոնը վերամշակելուց հետո օգտագործել որպես անասնակեր:
Այսօրվա դրությամբ գործարանն աշխատում է ոչ լրիվ հզորությամբ, երբեմն նաև պարապուրդներով. պատճառը հիմնականում հումքի բացակայությունն է: Տնօրենի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ բացատրական և նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի ձեթի արտադրության համար անհրաժեշտ հումքն առաջիկայում ամբողջությամբ արտադրվի տեղում: Իսկ շուկայում ՙՈսկե կաթիլի՚ մրցունակության գլխավոր երաշխիքը արհեստական նյութերի բացակայությունն է, ինչն էլ էկոլոգիապես մաքուր լինելու հիմնական երաշխիքն է:
Ձեռնարկությունը որակյալ մասնագետների կարիք է զգում. 80 աշխատատեղից այսօր զբաղեցված է միայն 50-ը: Այդ նպատակով ՙՌեյփսիդ՚ ՍՊԸ-ն առանձին ծրագիր է մշակել, ինչի շնորհիվ ընկերության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին ցանկացողները կարող են ուսանել ինչպես Արցախի, այնպես էլ Երևանի պետական համալսարաններում: Ներկայում գործարանն ունի նման երկու ուսանող:
Աննա ԲԱԼԱՅԱՆ
ԱրՊՀ լրագրության բաժնի 4-րդ կուրս