[ARM]     [RUS]     [ENG]

ՀՐԴԵՀԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՎԵԼ Է ԳԱՐՆԱՆԸ

Ավանդաբար հակահրդեհային միջոցառումներն ակտիվանում են ամռան սկզբին:

Արցախում այս ոլորտում իրականացվող աշխատանքների տրամաբանության փոփոխությունը նկատելի է անգամ կարճ ժամանակահատվածում: Այսպես, եթե սկզբում հրդեհների մարման աշխատանքներն էին գերակշռում՝ տեղի ուժերով, ապա սկսեցինք հրդեհավտանգ տարեշրջանում հակահրդեհային աշխատանքները համակարգող շտաբներ ձեւավորել. այս դեպքում արդեն ոչ միայն հրդեհը մարելու աշխատանքներ էին կատարվում, այլեւ հսկողություն՝ պատկան կառույցների ուժերի հետ ներգրավելով նաեւ հողօգտագործողներին, շրջակա համայնքների բնակիչներին: Զուգահեռ կանխարգելիչ աշխատանքներն սկսվեցին՝ ցանքատարածությունների շուրջը եւ ճանապարհների երկայնքով որոշակի լայնությամբ հողաշերտի հերկմամբ, ինչի շնորհիվ այն ազատվում է բուսականությունից: Ընդ որում, որքան ակտիվանում էին կանխարգելիչ միջոցառումները, այնքան պակասում էին հրդեհների դեպքերը, նվազում դրանց պատճառած վնասների չափերը: 

Արդեն երկրորդ տարին է, ինչ կանխարգելիչ աշխատանքներն անսովոր վաղ են մեկնարկում՝ գարնան կեսերից: Ծրագրի էությունն այն է, որ հակահրդեհային անվտանգության շերտերը ձեւավորվում են ոչ թե հերկի, այլ տվյալ տարածքներում առատ բուսականության առաջացումը կանխելով՝ սրսկումների միջոցով: Առաջին փորձը նախորդ տարի կատարվեց: Ճիշտ է, ապրիլյան պատերազմը համընկավ այդ աշխատանքների մեկնարկի հետ, եւ ծրագիրը ոչ ամբողջ ծավալով ու շեղված ժամանակացույցով իրականացվեց, սակայն արդյունքն ակներեւ էր: Պատահական չէ, որ որոշվեց 2017-ին  կրկնել ծրագիրը: Թեմայի շրջանակներում Գյուղատնտեսության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության  համատեղ նիստից օրեր անց գործնական աշխատանքներ են սկսվել հանրապետության գրեթե բոլոր շրջաններում: ՙԱսկերանի շրջանում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, Մարտակերտում ընթացքում են: Նույնը կարող ենք ասել նաեւ Մարտունու եւ Հադրութի շրջանների մասին,- մանրամասնում է Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:- Ավելի ուշ՝ նաեւ Քաշաթաղի շրջանում ենք սկսել աշխատանքը: Ընդհանուր առմամբ նախատեսվում է կանխարգելիչ աշխատանքների շրջանակում մոլախոտերի դեմ պայքար իրականացնել շուրջ 1625 հեկտարի վրա՚:

Առաջին  փուլում սրսկումն իրականացվում է  ցանքսերին հարող  հրդեհավտանգ տարածքներում, ճանապարհների եզրերին, ինչպես նաեւ առաջնագծի երկայնքով: ՙՕգտագործում ենք համատարած ոչնչացման հերբիցիդ, որի շնորհիվ այդ տարածքում բուսականությունն ամբողջությամբ ոչնչանում է: Ստեղծում ենք պաշտպանիչ գոտիներ, որոնք հետագայում կարեւոր դեր են ունենում թե՜ հրդեհը կանխարգելելու, թե՜ ծագելու դեպքում հրդեհն անհամեմատ փոքր ուժերով մարելու հարցում՚,- մանրամասնում է Վիլեն Ավետիսյանը: 

Քիմիական եղանակը հրդեհականխարգելիչ աշխատանքներում երկրորդ անգամ է կիրառվում: Չնայած նրան, որ, ինչպես նշվեց, նախորդ տարի ապրիլյան պատերազմը խանգարեց ամբողջական ծավալով իրագործել ծրագիրը, պատասխանատուները արդյունավետությունը գործնականում են տեսել: ՙԲուսականությունը սրսկված հատվածում ոչնչանում է: Իսկ ամռանը, հրդեհավտանգ շրջանում, այդ բուսազուրկ հատվածը մի իսկական պատվար է դառնում եւ թույլ չի տալիս, որ հրդեհը տարածվի՚,- նախորդ տարվա փորձին է հղում կատարում Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը: Դա ոչ միայն արդյունավետ է, այլեւ արագ եւ էժան՝ անհամեմատ ավելի քիչ մարդկային եւ տեխնիկական միջոցների ներգրավմամբ: Նոր, ժամանակակից սրսկիչներն են դա ապահովում: ՙԲաքը մոտ երկուսուկես տոննա տարողություն ունի, թեւերի՝ սրսկիչների բացվածքը` շուրջ 18 մետր: Այս պարամետրերն ունի ծրագրի համար օգտագործվող տեխնիկան՚,- մանրամասնում է Կարեն Հովհաննիսյանը: Աշխատանքներն  ընթանում են  նախատեսված պլանի համաձայն` լրիվ ծավալով, ինչի համար առկա են անհրաժեշտ ռեսուրսները: Հակահրդեհային միջոցառումների շարքից մոլախոտերի դեմ քիմիական պայքարի փուլը պետք է ավարտվի սեղմ ժամկետներում, քանի դեռ բուսականությունը չի փարթամացել, եւ պաքարի արդյունավետությունը բարձր է: Հակահրդեհային միջոցառումների ծրագրի երկրորդ փուլը կսկսվի մայիսի կեսերից: ՙՀրդեհավտանգ տարածքներում կսկսենք հերկի աշխատանքներ՝ ստեղծելով մինչեւ 8 մետր լայնությամբ շերտեր: Կսահմանենք շուրջօրյա հերթապահություն` հրշեջ-փրկարարների հետ ներառելով նաեւ ներկայացուցիչներ համայնքներից՚,- հակահրդեհային-կանխարգելիչ ծրագրի հերթական փուլի անելիքներն է թվարկում Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի պետը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ