[ARM]     [RUS]     [ENG]

ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՈՏՔԻ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ

Ս.թ. ապրիլին  լրացավ  ՙԿոլցո՚ ռազմագործողության  26-րդ տարին, գործողություն, որը  Հադրութի  շրջանում  իրականացվեց  մայիսի 13-16-ն ընկած ժամանակահատվածում` առանձնակի  դաժանությամբ, թալանով, ջարդերով  ու  բռնի  տեղահանությամբ: Շրջանի  14  գյուղեր  ենթարկվեցին  բռնի  տեղահանման: Իրենց  բնակավայրերը  թողեցին ավելի քան 1500 բնակիչներ, 677  տնտեսություն  հիմնահատակ  ավերվեց:  

 ՙԿոլցո՚ ռազմագործողության  հետևանքով  հայաթափվեցին  Հադրութի  շրջանի  հարավային թևում  գտնվող  բոլոր  գյուղերը` բացի  Հին  Թաղեր  և  Խծաբերդ  գյուղերից: Արփագետիկ   գյուղում թուրք-ազերիների  կողմից սրի  մատնվեցին  յոթ  խաղաղ  բնակիչներ: Բռնատեղահանման  հետևանքով  այդ  գյուղերից ազերիները  տարան  1300  գլուխ  ԽԵԱ, շուրջ  2500 ՄԵԱ, հիմնահատակ  ավերեցին  700 բնակելի  տուն, արտադրական  նշանակության  տասնյակ  օբյեկտներ, 8  դպրոցական  շենք,  մշակույթի  10  օբյեկտ, 1  տեղամասային  հիվանդանոց, 7  բուժական  հիմնարկ, առևտրի,  հասարակական  սննդի,  կենցաղային սպասարկման տասնյակ օբյեկտներ: Ավերածության  և  թալանի  ենթարկվեցին  1  խորհրդային  և  4  կոլեկտիվ տնտեսություններին պատկանող ինչպես  վարչական, այնպես էլ արտադրական նշանակության  տասնյակ  օբյեկտներ, տասնյակ կիլոմետրերի հասնող էլեկտրական, կապի օդային գծեր, ջրատարներ:

Հրադադարից  հետո սկսեցին  շենանալ  բռնագաղթի  ենթարկված  գյուղերը: Տեղահանված  14 գյուղերից  12-ում  վերաբնակեցման  աշխատանքներ  իրականացվեցին: Կառուցվեց  շուրջ  250 բնակելի  տուն: Բնակելի  տների  կառուցումը  և  վերանորոգումը  շարունակվում են: Դպրոցական  նոր շենքեր  կառուցվեցին  Բանաձոր, Առաքել, Խանձաձոր, Ծամձոր, Արևշատ գյուղերում: Կապիտալ վերանորոգման  աշխատանքներ  իրականացվեցին  Հին  Թաղերի  և  Խծաբերդի  դպրոցական  շենքերի  վրա: Վերանորոգվեցին  այդ  գյուղերում  տեղակայված  բուժական  հիմնարկները: Վերը  նշված  համայնքներում  լուծում  են  ստացել  արտադրական  ենթակառուցվածքների  հետ  կապված  բոլոր  խնդիրները: Բոլոր  գյուղերը  էլեկտրիֆիկացվել  են, լուծում  են  ստացել  բնակչության  ջրամատակարարման  հարցերը:

Այդ  գյուղերի  բռնագաղթից  հետո  անցել  է 26 տարի: Հաշվի առնելով  դրանց ռազմավարական  նշանակությունը` որպես  սահմանամերձ  բնակավայրերի,  ԼՂՀ  կառավարության  որոշմամբ դեռևս 2009 թվականին մշակվել  և  հաստատվել է Բանաձորի   ենթաշրջանի  զարգացման   5-ամյա  ծրագիր, որը պետք  է  ապահովի  այդ  համայնքների  համաչափ  զարգացումը, հնարավորություն տա  արդյունավետ  օգտագործելու  առկա  բնատնտեսական  ներուժը, աստիճանաբար  վերացնելու  բռնատեղահանման  հետևանքները, հաղթահարելու  սահմանամերձ, լեռնային  և  բարձրլեռնային  գոտու  յուրացման  անհամամասնությունները`  համեմատած  հարթավայրային  տարածաշրջանների  հետ: Համայնքների  զարգացման  ռազմավարական  նշանակությունը  կարևորվում է  նաև  տեղերում  ժողովրդագրական  վիճակի   աստիճանական  բարելավմամբ: Այդ  նպատակով  զգալի աշխատանքներ  են  իրականացվում: 1995 և 2005 թվականներին նոր կազմավորված Հայկավան և Առաջամուղ  գյուղերում  կառուցվել  են  շուրջ  40  բնակելի  տներ, դպրոցական  հարմարավետ  շենքեր, վարչական  և  բուժական  հիմնարկներ: Ավերված  Արփագետիկ  գյուղը  շենացել է, կառուցվել է  8 բնակելի  տուն: Բնակեցվել են Արաքսավան և Եղեգն  բնակավայրերը, որտեղ կառուցվել են ժամանակավոր կացարաններ և բնակելի տներ:

Ենթաշրջանի   համայնքներում  բնակչության  թիվը  կազմում է  1138  մարդ: Ժողովրդագրական  վիճակի առումով բնակչության աճ է գրանցվել: Միայն 2017 թվականին ենթաշրջանի համայնքներում ծնվել է 25 երեխա:

Ենթաշրջանի  տնտեսության  հիմնական  ճյուղը  անասնապահությունն է, որի  համար  պետության  կողմից համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվել է  վարկավորման  քաղաքականություն: Անասնապահության  զարգացման  համար  տրամադրվել է  67,8 մլն  դրամի  վարկ: 

Ենթաշրջանի  համայնքներում  որոշակի  աշխատանքներ է  իրականացվել նաև բուսաբուծության  բնագավառում. արտադրվել են բավարար քանակության կարտոֆիլ, բանջարաբոստանային մշակաբույսեր:

  Ասել է թե` բռնագաղթի ենթարկված գյուղերը շենանում են: 

Լուծելով  կենսական նշանակության խնդիրները,  կունենանք  զարգացած  համայնքներ, ինչն այսօր ամենևին էլ կասկածի տեղիք չի տալիս:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ