[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԷԿՈՆՈՄԻԿԱ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. 2016-ԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑԵԼ ԵՆ

Բյուջե-2016-ի կատարողականի խորհրդարանական քննարկումների շարքում մայիսի 16-ն կայացել է ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի եւ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Արպատ Ավանեսյանի եւ Ռուսլան Իսրայելյանի համանախագահությամբ:

2016-ի ծախսերի մասին մանրամասներ են ներկայացրել գյուղատնտեսության, էկոնոմիկայի եւ քաղաքաշինության ոլորտների պատասխանատուները: Համատեղ նիստին մասնակցել է նաեւ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Գյուղատնտեսության ոլորտին 2016թ. պետական բյուջեով 4 միլիարդ 145 միլիոն դրամ է հատկացվել: Կատարողականը՝ 98 տոկոս: Որակյալ սերմացու ներկրելը երկրագործությունում եւ հոտի բարելավման ծրագրերը անասնապահությունում եղել են գերակա ուղղություններ՝ որպես հետագա հաջողությունների հիմք: Պետական ծրագրերով երկու ուղղությամբ էլ աջակցություն է եղել: Գյուղտեխնիկայի պարկի թարմացում, բազմամյա խոտաբույսերի ցանքերի ավելացում եւ բազմամյա տնկարկների հիմնադրում, առանձին ծրագիր՝ ուղղված թթայգիների վերականգնմանն ու ընդլայնմանը, ոռոգման ջրախնայող համակարգերի ներդրում, գյուղմթերք վերամշակողների համար՝ ավելացված արժեքի հարկի փոխհատուցում՝ շուրջ 500 միլիոն դրամ:  Թվարկվածը գյուղատնտեսության ոլորտի 2016թ. ծրագրերի մի մասն է միայն: Նաեւ այս աշխատանքների արդյունքում Արցախը մի շարք մթերքների առումով ինքնաբավության շեմը հաղթահարել է: Գյուղատնտեսությունից հարցը պարենային անվտանգության ոլորտ է տեղափոխվում: ՙՄասնավորապես կարող ենք ասել, որ յուղատու մշակաբույսերի մշակության արդյունքում Արցախն այսօր բուսական յուղով ապահովված է, հատիկաընդեղեն մի շարք մշակաբույսերի մշակությունը նույն նպատակով ենք սկսել՝ ներկրվող ապրանքը փոխարինել տեղական արտադրանքով, ցորենի մասին վաղուց չենք խոսում՝ արտադրվում է ներքին պահանջարկից մի քանի անգամ շատ, տեղական արտադրության հնդկաձավարն արդեն նաեւ արտահանվում է, եգիպտացորենի եւ կերային մշակաբույսերի ցանքսերի ընդլայնումը անասնապահության ոլորտում հետագա հաջողությունների հիմքը պետք է դառնա՚,- արվածը եւ անելիքները ընդհանուր գծերով  ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: Շատ հարցեր գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի ընդունմամբ կհստակեցվեն, հավանաբար՝ մինչեւ տարեվերջ: Օժանդակության ծրագրերի մի մասը Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խողովակներով է իրականացվել՝  արտոնյալ պայմաններով վարկավորման գործիքների կիրառմամբ:

Պատգամավոր Հայկ Խանումյանը պարտքերի հավաքագրման գործընթացով է հետաքրքրվել: Հիմնադրամի տնօրենը վստահեցրել է՝ 2016-ին բերքն առատ էր, պարտքի հիմնական մասը հիմնադրամը բնամթերքով է ստացել եւ առանձին խնդիրներ չունի:

Քաղաքաշինության ոլորտը 2016-ը սկսել է ավանդական ծրագրերով:  Ապրիլյան պատերազմից հետո առաջնահերթությունները վերանայվեցին: Որոշակի փոփոխություններ եղան նաեւ կապիտալ շինարարության համար նախատեսված ծախսերում: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվածից ավելի շատ է ծախսվել, մանրամասները քաղաքաշինության փոխնախարար Գեորգի Հայրիյանն է ներկայացրել: 

Էկոնոմիկայի նախարարությանը 2016-ին պետական բյուջեից 2 միլիարդ 968 մլն դրամ է հատկացվել: Կատարողականը՝ 98,5 տոկոս: Ծախսերն ուղղվել են 9 ծրագրային ուղղությունների: Աշխատանքի արդյունքի լավագույն գնահատականը էկոնոմիկայի նախարարը 2016-ին ապահովված 9,2 տոկոս տնտեսական աճն է համարում: Առանձին ոլորտներում, մասնավորապես էլեկտրաէներգիայի արտադրությունում, այդ աճն ավելի նկատելի է, հեռանկարները՝ առավել եւս: ՙ2016-ին, կարելի է ասել, հասել ենք ինքնաբավության շեմին եւ շուտով կսկսենք արտահանումը՚,- վստահեցրել է էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ հիմք ընդունելով ոչ թե ներդրումների անորոշ խոստումները, այլ արդեն մեկնարկած ծրագրերը: Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների վերին շեմը, որ 2017-ի համար 15 տոկոս է սահմանվել, առաջիկա տարիներին ծրագրվում է հասցնել 11-12 տոկոսի: Մատակարարման ցանցի արդիականացման համար մոտ 20 միլիարդ դրամ ներդրում է պահանջվում. նաեւ դրանով է հիմնավորվում ՙԱրցախէներգո՚-ի մասնավորեցումը: Գործընթացն սկսվել է:

Համատեղ նիստի երկրորդ մասում 2016-ի իրենց ծրագրերի մանրամասները ներկայացրել եւ պատգամավորների հարցերին են պատասխանել Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության, Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ Արցախի ներդրումային հիմնադրամի պատասխանատուները:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ