[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆԱՅՈՂԱԲԱՐ, ԿԱՄ ԱՌՆՎԱԶՆ ԱՌԱՆՑ ԳԵՐԱԾԱԽՍԻ

Ավարտին են մոտենում Ազգային ժողովում ՙԲյուջե-2016՚-ի կատարողականի հանձնաժողովային քննարկումները: Մայիսի 20-ին Հովիկ Ջիվանյանի եւ Ռուսլան Իսրայելյանի համանախագահությամբ կայացել է պետական-իրավական եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Նախորդ տարվա բյուջետային ծախսերից մանրամասներ են ներկայացրել իշխանության բարձրագույն մարմինների աշխատակազմերի պատասխանատուները, արդարադատության ոլորտի ներկայացուցիչները, սահմանադրական մի շարք մարմինների ղեկավարներ:

Հանրապետության նախագահի ապարատի 2016թ. ծախսային մանրամասներն աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանն է ներկայացրել: Վերջին տարիներին Աշխատակազմի ծախսերն անշեղ նվազում են:  2016-ին` 2015-ի համեմատ, նվազումը կազմել է 11 տոկոս: Ընդհանուր առմամբ, ապարատի ծախսերը նախորդ տարի 446 միլիոն դրամ է պլանավորվել, փաստացի ծախսերը 368 միլիոն դրամ են կազմել, կատարողականը՝ 83 տոկոս: 17 տոկոսը ոչ թե թերակատարում, այլ խնայողություն է որակել Մարատ Մուսայելյանը:

Ազգային ժողովի ծախսերը 2016-ին 530 միլիոն դրամ է նախատեսվել: Կատարողականը՝ 98 տոկոս: Եվս 17 միլիոն դրամ հատկացվել է արտասահմանյան գործուղումների, տոնական օրերի կազմակերպական հարցերի համար, մանրամասնել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը:

Կառավարության աշխատակազմի ծախսերը 857 միլիոն դրամ է պլանավորվել: Կատարողականը՝ 93 տոկոս: Հիմնական մասը աշխատավարձի ֆոնդն է կազմել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն Գրիգորյանը ոչ միայն ծախսային ծրագրերի մասին է խոսել, այլեւ` եկամտային: Կադաստրային գործառույթներ իրականացնող կառույցն էլ այսօր աշխատակազմի կազմում է:

Արդարադատության նախարարությանը նախորդ տարվա բյուջեով 335 միլիոն դրամ է հատկացվել: Կատարողականը` 97 տոկոս: Նախարարությունը 108 հաստիք ունի, 2-ը՝ թափուր: Մանրամասները ներկայացրել է արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Դատական համակարգին 545 միլիոն դրամ է հատկացվել: Կատարողականը՝ 93,5 տոկոս: Աշխատավարձի ֆոնդում ակամա խնայողության պատճառը թափուր պաշտոնների առկայությունն է: Խոսքը երկու դատավորի թափուր պաշտոնների մասին է, մանրամասնել է ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը:

Գլխավոր դատախազությանը 494 միլիոն դրամ է հատկացվել: Կատարողականը՝ 96 տոկոս: Հիմնական մասը աշխատավարձի ֆոնդն է կազմում: Խորհրդարանականները հարցեր չունեին: 

Պետական-իրավական եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի երկրորդ հատվածում 2016-ի ծախսերից մանրամասներ են ներկայացրել սահմանադրական մի շարք կառույցներ: Վերահսկիչ պալատին 134 միլիոն դրամ է հատկացվել, կատարողականը` 93 տոկոս, Մարդու իրավունքների պաշտպանին` 41 միլիոն, կատարողականը` 93 տոկոս, Քաղծառայության խորհրդին 96 միլիոն դրամ է հատկացվել, կատարողականը` 98 տոկոս:  Կատարողականի նույն մակարդակն է ապահովվել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսերը: Ընտրությունների համար նախատեսված 50 միլիոն դրամից 25 միլիոնն է ծախսվել: ՏԻՄ ընտրությունների հետաձգումն է պատճառը:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ