[ARM]     [RUS]     [ENG]

ՍԿՍՎԱԾ Է ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

Հադրութի շրջանի հարթավայրային գոտում սկսված է գարու հունձը: Ինչպես տեղեկացրեց  շրջվարչակազմի ղեկավար, բերքահավաքի կազմակերպման օպերատիվ շտաբի նախագահ Վալերի Գևորգյանը` 2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ շրջանում կատարվել է մոտ 80հա գարու հունձ, ստացվել է մինչև 170 տոննա բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 20-25 ցենտներ:   

 Բերքահավաքն անկորուստ  կազմակերպելու նպատակով ընդունվել է շրջվարչակազմի որոշումը ՙ2017 թվականին հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին՚: Որոշման համապատասխան հանձնարարականներ են տրվել վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և  հողօգտագործման    (ԳՀՀ) բաժնին, համայնքների ղեկավարներին` բացատրական լայն աշխատանք տանել բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար: Ինչպես տեղեկացրեց ԳՀՀ բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը, շրջանում առկա 55 կոմբայններից 48-ը կմասնակցեն բերքահավաքին: Առկա կոմբայնների կեսից ավելին վերանորոգվել են, որի համար խթան են հանդիսացել  Արցախի ԳԳԱՀ-ի կողմից  հատկացված ցածր տոկոսով վարկերը:

Ստեփան Հակոբյանը  նշեց նաև, որ 2017 թվականի բերքի տակ կատարված է 9500հա աշնանացան, որից  2650 հա` ցորեն, 6850 հա` գարի: Վերը նշված տարածքներից 2469հա-ն համայնքային սեփականաշնորհված և գյուղամերձ վարձակալված տարածքներում  են, իսկ 7031հա-ն՝  պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) վարձակալված վարելահողերում: Կատարված ցանքսերի գերակշիռ մասը ենթակա է հնձման,  ակնկալվում  է բավարար  բերք: Սպասվում է հնձի բարդ  աշխատանք: Դժվարություններ է առաջացնում նաև շփման գծում ստեղծված լարվածությունը. աշնանացան տարածքների մի մասը գտնվում է վտանգավոր գոտում, որտեղից խիտ խոտածածկի պատճառով բռնկված հրդեհների տարածվելու մեծ հավանականություն կա: Հարցի լրջությունից ելնելով՝ դեռևս մայիս ամսում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ՙԲույսերի պաշտպանություն՚ ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են հերբիցիդով  սրսկման աշխատանքներ`  ցանքամերձ տարածքներում հակահրդեհային գոտիներ ստեղծելու  նպատակով: Հացահատիկային դաշտերում հերթապահություն են իրականացնում ԼՂՀ փրկարար ծառայության  Հադրութի փրկարար մասի հրշեջները:

Բերքահավաքի աշխատանքները վերահսկվում են  շրջանային օպերատիվ շտաբի կողմից: Գարու  հունձը շարունակվում է:

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ