ՍԿՍՎԱԾ Է ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ
Հադրութի շրջանի հարթավայրային գոտում սկսված է գարու հունձը: Ինչպես տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավար, բերքահավաքի կազմակերպման օպերատիվ շտաբի նախագահ Վալերի Գևորգյանը` 2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ շրջանում կատարվել է մոտ 80հա գարու հունձ, ստացվել է մինչև 170 տոննա բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 20-25 ցենտներ:
Բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով ընդունվել է շրջվարչակազմի որոշումը ՙ2017 թվականին հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին՚: Որոշման համապատասխան հանձնարարականներ են տրվել վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնին, համայնքների ղեկավարներին` բացատրական լայն աշխատանք տանել բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար: Ինչպես տեղեկացրեց ԳՀՀ բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը, շրջանում առկա 55 կոմբայններից 48-ը կմասնակցեն բերքահավաքին: Առկա կոմբայնների կեսից ավելին վերանորոգվել են, որի համար խթան են հանդիսացել Արցախի ԳԳԱՀ-ի կողմից հատկացված ցածր տոկոսով վարկերը:
Ստեփան Հակոբյանը նշեց նաև, որ 2017 թվականի բերքի տակ կատարված է 9500հա աշնանացան, որից 2650 հա` ցորեն, 6850 հա` գարի: Վերը նշված տարածքներից 2469հա-ն համայնքային սեփականաշնորհված և գյուղամերձ վարձակալված տարածքներում են, իսկ 7031հա-ն՝ պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) վարձակալված վարելահողերում: Կատարված ցանքսերի գերակշիռ մասը ենթակա է հնձման, ակնկալվում է բավարար բերք: Սպասվում է հնձի բարդ աշխատանք: Դժվարություններ է առաջացնում նաև շփման գծում ստեղծված լարվածությունը. աշնանացան տարածքների մի մասը գտնվում է վտանգավոր գոտում, որտեղից խիտ խոտածածկի պատճառով բռնկված հրդեհների տարածվելու մեծ հավանականություն կա: Հարցի լրջությունից ելնելով՝ դեռևս մայիս ամսում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ՙԲույսերի պաշտպանություն՚ ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են հերբիցիդով սրսկման աշխատանքներ` ցանքամերձ տարածքներում հակահրդեհային գոտիներ ստեղծելու նպատակով: Հացահատիկային դաշտերում հերթապահություն են իրականացնում ԼՂՀ փրկարար ծառայության Հադրութի փրկարար մասի հրշեջները:
Բերքահավաքի աշխատանքները վերահսկվում են շրջանային օպերատիվ շտաբի կողմից: Գարու հունձը շարունակվում է:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ