[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ԳԻԾ ԿՈՒՆԵՆԱ

Եվս 2-3 ամիս եւ Քարվաճառ քաղաքի բնակիչները կունենան ջրամատակարարման երկրորդ ուղղությունը` երաշխավորված մասնագետների եւ գնահատված լեռնային աղբյուրի ջուրը ճանաչողների կողմից: Աշխատանքները տարեսկզբին են սկսվել, եւ հակառակ բարդ ռելիեֆին ու ոչ բարենպաստ եղանակներին, ժամանակացույցից չեն շեղվում:

 Ծար-Քարվաճառ ճանապարհով անցնողներն արդեն ամիսներ շարունակ սպասված աշխատանքների իրականացման ակամա ականատեսերն են դառնում: Պատահում է` անգամ նախատեսվածից երկար ժամանակով. երբեմն հարկ է լինում սպասել, որ նեղ ճանապարհին մի կերպ տեղավորված մեծ տեխնիկան աշխատանքն ավարտի ու ճամփան ազատի: Այստեղ աշխատելը դժվար է. մի կողմից եղանակը, մյուս կողմից` բարդ ռելիեֆը, անգամ սովորական աշխատանքները կատարելիս խոչընդոտներ են ստեղծում: ՙՃանապարհի վրա կախված ժայռերը մի տեսակ ճնշում են, բայց նաեւ միշտ զգաստ պահում՝ անզգույշ քայլ չանել. ի վերջո՝ մի կողմից ժայռն է, մյուս կողմից՝ գետը,- ե՜ւ ցույց է տալիս, ե՜ւ պատմում է էքսկավատորավար Խանլար Գրիգորյանը:- Ոչ միայն ռելիեֆն է բարդ, այլեւ բուն աշխատանքը: Ջրագծի համար խանդակը փորելուց հաճախ ենք ժայռանման քարերի հանդիպում: Այնպես որ՝ երբեմն նույնիսկ այս հզոր մեքենայի ուժը չի բավարարում՚:

Այս օրերին Քարվաճառ-Ծար ճանապարհի երկայնքով ՙՀիմնաքար՚ ընկերության շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ են աշխատում` մի քանի բրիգադի կազմով: ՙՀին ջրագիծը, կարելի է ասել, շարքից դուրս էր եկել, հաճախակի վթարներ էին լինում, ջրամատակարարման խափանումեր՚,- պատմում է ընկերության աշխղեկ Գեւորգ Գրիգորյանը:

Ծրագիրը 2017-ի սկզբին է մեկնարկել: Հակառակ եղանակի անակնկալներին եւ բարդ ռելիեֆի հարուցած դժվարություններին` աշխատանքների զգալի մասն արդեն ավարտվել է: ՙԾարից Քարվաճառ ձգվող խողովակաշարի երկարությունը մոտ 14 ու կես կիլոմետր է կազմելու: Աշխատանքների 60 տոկոսն արդեն ավարտել ենք՚,- վստահեցնում է Գեւորգ Գրիգորյանը: Հաշվի են առնվում ոչ միայն նման աշխատանքների համար ընդունված ընդհանուր նորմերը, այլեւ տեղի խիստ կլիման. խողովակաշարը փորձում են հենց կառուցման շրջանում ապահովագրել սառնամանիքներից:

Հին ու նոր խողովակաշարերը միայն որոշ հատվածում են զուգահեռ ձգվում: Նոր խողովակաշարի համար ջուրը վերցնելու են ավելի բարձր կետից: Չարչարանքը մի փոքր ավելի շատ կլինի, բայց նոր ջրի որակը դա լիուլի կփոխհատուցի, վստահեցնում է Գեւորգ Գրիգորյանը. ՙԳործող խողովակաշարը ջուրը վերցնում է Ծարի հովտից՝ գետից: Իհարկե, ջուրը ստուգված է, մաքուր: Իսկ նոր խողովակաշարի համար ջուրը վերցնելու ենք հենց Ծար գյուղի ստորոտից՝ աղբյուրից: Բնականաբար, նոր ջրի որակը շատ ավելի լավն է՚: Գործող խողովակաշարը ջուրը Քարվաճառ է հասցնում ինքնահոս եղանակով: Նոր խողովակաշարը գործողից 300-400 մետր ավելի բարձր նիշից է սկսվում, այնպես որ՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չեն լինի:

Առայժմ աշխատանքների ժամանակացույցից չեն շեղվում: Աշխղեկը լավատես է` ջրագծի կառուցումը ժամանակին կավարտեն. ՙԱմենաուշը 2 ամսից կավարտենք նոր խողովակաշարի անցկացումը՝ մինչեւ օգոստոսի վերջը՚:

Դա Քարվաճառին վայրկյանում 18 լիտր ջրով կապահովի: Կգործի նաեւ նախկին խողովակաշարը` որպես պահեստային: 

Նոր խողովակաշարի անցկացումը Քարվաճառի ջրամատակարարման խնդրի լուծման ավարտական փուլն է: Ընդունիչ ավազանը ավելի վաղ էր կարգավորվել, բաշխիչ ցանցը` եւս:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ