ՀՈՒՆՁԸ՝ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ
Հացահատիկի բերքահավաքը Քաշաթաղի շրջանում սկսվեց հունիսի 5-ից։
Մինչ այդ շրջանի հարավային Իշխանաձոր գյուղում կազմավորվել է հակահրդեհային շտաբ՝ բերքահավաքը ժամանակին և անկորուստ իրականացնելու նպատակով։ Շտաբի պետը շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն է, ով տեղեկացրեց, որ բերքահավաքի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Բերքատվությունը համեմատաբար բարձր է՝ միջինը 30ց/հա։ Օրվա ընթացքում 35 կոմբայն աշխատել է հիմնականում Թովմասարի հարթություններում, Կովսականի սարահարթում, ինչպես նաև Արաքսի հովտում՝ հնձելով 300հա տարածք։ Ստացվել է 810տ բերք՝ 27ց/հա բերքատվությամբ։ 8 օրերի ընթացքում ընդհանուր հնձվել է 1400հա տարածք. ստացվել է 4214տ բերք։ Թովմասարի տարածքում մոտ 8000հա հացահատիկի ցանքս է կատարվել։ Այս մասում տեղակայված են 2 հակահրդեհային հենակետեր՝ մեկ հրշեջ մեքենայով և հերկ կատարող տրակտորով։ Անցած օրերին այստեղ արտակարգ դեպք չի գրանցվել, ծառայությունն ընթանում է բնականոն հունով։ Հաջորդ հենակետը գտնվում է Թովմասարի հյուսիսային մասում։ Այս տարածքում հունձը նոր է սկսվել, սակայն ցանկացած իրավիճակի պետք է պատրաստ լինել։ Մինչ հնձի աշխատանքներն սկսելը կատարվել են հակահրդեհային մի շարք աշխատանքներ՝ արտեզրերի հերկ, միջդաշտային ճանապարհների բարեկարգում, պայքար փշաթփերի դեմ և այլն, սակայն հասունացած արտերում պետք է շատ զգույշ գործել։ Մոտակա օրերին ևս 2 հենակետ կստեղծվեն Որոտան քաղաքից հյուսիս՝ Որոտան գետի աջափնյա սարահարթում, և ավելի հյուսիս՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից հարավ-արևելք՝ Վանոցա գյուղի տարածքում։ Մի քանի օրից հնձի աշխատանքները կիրականացվեն բոլոր ցանքատարածքներում, կաշխատեն կրկնակի քանակով կոմբայններ ու այլ տեխնիկական միջոցներ։ Բոլորի ձգտումն է բերքահավաքն ավարտել ժամանակին ու անկորուստ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր