[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Հանրապետությունում մեկնարկած  բերքահավաքի աշխատանքների, վերջին  շրջանում  տեղացած կարկուտի ու սելավի հետևանքների, այս տարվա գյուղատնտեսական ցուցանիշների  կանխատեսումների շուրջ է մեր հարցազրույցը ԱՀ գյուղնախարար Արամ ՄԽՈՅԱՆԻ հետ:

 -Պարոն Մխոյան, ներկայացրեք, խնդրեմ, գյուղատնտեսական աշխատանքների ներկա ընթացքը. տարին, ինչպես երևում է, որոշակի բարդություններ ունի...

-Սովորական գյուղատնտեսական տարի է՝ իր կլիմայական առանձնահատկություններով ու քմահաճույքներով. եթե դեռևս 2 ամիս առաջ տագնապ կար` կապված երաշտի անակնկալների հետ, այսօր ընդամենը որոշ տարածքներում ունեցել ենք կարկտահարության դեպքեր, ինչը կազմում է մեր ամբողջ ցանքատարածքների ընդամենը 3-4 տոկոսը: Գյուղատնտեսական տարին երբեք չի ավարտվում. այն միշտ ընթացքի մեջ է: Արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ սկսել ենք աշնանացանի բերքահավաքը: Եղանակային խոնավ պայմանանների պատճառով այն երբեմն ընդհատվում է, ու պիտի ասեմ, որ այս պահի ցուցանիշներով մենք մոտ ենք անցյալ տարվան. 2016-ի նույն այս ժամանակահատվածում մենք ունեինք մոտ 7000հա հնձված տարածք: Այս տարի նույն ցուցանիշն ընդամենը 500հա-ով է պակաս: Այսինքն՝ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Փոխարենը այս տարի նկատելի է բերքատվության աճ. եթե անցյալ տարի այս պահի դրությամբ հեկտարի միջինը կազմել է 24ց, ապա այս տարի այն 25,1ց է:

-Արդեն ունե՞ք տվյալներ կարկուտի ու սելավի պատճառած վնասների վերաբերյալ:

-Իհարկե, ունենք. վնասված տարածքները կազմում են 3-4 հազ. հա, ինչից 200հա-ն բաժին է ընկնում բազմամյա տնկարկներին, հատկապես խաղողի այգիներին, որտեղ վնասը  50 տոկոսից ավելին է: Վնասվել են նաև 3հազ. հա աշնանացանի, 600-700հա  գարնանացանի որոշ ցանքսեր՝ հնդկացորեն, արևածաղիկ, եգիպտացորեն: Հիմնականում տուժել են Ասկերանի և Մարտունու շրջանները: 

-Հնարավո՞ր չէր կանխատեսել, կանխել կամ նվազագույնի հասցնել աղետի վնասները:

-Ե՜վ հնարավոր էր կանխատեսել, և՜ կանխատեսում ենք, բայց, ինչպես գիտեք, կանխատեսելը մի բան է, կանխելը՝ միանգամայն այլ բան: Այս ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, տարվում են, մեր համապատասխան ծառայություններն այդ ամենը ֆիքսում են, բայց երբ կարկտաբեր ամպեր են ձևավորվում հազարավոր տոննա սառցակտորներով, այս դեպքում արդեն մեր տեխնիկական հնարավորություններն անզոր են:

-Բերքահավաքի ընթացքի մասին.  որտե՞ղ է այն ընթանում, կա՞ բավարար տեխնիկա: 

-Ինչպես նշեցի, արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է բերքահավաքը. աշխատանքներն առայժմ ընթանում են հարթավայրային, ցածրադիր գոտիներում՝ Քաշաթաղում, Ասկերանում, Մարտունիում, Հադրութում: Իհարկե, ծավալները դեռ այն չեն, քանի որ ցորենը դեռ չի հասունացել, կատարվում է գարու հունձ: Ինչ վերաբերում է տեխնիկային, ուրախությամբ պետք է նշենք, որ հատիկահավաք կոմբայնների մասով առկա է լիովին բավարար քանակ՝ միայն ավելի քան 70 բարձրակարգ ժամանակակից հացահատիկահավաք կոմբայն և ավելի քան 220՝ խորհրդային ժամանակներից մնացած կոմբայններ, որոնց սարքինության համար մենք համապատասխան միջոցներ տրամադրեցինք արտոնյալ վարկավորման տեսքով: Այնպես որ, տեխնիկայի հետ կապված մենք խնդիրներ չունենք:

-Հրդեհների դեպքեր գրանցվե՞լ են: Եվ, ընդհանրապես, հակահրդեհային միջոցառումները բավարա՞ր են:

-Մենք մշտապես իրականացնում ենք հակահրդեհային համալիր աշխատանքներ, և այդ աշխատանքները տալիս են իրենց դրական արդյունքները, 2015-2016թթ. լուրջ հրդեհների դեպքեր չենք ունեցել:

-Ամեն տարի բերքահավաքից հետո հացահատիկի շուկայում խնդիրներ են առաջանում` կապված ցորենի իրացման հետ, լինում են գնային տատանումներ: Կառավարությունն այս տարի կմիջամտի՞ գների կարգավորման գործընթացին:

-Իհարկե: Բերքահավաքի ժամանակ, սովորաբար, առաջարկը գերազանցում է պահանջարկին, ինչի արդյունքում, բնականաբար, շուկայում հայտնվում է մեծ քանակությամբ գյուղատնտեսական մթերք, տվյալ դեպքում՝ հացահատիկ, ինչը ոմանց հնարավորություն է տալիս վճռորոշ դերակատարություն ունենալ գնային քաղաքականության հարցում, իսկ ավելի կոնկրետ, փորձ է արվում գյուղմթերքը ձեռք բերել հնարավորինս ցածր գնով: ԱՀ կառավարությունը միշտ էլ միջամտել է, որպեսզի նման ազդեցությունը նվազեցվի: Այս տարի ևս կփորձենք շուկայում կարգավորիչ դերակատարում ունենալ, մասնավորապես, ԳԳԱՀ-ն առկա պարտավորությունների դիմաց կմթերի հացահատիկ: Այսինքն` պետությունն այս տարի ևս կօժանդակի հողօգտագործողին գյուղմթերքի սպառման հարցում, ինչպես նաև հնձի կազմակերպման, բերքի տեղափոխման և իրացման հարցերում՝ ունենալով կարգավորիչ դեր:

-Մյուս ոլորտներում՝ այգեգործություն, պտղաբուծություն, ջրային համակարգեր, ծխախոտագործություն, բանջարաբոստանային մշակաբույսեր, պետական միջոցառումներն արդյունքներ տալի՞ս են: Ի՞նչ սպասելիքներ կան նախորդ տարիների համեմատ: 

-Վերջին տարիներին մեր կողմից լուրջ ուշադրություն է դարձվում և՜ պտղաբուծության զարգացմանը, և՜ գարնանացան մշակաբույսերի նոր տեսակների ապահովմանը, ու որպեսզի կարողանանք բոլոր այդ ծրագրերն իրականացնել, անհրաժեշտ է լրջագույն ուշադրություն դարձնել ոռոգման ժամանակակից համակարգերին: Եվ պտղաբուծության, բանջարաբուծության  ու ծխախոտագործության զարգացման ուղղությամբ մենք արդեն սկսել ենք ներդնել ոռոգման տեխնոլոգիաներ, կաթիլային համակարգեր: Անցյալ տարի ծխախոտի 30հա-ի վրա փորձնական կաթիլային համակարգ կիրառեցինք, այս տարի նման ոռոգմամբ ծխախոտի ցանքատարածությունները հասցրել ենք 100հա-ի, իսկ 60-80հա այգիներում էլ ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգ. այստեղ արդեն  պտղատու այգիներ են, հատկապես նռան այգիներ: 

Առաջիկա ծրագրերով նախատեսվում է այդ թիվը հասցնել 200-300-ի: Տարեկան պետական աջակցությամբ 250-300հա-ի վրա կհիմնվեն պտղատու այգիներ կաթիլային ոռոգմամբ: Իսկ այսպիսի մոտեցումը (նկատի ունեմ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը), անշուշտ, ցանկալի արդյունք կտա: Հաջորդ տարիների համար մենք քայլ առ քայլ կիրականացնենք նախատեսված  բոլոր ծրագրերը՝ բազմապատկելով նաև ծավալները:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ