[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է

Ամբողջ աշխարհում կապի և հեռահաղորդակցության ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ զարգանում է աննախադեպ արագությամբ:

Ինչպե՞ս են ազդում այդ գործընթացներն Արցախի ենթակառուցվածքների վրա, զարգացման ի՞նչ հեռանկարներ են բացում մեր հանրապետության համանուն ոլորտի զարգացման համար՝ ներկայացնում է ԱՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բաժնի պետ Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

-Պարոն Գրիգորյան, ի՞նչ է արվում ԱՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, որպեսզի Արցախը աշխարհում տեղի ունեցող ոլորտային գործընթացներից հետ չմնա:

-Շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, որոնք, ինչպես գիտեք, մի կարևոր առավելություն ունեն՝ ժամանակ ու տարածություն չեն ճանաչում, հնարավոր է այդ գործընթացներին ներգրավվել գրեթե անմիջապես: Ոլորտում կատարված նորարությունները շատ են: Կասեի ավելին. ոչ միայն հետ չենք մնում, այլև որոշ նախագծերով հանդես ենք գալիս առաջատարի դիրքից: Մեր ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկը հանրապետության տարածքում հեռուստառադիոհեռարձակման թվայնացումն է, որը, համաձայն ԱՀ կառավարության որոշման, 2008 թվականից իրականացվում է փուլերով: Համաձայն ծրագրի 3-րդ փուլի, այս տարի կավարտենք այդ աշխատանքներն Արցախի ողջ տարածքում: Ներկայումս թվային հեռուստատեսության սփռվածությունն Արցախի Հանրապետությունում կազմում է 95%: Այժմ ՙԱրցախկապ՚  ՓԲԸ-ի կողմից աշխատանքներ են տարվում Քաշաթաղի հարավային թևում, որտեղ պլանավորված է տեղադրել ևս երեք հեռուստահեռարձակիչ կայաններ՝ սփռվածության մակարդակն  էլ ավելի բարձրացնելու համար:

-Ի՞նչ խնդիրներ կլուծի հեռուստատեսության թվայնացումն Արցախում, ի՞նչ առավելություն ունի այն, և ի՞նչ պայմաններով նման ծառայությունը կառաջարկվի բնակչությանը:

-Հիմնական նպատակն այն է, որ Արցախի բնակչության ավելի քան 90%-ը պիտի հնարավորություն ունենա դիտել թվային ֆորմատով հեռարձակվող հեռուստաալիքները, որոնց ցանկն ամեն տարի հաստատվում է կառավարության կողմից: Այսօր թվային հեռուստատեսությունն Արցախում հեռարձակվում է 2 տարբերակով՝ վերերկրյա (DVB-T2) և արբանյակային (DVB-S2): Վերջինն Արցախում իրականացվում է հիմնականում վճարովի հիմունքներով՝ բիզնես-ծրագրի շրջանակներում, սակայն այս հեռարձակվող փաթեթում ունենք թվով 17 հեռուստաալիք,  որոնք կոդավորված չեն: Այսինքն, եթե քաղաքացին ունի սեփական արբանյակային ալեհավաք և DVB-S2 տյուներ, ապա առանց բաժանորդագրվելու նա դիտելու է այս 17 հեռուստաալիքները: DVB-T2 (վերերկրյա) տարբերակով Արցախում պետպատվերի շրջանակներում հեռարձակվում են թվով 10 հեռուստաալիք և երեք ռադիոալիք: Այս տարբերակի դեպքում բնակչությանն անհրաժեշտ է  ձեռք բերել DVB-T2 թվային կցորդներ, և օգտագործելով հին ալեհավաքները՝ օգտվել այս ծառայությունից:

-Գաղտնիք չէ, որ բնակչությունը գոհ չէ մատուցվող ծառայությունների որակից, չնայած վճարովի ծառայությունը հատկապես պարտավոր են բավարար որակով մատուցել: Հաճախ հեռարձակման ժամանակ կադրը կորչում, կտրվում կամ կանգնում է:  Ի՞նչով է դա պայմանավորված:

-Ինչպես նշվել է, սա այն ոլորտն է, որն անընդհատ զարգացման գործընթացի մեջ է: Թվային տեխնոլոգիաներն օրեցօր աճում են, եվրոպական բոլոր պետություններն անցել են թվային հեռուստառադիոհեռարձակման: Դեռ ավելին, զարգացած երկրներում այժմ MPEG-2, կամ ինչպես ընդունված է ասել՝ SD ֆորմատից, անցում է կատարվում հերթական՝  MPEG-4 կամ HD ֆորմատին, որը որակապես երկու և ավելի անգամ գերազանցում է նախկինին: Մենք ևս զարգացման փուլից հետ չմնալու համար քայլ առ քայլ անցում ենք կատարում նոր ֆորմատին, իսկ անցումային փուլում, ինչպես գիտեք, առկա են լինում տարբեր խափանումներ:

Բովուրխանի հիմնական հեռարձակիչ կայանում ՙԱրցախկապ՚  ՓԲԸ-ի կողմից մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում՝ կապված եթերում խափանումների նվազեցմանը:  

 Այժմ Արցախի վճարովի  ծառայությունից օգտվող բաժանորդները հնարավորություն ունեն դիտել թվով 7 HD ֆորմատով հեռարձակվող հեռուստաալիքներ: Իհարկե, ՙԱրցախկապ՚  ՓԲԸ-ի համար դա թանկ հաճույք է, սակայն կամաց-կամաց այն կներդրվի ամբողջությամբ: 

-Խոսելով հեռահաղորդակցությունից, ավելի շատ ընկալում ենք հեռուստատեսություն: Ի՞նչ ծրագրեր ունեք ռադիոոլորտի վերաբերյալ: 

-Ռադիոյի գործածությունն էլ լայն տարածում ունի: Ծրագրեր ևս կան: Երկու տարի առաջ Արցախում իր գործունեությունն սկսեց ՙԱվրորա՚ ռադիոկայանը,  որի հեռարձակումն իրականացվում է Շուշի քաղաքից,  իսկ անցած տարի Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի առաջնորդությամբ մեզ մոտ իր գործունեությունն սկսեց ՙՎԷՄ՚ ռադիոկայանը, որն Արցախ աշխարհում սփռում է հոգևոր-մշակութային հաղորդումներ: Արցախի տարածքում բոլոր ռադիոալիքներն սփռվում են անալոգային տարբերակով: Այս տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՙՌադիոհեռարձակման թվայնացման մասին՚  ՀՀ օրենքը: Մեզ մոտ այն դեռ չկա, ստացվում է, որ իրավական դաշտն էլ կարգավորելու խնդիր ունի: Բայց ապագայում ռադիոյի թվային հեռարձակման հարցը ևս պիտի օրակարգ մտցվի:      

-Բնակչությանն ամենաշատը հուզող խնդիրներից մեկը բջջային և ինտերնետ կապի որակի և բարձր սակագնի հարցն է:

-Արցախում խորհրդային տարիներից մեզ ժառանգություն էր մնացել անալոգային հեռախոսակապը, որն իրեն չարդարացրեց և՜  շահագործման առումով, և՜  պահպանման,  դրա համար էլ բոլոր զարգացած պետություններն անցան թվային հեռախոսակապի (մենք` նույնպես): Այսօր մեր հանրապետությունում ֆիքսված հեռախոսակապով ապահովված է բնակչության 70 տոկոսը: Ինչ վերաբերում է բջջային կապին, ապա այստեղ հարցը գրեթե լուծված է. բնակչության 98%-ը ապահովված է, սա շատ լավ արդյունք է: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արցախը բարդ ռելիեֆային կառուցվածք ունի, և դժվար է բարձր լեռնային գոտիներում 100-տոկոսանոց արդյունքի հասնել: ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ  ծրագրերով իրականացվել են Արցախի (սկզբում՝ 200 և ավելի, հետո՝ 100 և ավելի, հետո 50 և ավելի բնակիչներ ունեցող) համայնքները Wi-Fi ինտերնետ կապով ապահովելու աշխատանքներ:

Օպտիկամանրաթելային ինտերնետ կապով ապահովված են միայն Ստեփանակերտ քաղաքը լրիվությամբ  և բոլոր շրջկենտրոնները՝ բացառությամբ Շահումյանի շրջանի: Այժմ Արցախի բնակչության   98%-ը հնարավորություն ունի օգտվել մատուցվող ինտերնետ ծառայությունից:

Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող 2-րդ՝ Վարդենիս-Սոթքի լեռնանցք-Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհի կառուցմանը զուգահեռ անցկացրինք 2-րդ օպտիկամանրաթելային կապուղին: Առաջինի հետ, որն անցնում է Քաշաթաղով, մենք կունենանք օղակաձև գիծ, որը թույլ կտա կրկնակի բարձրացնել և՜ որակը, և՜ արագությունը:

Ինչ վերաբերում է բջջային կապի և ինտերնետ ծառայության  սակագներին, ապա կարող եմ միայն  նշել, որ այդ հարցով զբաղվում է Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը: Որակի մասին  միանշանակ կարող եմ ասել, որ խափանումների վերացումը  ժամանակի հարց է:

-Կապի մյուս ոլորտներում ինչպիսի՞ն է վիճակը:

-Փոստային կապի ոլորտում մեծացել է դրսից եկող ծանրոցների քանակը 4-8 անգամ, քանի որ Արցախում էլեկտրոնային օնլայն առևտուրը մեծ թափ է ստացել: Տեղեկատվայնացման մասով առաջընթաց կա: Մասնավորապես՝ Թումո և IT տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների գործունեության շնորհիվ: Շուտով Թումո կենտրոնը մասնաճյուղեր կունենա Ճարտար և Հաթերք համայնքներում, որը   դրանց և  մոտիկ բնակավայրերի երիտասարդներին նորագույն տեխնոլոգիաների ոլորտին ներգրավվելու  հնարավորություն կտա: 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ