Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՔԱՐԱԳԼՈՒԽ. ԱՎԵՐԱԿՆԵՐԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ՝ ՏԵՂ ԱԶԱՏԵԼՈՎ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հակառակ հոռետեսների մտավախություններին` ավերակներից հառնում է 1990-ականների սկզբին հայաթափված, ադրբեջանցիների կողմից հիմնահատակ ավերված եւ հետո գերությունից ազատագրված Քարագլուխը:  

Արդեն մի քանի տարի է` հայրենի գյուղի վերականգնման ծրագրերին է լծվել արմատներով քարագլխեցի ռուսաստանաբնակ Մաքսիմ Աթայանցը: Իրականացված ծրագրերից յուրաքանչյուրը հաջորդի համար ամուր հիմք է դառնում: Եվ արդյունքում` քար առ քար վերականգնվում է Քարագլուխը: Վերածնվող գյուղում արդեն առաջին ընտանիքներն են հաստատվել:

Քարագլխի վերականգնման ծրագրերը մի քանի տարի առաջ են մեկնարկել: Նոր եկեղեցու կառուցումից հետո հինը վերանորոգվեց: Զուգահեռ` առանձնատների, ավելի ուշ` մրգի վերամշակման արտադրամասի շինարարությունը սկսվեց: Առանձնատները կառուցվում են ավանդական նախագծով, ավանդական տեսքով, բայց ժամանակակից տեխնոլոգիաներով: Կաղնեփայտե դուռ-լուսամուտ, մեր օրերի համար անսովոր հաստ ու ամուր պատեր` անտաշ քարից, փայտե պատշգամբ ու բազրիք, տանիքին` կղմինդր. ամեն ինչ` ինչպես ավանդական հայկական տներում: Աշխատանքները ժամանակացույցից չեն շեղվում, վստահեցնում է ՙՔարագլուխ՚ հիմնադրամի տնօրեն Մանուշակ Տիտանյանը: ՙԱյս փուլում արդեն առանձնատներից երկուսի շինարարությունն ավարտվել է: Երրորդինը շուտով կավարտվի, իսկ չորրորդ առանձնատան շինարարությունն արդեն սկսվել է,- թվարկում է Մ. Տիտանյանը:- Ավելի ուշ սկսեցինք մի շատ կարեւոր ձեռնարկ. գյուղը մրգի վերամշակման կետ է ունենալու: Արտադրամասի շինարարության մի կարեւոր փուլն էլ ավարտել ենք՚:

Այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, սակայն, այն է, որ Քարագլուխն արդեն առաջին բնակիչներն ունի: Բիդյանների ընտանիքը հարեւան գյուղից է եկել, հաստատվել: Մինչ ավագները զբաղված են՝ երրորդ դասարանցի Գոռի միակ խաղընկերը գնդակն է մնում: ՙԻ՞նչ կցանկանայիր՚ հարցի պատասխանն ինքնին է ծնվում: ՙԿցանկանայի, որ մեր գյուղում շատ երեխաներ լինեին, որ միասին խաղայինք՚,- փոքրիկ Գոռի առաջին ցանկությունն է:

Գոռն արդեն հարեւաններ ունի՝ այն էլ հեռվից եկած: Կազանչյանների ընտանիքը երկար դեգերումներից հետո է Լիբանանից Քարագլուխ հասել: Մինչ այդ հասցրել են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ու նախաձեռնություններին մասնակցել: Ընտանիքի դուստրը՝ Մարիան, ամենաշատը ՙԴու ի՞նչ ես արել Ղարաբաղի համար՚ ծրագրին մասնակցելու համար ստացած շնորհակալագիրն է գնահատում: Զրույցը սկսում է հենց այդ շնորհակալագիրը ցույց տալով. ՙԱյս շնորհակալագիրը Սփյուռքի նախարարությունն է տվել Կազանչյան ընտանիքին՝ ՙԻ՞նչ ես արել Ղարաբաղի համար՚ շարժմանը մասնակցելու եւ երեք որդիներին Արցախի բանակում ծառայության ուղարկելու համար՚,- պատմում է Մարիա Կազանչյանը: Տղաներից երկուսը դեռ ծառայում են Պաշտպանության բանակում: Քույրն անկեղծանում է՝ հենց նրանք իրենց կապեցին Արցախի հետ, ստիպեցին սիրել հարազատ, բայց դեռ անծանոթ հողը: Քարագլուխը վերականգնող խմբի եւ Հայաստանի սփյուռքի նախարարության համագործակցության արդյունքում՝ Կազանչյանների ընտանիքը հաստատվեց գյուղի նորակառույց առանձնատներից մեկում: ՙՍկզբում եկանք, տեսանք, հավանեցինք: Հետո ընտանիքով տեղափոխվեցինք ու հաստատվեցինք այստեղ՚,- երկար պատմությունը մի քանի բառով է ամփոփում Մարիան: Նոր առանձնատան պայմանները լիովին բավարարում են: Շուրջօրյա ջուր, սանհանգույց, ջեռուցման համակարգ: Այսքանը կար` ըստ նախագծի: Ի սկզբանե կահույքի հետ կապված խնդիր կար: ՙԱնկեղծորեն ասած, կահույք չունեինք: Այդ մասին տեղեկացրինք տիկին Մանուշին, ինքն էլ դիմեց Արցախի նախագահին՚,-իրազեկեց Մարիան: Շարունակությունը ՙՔարագլուխ՚ հիմնադրամի տնօրենն է պատմում: ՙԴիմեցի Բակո Սահակյանին՝ այդ ընտանիքին գոնե նվազագույն կահույքով ապահովելու հարցով. համապատասխան նախարարությանը հանձնարարեց տունն ամբողջովին կահավորել եւ կենցաղային տեխնիկան էլ տրամադրել՚,- մանրամասնում է Մանուշակ Տիտանյանը:

Պայմաններից նորաթուխ քարագլխեցիները գոհ են: Եղբայրները դեռ ծառայում են, իսկ ինքն արդեն հաստատ որոշել է. Քարագլխում է մնալու: Համացանցին միանալուց հետո էլ ծրագրավորողի մասնագիտություն ստացած Մարիայի վստահությունն է մեծացել. աշխատանք էլ կգտնի: ՙՃիշտն ասած, այստեղ համացանցի կարիքն ավելի շատ է զգացվում: Համացանցի միջոցով շատ հանգիստ կարող եմ համագործակցել անգամ արտասահմանում աշխատող կազմակերպությունների հետ: Իսկ բուն Քարագլխում իմ միակ աշխատատեղը թերեւս դպրոցը կլինի՚,- արդեն ապագայի ծրագրեր ունի Մարիան: Մինչ այդ՝ տեղի բերք ու բարիքն է հավաքում, ձմռանը նախապատրաստվում: Ընտանիքի հայրն էլ նախատեսում է հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել: Երբ այդ մասին ասաց Վալերի Բալայանին, վերջինս խոստացավ առաջին ոչխարները նվիրել եւ Քարագլուխ հասավ՝ խոստացածը Կազանչյաններին հանձնելու:

Սա մասնավոր դեպք էր: Իսկ Քարագլխի բնակիչների զբաղվածության հարցն ավելի ամբողջական լուծելու ծրագիր կա: Մրգի վերամշակման արտադրամասը, որի կառուցումը շուտով կավարտվի, հենց գյուղի բնակիչների զբաղվածության ու եկամտի հարցում պետք է լուրջ բաժին ապահովի: Վերջնական տեսքի բերվելուց հետո այն նաեւ զբոսաշրջիկներ ընդունելու հնարավորություն կունենա` իր ճաշարանով ու համտեսի սրահով, մանրամասնում է Մանուշակ Տիտանյանը: Իսկ ոչ հեռու ապագայում նաեւ հյուրատուն կունենան:

Դա միակ նորույթը չի լինի: Ավանդական արժեքներին հավատարիմ են, բայց ժամանակակից լուծումներից էլ չեն խուսափում, եթե այն գյուղի բնակիչների հոգսը կարող է թեթեւացնել: Կենցաղում օգտագործվող տաք ջրի համար քարագլխեցիները գումար չեն ծախսի: ՙԱրեւային մեկ ջրատաքացուցիչ արդեն տեղադրել ենք, մյուսն էլ շուտով կտեղադրենք: Դա թույլ կտա կենցաղում օգտագործվող տաք ջրի համար կամ ընդհանրապես չվճարել, կամ շատ քիչ վճարել՚,-ընդգծում է ՙՔարագլուխ՚ հիմնադրամի տնօրենը:

Շարունակությունն ավելի հավակնոտ ծրագիր է: Քարագլուխը կարող է Արցախի առաջին ՙարեւային՚ գյուղը դառնալ: ՙԱրեւային պանելներ ենք տեղադրելու: Հաշվի առնելով, որ արեւոտ օրերն այստեղ բավականին շատ են, կարծում ենք, որ արտադրված հոսանքը ոչ միայն գյուղին կբավարարի, այլեւ ավելցուկ կմնա, որը կարող ենք վաճառել ցանցին,- հետագա ծրագրերն է ներկայացնում Մանուշակ Տիտանյանը:- Դա նաեւ նախադեպ կդառնա՝ փորձը Արցախի այլ գյուղերում եւս կիրառելու հեռանկարով՚: Վստահ են` դա էլ կլինի: Այս պահին հիմնական մտահոգությունները ճանապարհների հետ են կապված: ՙԱյս ճանապարհներով ամեն մեքենա չի անցնի, միայն ամենագնացները եւ բեռնատարները՚,- մտահոգությունը հիմնավորում է ՙՔարագլուխ՚ հիմնադրամի տնօրենը:

Խնդիրը կսրվի, երբ գյուղի բնակիչներն ավելանան: Իսկ դա սարերի հետեւում չէ: Շուտով գյուղում երկու ընտանիք եւս կհաստատվի:

 Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ