Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՔԱՇԱԹԱՂԸ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

 

 

 

Գյուղատնտեսական տարվա արդյունքներն ամփոփել եւ գալիք տարվա անելիքներում առաջնահերթություններն են հստակեցրել Քաշաթաղի շրջանում: Համայնքների ղեկավարների եւ շրջվարչակազմերի պատասխանատուների հետ հոկտեմբերի 18-ին հանդիպել է  գյուղատնտեսության նախարարի եւ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավարի ուղեկցությամբ Քաշաթաղի շրջան այցելած պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Գյուղատնտեսական տարին Քաշաթաղի շրջանում տպավորիչ ցուցանիշներով են ամփոփում: Շրջանում 2017թ. բերքի տակ ավելի քան 20 հազար հեկտար հացահատիկ է ցանվել: 154 հեկտարը կարկտահարվել է, 1 հեկտարը` հրդեհվել: Արդյունքներից, սակայն, դժգոհ չեն: Շրջանում հացահատիկայինների միջին բերքատվությունը կազմել է 27,8 ցենտներ հեկտարից. համախառն բերքը հատել է 50 հազար տոննայի նշաձողը: Նորույթներից էլ չեն խուսափել: Շրջանում բանջարեղենի եւ բոստանային կուլտուրաների մշակությամբ հիմնավորապես տարիներ առաջ են սկսել զբաղվել: Վերջին տարիներին նաեւ եգիպտացորեն, արեւածաղիկ, կտավատ են ցանել: Արդյունքներից գոհ են: Իրացման խնդիրներ չեն եղել, խորհրդակցության ժամանակ վստահեցրել է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լեւոն Սիմոնյանը:

Հանդիպմանը պետական նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է գյուղոլորտում սպասվող նորությունների մասին: Ցանքաշրջանառությունը կկիրառվի ոռոգվող տարածքներում, իսկ անջրդի տարածքներում  (շրջանում այդպիսիք քիչ չեն) կշարունակվի սեւ ցելի ծրագիրը: Գլխավորը՝ հերկի ու ցանքսի աշխատանքները ագրոժամկետներում հասցնելն է, ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Այս պահին  շրջանում 6000 հեկտար հերկ է կատարվել, 2000 հեկտար` ցանքս: Գալիք տարվա բերքի տակ իրականացվող աշնանացանի համար որոշիչ են լինելու առաջիկա օրերը: Նախատեսում են աշխատանքները ժամանակին հասցնելու նպատակով նաեւ հարեւան Սյունիքի մարզից գյուղտեխնիկա ներգրավել: 

Գարնանացանի խթանման պետական ծրագրից 2017-ին շրջանում բանջարեղեն մշակող 139 հողօգտագործող է օգտվել: Խոսքը մշակվող բանջարեղենի մեկ հեկտարի հաշվով անհատույց տրամադրվող 200 հազար դրամի մասին է: Ծրագիրը կշարունակվի, վստահեցրել է Արայիկ Հարությունյանը: 

Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի շրջանակներում Քաշաթաղի շրջանի համար եւս, այնուամենայնիվ, նորություններ կլինեն: Առաջին նորույթը պտղաբուծության ոլորտից է: ՙԱՐԻ՚ ծրագրի համագործակցությամբ` նախատեսվում է Քաշաթաղում մրգի վերամշակման հնարավորություններ ստեղծել` ի դեմս չրի արտադրամասերի: Դրանք կտրամադրվեն լիզինգային հիմունքներով: Մանրամասները դեռ հստակեցվում են: ՙԴրանք գործարաններ չեն լինելու, այլ՝ փոքր արտադրամասեր, որոնց աշխատանքի հիմքում լինելու են մեզ ծանոթ, ավանդական մեթոդները,- մանրամասնել է պետնախարարը:- Սակայն նաեւ ուսուցողական դասընթացներ ենք անցկացնելու՝ արտադրությունը ճիշտ կազմակերպելու նպատակով: Բացի այդ՝ գնելու ենք պատրաստի արտադրանքը՚:

Ավելի շատ ջանքեր են պահանջվելու անասնապահության ոլորտում: Շրջանում խոշոր եղջերավոր անասունների թիվը 11 հազար է: Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ավելի լավատես է՝ իր ունեցած տվյալներով՝  գլխաքանակն ավելի շատ է: Առաջին խնդիրն ունեցածը գույքագրելն է համարում: Անասնաբուժական եւ կանխարգելիչ ծրագրերը պետությունն իրականացնում է հաշվառված գլխաքանակի հաշվարկով: Արայիկ Հարությունյանը հորդորում է. անասնապահությունը շահութաբեր կդառնա, եթե կենդանիների մթերատվությունը բարձրացվի: Առաջին պայմանը կերային բազայի ձեւավորումն է, որի հնարավորությունները Քաշաթաղի շրջանում կան. հյուսիսում խոտի պաշարներն են մեծ, հարավում՝ հատիկի արտադրությունն է ընդլայնվում: Պետական ծրագրերը մի մասով կերի բազայի ամրապնդմանն են ուղղվելու, մյուս մասով՝ արտադրանքի իրացմանն աջակցելուն: Խոսքն առաջին հերթին կաթի մասին է: Շրջանում նախատեսվում է սառնարանային տնտեսություններ հիմնել: Հաջողության դեպքում այս նախաձեռնությունը ավելի մեծ ծրագրի հիմքը կդառնա: ՙՈչ թե կաթն եք ամեն օր հանձնելու, այլ ինքներդ պանիր եք պատրաստելու եւ, ասենք, շաբաթը մեկ անգամ ձեր պատրաստած պանիրը տանելու եք ի պահ հանձնեք այդ տնտեսությանը: Երբ բավական պանիր հավաքվի՝ կարելի է այն մեծածախ գնորդներին առաջարկել կամ ինքներդ կարող եք կազմակերպել տեղափոխումը եւ վաճառքը Ստեփանակերտում կամ Երեւանում: Իսկ հետագայում կարող ենք դրա հիման վրա կոոպերատիվ ստեղծել, կաթը մթերել եւ պանիր պատրաստել: Տնտեսապես ավելի ձեռնտու է ոչ թե կաթը վաճառել, այլ վերամշակել եւ նոր միայն շուկա հանել՚,- դեռ մշակվող ծրագիրը քաշաթաղցիներին ընդհանուր գծերով  ներկայացրել է պետական նախարարը:

Միայն գյուղատնտեսության ոլորտում չէ, որ նորություններ են սպասվում: Քաշաթաղի շրջանում ակտիվացվելու են վերաբնակեցման աշխատանքները: Արայիկ Հարությունյանը հանձնարարեց շինարարությունից առաջ ունեցած բնակֆոնդը գույքագրել եւ ակտիվացնել վերաբնակեցման ոլորտում քաղաքականությունը:

Քաշաթաղում կայացած հանդիպմանը պետական նախարարը խոսել է նաեւ ՏԻՄ ոլորտում սպասվող փոփոխությունների մասին: Դրանք նախատեսված են Սահմանադրությամբ: ՙՆախատեսում ենք շրջանը դիտարկել որպես մեկ համայնք: Համայնքի բնակչությունը կընտրի համայնքի ղեկավար, որն էլ իր հերթին կնշանակի գյուղապետերին եւ քաղաքապետերին՚,- ներկայացրել է Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ այդ բարեփոխումները իրականացվում են ոչ թե հաստիքներ կրճատելու, այլ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նոր պայմաններում՝ համայնքի վերածված շրջանի ղեկավարությունը տեղական նշանակության խնդիրները կարգավորելու ավելի լայն լիազորություններ ու դրանք կիրառելու նյութական հնարավորություններ կունենա: