[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲՅՈՒՋԵ-2018՚. 100 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏՎԵՑ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 15-ին տրվեց ՙԲյուջե-2018՚-ի խորհրդարանական քննարկումների մեկնարկը:

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի նախագիծը` ընդհանուր գծերով: 

Կառավարության ներկայացուցիչների 2018-ի հանդեպ լավատեսության հիմքը 2017թ. տնտեսական ցուցանիշներն են: Ե՜վ ներքին, ե՜ւ արտաքին ազդակների շնորհիվ տնտեսական աճի տեմպերն ակնկալիքները գերազանցել են: Ֆինանսների նախարարի կանխատեսումներով՝ 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը կհասնի 15 տոկոսի:

ՙԲյուջե-2018՚-ն առաջինն է փետրվարի 20-ին ընդունված Սահմանադրությունից հետո եւ հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագրի դրույթներից բացի ներառում է նաեւ նոր Սահմանադրությունից բխող նորությունները: Առաջնահերթությունները, սակայն, անփոփոխ են` կայուն տնտեսական աճի ապահովում, պետականաշինություն եւ  պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում. խորհրդարանականների հետ հանդիպմանը թվարկել է երկրի գլխավոր ֆինանսիստը:

2018 թվականի համար համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 291 մլրդ դրամի չափով` մոտ 8 տոկոս իրական աճի ապահովմամբ: Ֆինանսների նախարարը պարզաբանում է. 2018-ի համար խնդիր է դրվել ոչ թե կարճաժամկետ ծրագրեր իրականացնել եւ արդյունք ապահովել, այլ` երկարաժամկետ զարգացման հիմքեր ստեղծել: Միջպետական վարկի չափը 2018 թվականին կկազմի 51 մլրդ 394 մլն դրամ, կամ ընթացիկ տարվա համեմատ 656,4 մլն դրամով ավելի: Աճի տեմպը առավել նկատելի է լինելու սեփական եկամուտներում: ՙՊետական բյուջեի սեփական մուտքերը ծրագրվել են 44 մլրդ 600 մլն դրամի չափով, այսինքն` աճը 2017 թվականի համար ծրագրված եկամուտների նկատմամբ կկազմի 17,4 տոկոս, կամ 6 մլրդ 600 մլն դրամ,- մանրամասնել է Գ. Մարտիրոսյանը:-Հարկային եկամուտները պետական բյուջեի նախագծում նախատեսվել են 43 մլրդ 600մլն դրամի չափով, կամ ընթացիկ տարվա համար ծրագրված մուտքերից 6 մլրդ 600 մլն դրամով ավելի՚:

2018թ. պետական բյուջեի դեֆիցիտը պլանավորվել է 4 մլրդ 299 մլն դրամի, կամ համախառն ներքին արդյունքի 1,5 տոկոսի չափով: Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ դեֆիցիտի գումարը նվազել է 1 մլրդ 395 մլն դրամով: 

Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 100 մլրդ 293 մլն դրամ` 2017-ի համեմատ աճը` 6,2 տոկոս:  Որ ոլորտում ինչքան՝ մանրամասն կներկայացվի հանձնաժողովային քննարկումներում: Գ. Մարտիրոսյանն անդրադարձել է մի քանի նորույթների: Գյուղատնտեսության ոլորտի ծախսերը նախատեսվում են 4 միլիարդ 779 մլն դրամի չափով` 2017-ից 11,2 տոկոսով ավել: Հիմնավորումը նոր հայեցակարգային մոտեցումների ներդրման ծրագիրն է գյուղատնտեսության ինտեսիվ զարգացման ակնկալիքով: Նույն հիմնավորմամբ` Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 300 մլն դրամ` 2017-ի համեմատ մոտ 60 տոկոսով ավելի:

Տնտեսական ոլորտում նորույթների թվում ՙԸնթացիկ նորոգման, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման ծրագիրն՚  է, որին 2 մլրդ 200 մլն դրամ է հատկացվելու: Ֆինանսների նախարարը պարզաբանում է՝ սա ՏԻՄ ոլորտում սպասվող փոփոխությունների նյութական հիմքն է ապահովելու` տեղական իշխանությանը տալով տեղական նշանակության խնդիրները կարգավորելու գործնական հնարավորություններ: Պետնախարար Արայիկ Հարությունյանը մանրամասնում է` հաջողված օրինակներ արդեն կան. ՙՕրինակ, Քաշաթաղի շրջանում ունենք կազմակերպություն, որը զբաղվում է ե՜ւ ջրամատակարարման հարցերով, ե՜ւ ճանապարհների ընթացիկ նորոգումներով: Ընդ որում, առաջնահերթությունը որոշում է շրջանի ղեկավարությունը՝ ըստ անհրաժեշտության՚:

Արայիկ Հարությունյանը նաեւ 2018-ին նախատեսվող եւս մի քանի նորույթների մասին է խոսել: Տարին բնակարանաշինական նոր ծրագրերի առատությամբ է առանձնանալու: 400 մլն դրամ բնակարանաշինությանը կուղղվի միայն վերաբնակեցման ծրագրով: ՙԱյդ ծրագրով տարեկան նախատեսում ենք 80-100 առանձնատուն կառուցել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում՚,- ծրագիրը թվերի է վերածում պետական նախարարը:

Զուգահեռ` կշարունակվի շինանյութի տրամադրման ծրագիրը, կսկսվի շրջաններում արտոնյալ պայմաններում միջոցների տրամադրումը` բնակարանների ձեռքբերման համար: Պետական աջակցությունն Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամին  կկազմի 1 մլրդ դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 300 մլն դրամով: Սա եւս բնակարանաշինությանը խթանելու գործիքներից մեկն է դառնալու:

Նախատեսվող եկամուտների մասին Արայիկ Հարությունյանը խոսեց ոչ թե 2018 թվականի կտրվածքով, այլ ժամանակագրական ավելի լայն ընդգրկմամբ: Հանքարդյունաբերությունում աճը, այո, այսօր եկամուտներ ապահովում է, բայց այդ եկամուտների նվազման հեռանկարը պարտադրում է այսօրվանից եկամուտների համար այլընտրանքային ուղղություններ ապահովել՝ ի դեմս էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման եւ վերամշակող արդյունաբերության: 2018-ը նաեւ այդ առումով է լինելու կարեւոր:

Կառավարության ներկայացուցիչները նաեւ պատգամավորների հարցերին են պատասխանել եւ վստահեցրել` բաց են առաջարկների համար: Նոյեմբերի 20-ից խորհրդարանում ՙԲյուջե-2018՚-ի հանձնաժողովային քննարկումներն են մեկնարկելու` ըստ ոլորտների:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ