ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Խորհրդարանում շարունակվում են ԱՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ նախագահությամբ Հովիկ Ջիվանյանի և Ռուսլան Իսրայելյանի։

Նիստին, որը նվիրված էր տարածքային կառավարման մարմինների՝ ներկայացված նախագծով ծախսերին ու եկամուտներին, մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը։ 

Տարածքային կառավարման մարմինների ղեկավարներից առաջինը գալիք տարվա համայնքային բյուջեն ներկայացրեց Ստեփանակերտ քաղաքի համայնքի ղեկավար Սուրեն Գրիգորյանը։ 2018թ. պետական բյուջեի  նախագծով  մայրաքաղաքին նախատեսված է հատկացնել 1մլրդ  780մլն դրամ, ինչը 10մլն դրամով պակաս է նախորդ՝ 2017թ. բյուջեից։ Բյուջեն հիմնականում կազմված է անցյալ տարվա մակարդակով, չնայած, ինչպես ասաց քաղաքապետը, 2018թ. բյուջեով նախատեսված պետական դոտացիան կրճատվել է 40մլն դրամով։ Սեփական եկամուտների սպասվելիք ծավալներն աճել են 30մլն դրամով, և 10մլն դրամի նվազեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընթացիկ տարում արտաքին լուսավորման համակարգում քաղաքային համայնքը հնարավորություն է ունեցել տնտեսել 30մլն դրամ, ինչպես նաև՝ լուծարվել է ՙՍտեփանակերտի Ն. Ստեփանյանի անվան քաղաքային  զբոսայգի՚ ՓԲԸ-ն՝ հետագա գործունեության անհրաժեշտությունն այլևս չունենալու պատճառով։ Աճ է տեղի ունեցել հիմնականում ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ում՝ պայմանավորված նոր ասֆալտապատ փողոցների և ՙՔաղաքային զբոսայգի՚ ՓԲԸ-ի կրճատման ենթարկված բանվորների հաշվին։ Քաղաքային համայնքի ղեկավարի խոսքով՝ բավարարված են նման բյուջեով, ենթադրելով, որ եկամուտները գալիք տարի ևս կաճեն նույն տեմպով, և սահմանված գումարներով կկարողանան ապահովել հիմնարկ-ձեռնարկությունների բնականոն գործունեությունը։  

Ս. Գրիգորյանը պատասխանեց նաև  պատգամավորների մի շարք հարցերի։ Էդուարդ Աղաբեկյանին մտահոգում էր քաղաքային համայնքի սեփական եկամուտների տոկոսային հարաբերակցությունը և Ստեփանակերտ քաղաքում տրանսպորտի անմխիթար վիճակը, մասնավորապես՝  խցանումներն օրվա պիկ ժամերին։ Ս. Գրիգորյանի խոսքով՝ սեփական եկամուտները կազմում են բյուջեի 25 տոկոսը։ Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտի վիճակի բարելավմանը՝ խնդիրը լուրջ է և մեկ անգամ չէ քննարկվել քաղաքապետին կից ճարտարապետական խորհրդի նիստում։ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքի բեռնաթափման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք մեկ առ մեկ թվարկեց քաղաքապետը: 

ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը հետաքրքրվեց քաղաքացիական պաշտպանության ոլորտի խնդիրներով. ԱԺ միջամտությամբ անցյալ տարի կար  ծրագիր քաղպաշտպանության օբյեկտների, բազմահարկ շենքերի նկուղների վերանորոգման համար, ի՞նչ է արվել և, արդյո՞ք, շարունակվում է ծրագիրը, հատկապես որ՝ այս տարի ևս 100մլն դրամ է հատկացվել դրան։  

Պատասխանելով հարցին՝ Ս. Գրիգորյանն ասաց, որ մայրաքաղաքում առկա 208 բազմաբնակարան շենքերից 145-ի նկուղներն արդեն վերանորոգվել են համատեղ ուժերով։ 50մլն դրամ էլ հատկացվել է համայնքային բյուջեից։ Վերանորոգված նկուղներում կա լուսավորություն, դրված են նստարաններ, պատշաճ սանիտարական վիճակ է տիրում։ Վերանորոգվել են նաև դպրոցների նկուղային հարկերը, իսկ նոր կառուցվող շենքերը կունենան նկուղներ՝ հարմարավետ պայմաններով։ 

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի տեղեկացմամբ՝ 2018 թվականին շրջվարչակազմի աշխատակազմի պահպանման ծախսը կկազմի 161մլն 318 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 11մլն 236 հազ. դրամով, կամ՝ 6,5 տոկոսով։ Նրա հավաստմամբ՝ նվազումը պայմանավորված է շրջվարչակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի ենթակայության փոփոխման հետ։ Շրջանի 2018թ. համայնքային բյուջեի սեփական եկամուտները կազմում են 142մլն 913 հազ. դրամ, ինչը 2017-ի համեմատ աճել է 1մլն 612 հազ. դրամով, կամ՝ 1,1 տոկոսով, որն էլ պայմանավորված է սեփական եկամուտների (գույքահարկ և վարձավճարներ) ավելացմամբ։ 2018թ. համայնքային բյուջեի ընդհանուր ծախսը կազմում է 311մլն 778 հազ. դրամ, ինչը 2017-ի համեմատ նվազել է 46մլն 527 հազ. դրամով` պայմանավորված շրջկենտրոնի սանիտարական մաքրման, կանաչապատման և բարեկարգման ծախսերն ապակենտրոնացնող, նորաստեղծ ՙԽաչենշեն՚ ընկերության գործունեությամբ։ 

Պատգամավոր Դավիթ Իշխանյանի կարծիքով՝ պետության կողմից տրվող դոտացիան շրջաններին բաշխվում է անարդարացի կերպով։ Նրա մոտավոր հաշվարկներով՝  տարբեր շրջաններում մեկ շնչի հաշվով հատկացումը 6-ից մինչև 50 հազար դրամ է կազմում։ Ինչո՞վ բացատրել, օրինակ, այն հանգամանքը, որ Մարտունու շրջանում, որը Ստեփանակերտից հետո ամենախոշորն է, մեկ շնչին ընկնող հատկացումը կազմում է 6 հազար դրամ, Ասկերանի շրջանում՝ 9 հազար, իսկ Ստեփանակերտում՝  26 հազար դրամ։ Ղուլյանի պարզաբանմամբ` ֆինանսական համահարթեցման մասին օրենքի ընդունումից հետո ամեն ինչ հաշվի կառնվի, այդ թվում նաև՝ տեղական առանձնահատկությունները։ 

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի 2018թ. պահպանման ծախսը կկազմի 122մլն դրամ։ Շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի խոսքով՝ այն 11մլն դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, ինչը պայմանավորված է շրջվարչակազմի սոցիալական բաժնի կարգավիճակի փոփոխությամբ։ Սեփական եկամուտները կազմում են 62մլն դրամ, որը 1,5 մլն-ով ավել է 2017-ի ցուցանիշից։ Համամասնորեն իջեցվել է նաև պետական դոտացիայի չափը։

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմին 2018թ. բյուջեով հատկացվելիք գումարը, ինչպես ներկայացրեց շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, կկազմի 156մլն 386 հազ. դրամ։ Սեփական եկամուտները կազմում են 111մլն 790 հազ. դրամ, որն անցյալ տարվա համեմատ 11մլն  282 հազ. դրամով ավել է։ 

Նկուղների և ապաստարանների հետ կապված հարցի առնչությամբ Է. Հարությունյանը տեղեկացրեց, որ Մարտակերտ քաղաքում տեղորոշվել է 11 օբյեկտ, հիմնովին վերանորոգվել է 3 ապաստարան, 2-ը կահավորվել է անցյալ շաբաթ, բայց դեռ աշխատանքներ կան սպայական շենքերի մասով։ Ըստ Է. Հարությունյանի՝ շրջանում քաղպաշտպանության նմանատիպ աշխատանքներն իրականացվում են բարեգործական հիմունքներով՝ ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության միջոցներով։     

Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը տեղեկացրեց, որ շրջվարչակազմի աշխատակազմի պահպանման ծախսը 2018-ին կկազմի 180մլն 524 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 224 հազ. դրամով։ 

Գալիք տարում Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի պահպանման ծախսը կկազմի 103մլն 373 հազ. դրամ, իր ելույթում ասաց շրջվարչակազմի ղեկավար Հարութ Մնացականյանը։ Նա նաև հանգամանալից ներկայացրեց 2018թ. շրջանում իրականացվելիք աշխատանքները։ 

Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի պահպանման ծախսերը 2018թ. կկազմեն 113մլն 67 հազ. դրամ։ Շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը նշեց, որ տարեկան մոտ 2 մլրդ դրամի շինարարություն է կատարվում Շուշիում։ 2018 թվականին կշարունակվի բերդաքաղաքի բարեկարգումը, այդ թվում նաև՝ կվերանորոգվի եկեղեցու դիմացի բազմաբնակարան շենքը, որը կիրականացվի հանրապետության Նախագահի հանձնարարականով։   

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի պահպանման ծախսը գալիք տարի կկազմի 263մլն 407 հազ. դրամ։ Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, պատասխանելով պատգամավոր Ժաննա Գալստյանի՝ գյուղական դպրոցների օպտիմալացման վերաբերյալ հարցին՝ ասաց. ՙԱյն բնակավայրերում, որտեղ փակվել է դպրոցը, մեկ տարի հետո տվյալ բնակավայրը վերացել է։ Այդպես եղավ Հիրիկ գյուղում, որտեղ դպրոցը փակվելուց մեկ տարի անց ընդամենը մեկ ընտանիք էր ապրում։ Դպրոցը վերաբացեցինք, և այսօր արդեն 17 ընտանիք է ապրում այնտեղ, որից 4-ը՝ 7 և ավելի երեխա ունեցող ընտանիքներ են՚։

Համատեղ նիստի աշխատանքներն ամփոփեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։