[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀՈՂԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ

Մարտունու շրջվարչակազմի նիստերի դահլիճում  շրջանի   գյուղատնտեսների և խոշոր հողօգտագործողների, գյուղատնտեսության ոլորտի  պատասխանատուների, շրջվարչակազմի ԳՀՀ բաժնի աշխատողների համար   Արցախի գիտական կենտրոնի կողմից անցկացվեց սեմինար, որին ներկա էին ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վ. Ավետիսյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդ. Բարսեղյանը, Գիտական կենտրոնի փոխտնօրեն Ա. Սարգսյանը, գիտքարտուղար Վ. Ալեքսանյանը։

Սեմինարն անցկացվեց ՙՆվազագույն մշակման ազդեցությունը հողի բերրիության, ջրապահովվածության, հողատարման գործընթացների կասեցման և աշնանացան ցորենի բերքատվության վրա՚ թեմայի շուրջ:  Այն ներկայացրեց գյուղատնտեսական գիտությունների թեկնածու  Ս. Գալստյանը։

Մինչ բուն թեմային անցնելը նշվեց, որ չնայած տարեցտարի ավելանում է գյուղատնտեսության զարգացմանը միտված պետական աջակցությունը, առայժմ այդ ոլորտում ցանկալի արդյունք չի ապահովվում։ Սա ունի տարբեր պատճառներ, բայց հիմնականը հողի   գրագետ մշակման բացակայությունն է։ Հողի մշակությունն ինքնին շատ բարդ մեխանիզմ է, ուստի, մինչև նրան անցնելը, անհրաժեշտ համարվեց համակողմանի ուսումնասիրություն կատարել։ Ս. Գալստյանը, տասնամյակների ուսումնասիրություններից ու աշխատանքային փորձից ելնելով,  ներկայացրեց իր նկատառումները։ Մասնագետը կատարել է խոր ուսումնասիրություններ, որոնք ներկայացրեց աղյուսակների ձևով, մանրամասն վերլուծություն կատարելով դրանց շուրջ։  Նա սեմինարի շրջանակներում կանգ առավ հետևյալ կետերի վրա. ՙՀումուսի և բույսերի մատչելի սննդատարրերի փոփոխության դինամիկան վարելաշերտում`  կախված հողի մշակման եղանակից և նախորդից՚,  ՙԾավալային զանգվածի փոփոխության դինամիկան վարելաշերտում` կախված հողի մշակման եղանակից և նախորդից`   2015-2017թթ. միջին տվյալներով՚, ՙԽոնավության պաշարի փոփոխության դինամիկան վարելաշերտում՚,  ՙՀողի հիմնական մշակման եղանակի և նախորդի ազդեցությունը աշնանացան ցորենի ցանքսերի` մոլախոտի տարածվածության վրա՚,  ՙԱշնանացան ցորենի բերքատվությունը և հատիկում սոսնձանյութի պարունակությունը` կախված հողի հիմնական մշակման եղանակից ու նախորդից՚,  ՙՀողի հիմնական մշակման եղանակի և նախորդի տնտեսական արդյունավետությունն աշնանացան ցորենի ցանքսերում՚։ 

Կատարված աշխատանքը նպատակ ուներ հանրապետության հարթավայրային գոտու երկրագործության անջրդի պայմաններում աշնանացան ցորենի ցանքսերում կազմակերպել հողի նվազագույն մշակման համեմատում կիրառվող ավանդական  վարի հետ, որպես նախորդ ընտրելով հանրապետությունում լայն տարածում ստացած մաքուր ցելը և ոչ ցելային նախորդ հանդիսացող աշնանացան հացահատիկը։

Սեմինարի ընթացքում և վերջում թեմայի շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում, մասնակիցներն արտահայտեցին իրենց նկատառումները, ինչպես և  բարձրացրին իրենց հուզող հարցերը, որոնց մասնագետները հանգամանալից պատասխանեցին։

Սեմինարի կազմակերպումը ողջունեցին գյուղոլորտի աշխատողները և հույս հայտնեցին, որ այն շարունակական բնույթ կունենա։