Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՆՌԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբերի 14-ին հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել սեմինար՝ ՙՆռան այգիների մշակում՚ թեմայով։

Միջոցառմանը դասախոսությամբ հանդես է եկել արտասահմանից հրավիրված մասնագետ, որին պատկանող ընկերությունը հայտնի է այգեգործության ոլորտում իր արդյունավետ գործունեությամբ։ Սեմինարին հրավիրվել են շուրջ 70 հողօգտագործողներ։ 

ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ գյուղնախարարությունը նպատակ ունի Արցախում նռան մշակությունը բարձրացնել նոր մակարդակի, այդ իսկ պատճառով առաջիկայում ևս փորձելու են նման միջոցառումների միջոցով տեղի այգեգործներին ծանոթացնել համաշխարհային փորձին, նորագույն տեխնոլոգիաներին։ Նրա խոսքով` աշխարհում նռան մեծ պահանջարկ կա, իսկ Արցախում` նրա արտադրության ծավալների ընդլայնման մեծ ներուժ, և այն չօգտագործելը սխալ կլինի։  

Գյուղատնտեսական նոր հայեցակարգով  նռան  մշակությանն առանձնակի ուշադրություն է դարձվելու. խնդիր է դրվել եղած նռան այգիների չափը բազմապատկել։ ՙԱյդպիսի նախաձեռնություններով մենք հիմք ենք դնում այգիների  վարման, խնամքի նոր մշակույթի, և ձեզանից էլ ակնկալում ենք ակտիվություն, հորդորում, որ տարբեր  ձևաչափերով հանդիպումներում ներկայացնեք ձեր մտահոգությունները, առաջարկությունները, դիտողությունները՚,-դիմելով հողօգտագործողներին, ասաց Ժ. Միրզոյանը։

Գյուղնախարարի տեղակալ  Վիլեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ միջոցառումը կազմակերպվել է այգեգործության խթանման նոր ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում են տեղացի և արտասահմանյան  մասնագետների փոխայցելություններ՝ փորձի փոխանակման նպատակով։ Մինչև սեմինարը, հրավիրված մասնագետի հետ Գյուղնախարարության աշխատակիցները շրջայց են կատարել հանրապետության խոշոր այգիներ, մասնավորապես` եղել են նռան այգիներում, և հյուրն ընդհանուր պատկերացում է կազմել Արցախում նռան մշակման մեթոդների, տեխնոլոգիաների, հողի կազմի վերաբերյալ, ունի որոշ  դիտարկումներ, որոնք էլ ներկայացրել է սեմինարի ընթացքում, դրանք քննարկել  այգեգործների հետ։ Նա բարձր գնահատեց կաթիլային ոռոգմամբ այգիների մշակման փորձը, միաժամանակ նշելով, որ ոլորտում անելիքներն այնուամենայնիվ դեռ շատ են։ 

Տեղեկացնենք, որ օրվա  դասընթացավարը ղեկավարում է խորհրդատվական մի կազմակերպություն, որը մասնագիտանում է այգեգործության և ջերմոցային տնտեսությունների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հետ աշխատանքում։

Ներկաներին նա ծանոթացրեց իր ղեկավարած ընկերության գործունեությանը, նշելով, որ պատրաստակամ է աշխատել նաև արցախցիների հետ, անհրաժեշտության դեպքում կրկին այցելել և օգտակար լինել իր առաջարկություններով և խորհրդատությամբ։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ