[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՇԱԿՈՒՄԸ` ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

Հադրութի շրջվարչակազմում վերջերս հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում  Նախագահ  Բակո Սահակյանը  գյուղատնտեսության  ոլորտի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և հողօգտագործողների  ուշադրությունը  հրավիրել էր  շրջանում առկա հողերի  արդյունավետ օգտագործման  վրա, նշելով, որ չօգտագործված տարածքներ չպետք է լինեն։ 

 Ի կատարումն հանրապետության  Նախագահի հանձնարարականի` Հադրութի շրջվարչակազմի ղեկավար  Իվան Ավանեսյանի ցուցումով շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի աշխատողները  շրջանի  պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) հողերում,  ըստ տեղամասերի, անց են կացրել  վարձակալված տարածքների վարձակալության  իրավունքի արժանահավատության ստուգումներ։ Ստուգման արդյունքներով երևան են հանվել ազատ, ապoրինի օգտագործվող, չգրանցված վարելահողեր։ Բազմաթիվ շրջայցերի արդյունքում  բացահայտվել են  նոր հերկված, ցանված, ինչպես նաև նախկինում օգտագործվող վարելահողեր` մոտ 2303 հա մի շարք տարածքներում։ Ինչպես   տեղեկացանք ԳՀՀ բաժնի  վարիչ Ստեփան Հակոբյանից, ՊՊՖ  վարելահողերից  վարձակալությամբ  տրամադրված են   6508,9 հա, 1344  հա  սեփականաշնորհված, 1274,16 հա արոտավայրեր, 69,5 հա խոտահարք, 5,4 հա բազմամյա տնկիներ, 88,5 հա խաղողայգի, 4 հա ընդերք և այլն, որոնք վարձակալության իրավունքով գրանցված են 547 հողօգտագործողների անվամբ։ Պետական պահուստային հողերը վարձակալությամբ  տրամադրվում են մրցույթային կարգով, հողերի վարձակալության հատկացնող  շրջանային  հանձնաժողովի կողմից կնքված  համապատասխան պայմանագրերի ու վարձակալության ժամկետների համար։ Ինչպես  նշեց  բաժնի վարիչը, 2017թ. անց է կացվել հողերի վարձակալության շրջանային հանձնաժողովի  5 նիստ, տրամադրվել են 195,5 հա վարելահող, 20 հա արոտավայր, 0,5 հա թթենի, չեղյալ են համարվել 346 հա վարելահողի, 22 հա արոտավայրի, 23 հա խաղողայգու նախկինում կնքված պայմանագրեր։ Մեր այն հարցին, թե ինչպես են գանձվում վարձավճարները, Ստեփան Հակոբյանը նշեց, որ վարձավճարների հետ կապված բոլոր հաշվարկներն իրականացվում են ԳՀՀ-ի մասնագետների միջոցով` համակարգչային համապատասխան ծրագրերով կադաստրային գրանցում ստսցած հողերի նկատմամբ  յուրաքանչյուր  հողօգտագործողի համար բացված անձնական հաշիվներում։ 2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ  վարձակալների վարձավճարները կազմում են 148 մլն 814,7 հազ. դրամ, այդ թվում ապառք` 102 մլն 984,7 հազ. դրամ, տուգանք 23 մլն 319 հազ. դրամ, գերավճար`  961,7 հազ. դրամ: 2017 թվականի հունվար-նոյեմբեր  ժամանակահատվածում հավաքագրվել է 13 մլն 568 հազ. դրամ, ինչը դեռևս բավարար համարել չի կարելի, քանի որ 2017 թվականին ստացվել է հացահատիկայինների  բարձր բերք և իրացման ոչ մի խոչընդոտ  չի եղել, սակայն հողօգտագործողների շատ քիչ մասն է բարեխղճորեն կատարել  վարձավճարների  մասով  վարձակալության պայմանագրերի պահանջները։ Մի շարք հողօգտագործողների ժամկետանց վարձավճարների գանձման համար իրականացվել է 69 հայցային դիմում։ Համաձայն հաշվարկի` դատարան ներկայացված գործերի վարձավճարները կազմում են  23 մլն 37 հազ. դրամ, որից 16 մլն 535,5 հազ. դրամը բավարարվել է։ 10 հայցային դիմում (2մլն 247 հազ. դրամ) ընթացքի մեջ է։ Հաշվետու ժամանակահատվածում  115 հողօգտագործողներ ունեն  200 հազարից ավել վարձավճարների պարտքեր, նշեց բաժնի վարիչը։   Ապօրինի օգտագործվող հողերի բացահայտման և վարձավճարների գանձման  աշխատանքները շրջանում  շարունակվում են։    

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ