[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼ

Արդեն մի քանի տարի է, ինչ դեկտեմբերի 22-ն Արցախում նշվում է որպես Էներգետիկի միջազգային օր: Ոլորտը սպասարկող ՙԱրցախէներգո՚ ընկերությունն այս տարի մասնագիտական տոնը կնշի նոր կարգավիճակով:   Օրվա առթիվ հարցազրույցի հրավիրեցինք ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ նորանշանակ  գլխավոր տնօրեն Անդրանիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ: 

 -Պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք Ձեզ և համակարգի բոլոր աշխատողներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ձեր բարեմաղթանքները։

-Շնորհակալություն: Հանրապետությունում 2010թ.-ից դեկտեմբերի 22-ը նշվում է  որպես Էներգետիկի մասնագիտական տոն օր։ Ավանդույթը գալիս է դեռևս խորհրդային ժամանակներից, մի քանի տարի առաջ այն ԱՀ կառավարության կողմից պաշտոնապես հաստատվեց: Հաշվի առնելով, որ էներգետիկայի ոլորտը հանդիսանում է երկրի տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկը,  այս տարի ավելի մեծ ուշադրություն է դարձվելու մասնագիտական օրվան. մասնավորապես, լինելու է պաշտոնական տոնական նիստ,  մի շարք աշխատակիցներ ներկայացվել են երկրի Նախագահի կողմից պարգևատրման:  Որոշ աշխատակիցներ էլ կպարգևատրվեն թանկարժեք նվերներով: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատողներին և ցանկանում առողջություն, արդյունավետ և անվտանգ աշխատանք։

-Առաջիկա տարին ՙԱրցախէներգո՚-ն կդիմավորի նոր կարգավիճակում։  Ի՞նչ կփոխվի ընկերության գործունեության մեջ։ 

-Ընկերությունն  ընդգրկված էր մասնավորեցման ենթակա կազմակերպությունների ցանկում, այս վերջին տարիներին բանակցություններ էին վարվում մասնավորեցման համար, և այս տարի այն տվեց իր  դրական արդյունքը։

Մասնավորեցումը թույլ կտա ներգրավել անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ: Մեր հաշվարկներով, միայն 20 միլիարդ դրամ  է անհրաժեշտ վթարային վիճակում գտնվող բաշխիչ ցանցի վերակառուցման համար։ Մասնավորեցման հիմնական պայմաններից մեկն էլ ֆինանսական ներդրումների ապահովումն է, այն նաև ամրագրված է կոնկրետ ներդրումներով՝ 2,7 միլիարդ դրամի ներդրում առաջիկա 5 տարիներին, ինչը հիմնականում ուղղվելու է բաշխիչ ցանցի արդիականացմանը և տարեկան ծրագրերին։ 

-Ընկերության մասնավորեցումը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից: Տեսակետներից մեկի համաձայն,  էներգետիկ անկախության ապահովման համար պարտադիր է, որ այդ կարևոր կառույցը լինի  պետական սեփականություն։  Մասնավորեցման կողմնակիցները ընկերության զարգացման հեռանկարը տեսնում են մասնավոր ներդրումների ներգրավման մեջ։  Ո՞ր տեսակետն եք Դուք կիսում։

-Ինչպես նախորդ հարցում նշեցի, համակարգի արդիականացման, էներգամատակարարման կայուն և հուսալի համակարգ ունենալու համար նախատեսվում են ֆինանսական մեծ ներդրումներ, որի մեկնարկն արդեն իսկ տրված է,  իսկ հաշվի առնելով, որ ընկերությունը դասվում է բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների շարքին,  ինչպես սակագների,  այնպես էլ մի շարք աշխատանքների իրականացման կարգեր սահմանվում են պետության կողմից։ Իմ տեսակետը մասնավորեցման մասով հետևյալն է. այն կատարվել է ճիշտ և ժամանակին։

- Կարո՞ղ եք ներկայացնել առաջիկա 1-2 տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերը, ներդրումների քանակը։  Կկարողանա ՞ ընկերությունը բավարարել էլեկտրաէներգիա սպառողների՝ օրեցօր աճող պահանջարկը։ Այլ խոսքով՝ ինքնաբավ լինելու հեռանկարը որքանո՞վ է հիմնավորված։

-Նախատեսում ենք հիմնովին վերակառուցել անբավարար վիճակում գտնվող բոլոր օդային գծերը։ Աշխատանքներ ենք պլանավորում նաև բարձրավոլտ ցանցում, ինչը թույլ է տալու ապահովել հանրապետությունում գործող և կառուցվող հէկերի կողմից տարեցտարի աճող արտադրվող էլեկտրաէներգիայի մուտքը բաշխիչ ցանց։ Ինչպես նշեցի, նախատեսվում է 5 տարվա ընթացքում իրականացնել 2,7 միլիարդ դրամի ներդրում, այդ շրջանակներում նախատեսում ենք բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում կկառուցվեն նոր ենթակայաններ, ինչպես նաև աշխատանքներ կտարվեն հանրապետության այլ համայնքներում բաշխիչ ցանցի արդիականացման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ինքնաբավության մակարդակին, պետք է նշել, որ այդ հարցը էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների տիրույթում է։ Ուղղակի կարող եմ ասել, որ վերլուծելով իրացման ցուցանիշներն ու արտադրվող էլեկտրաէներգիայի կանխատեսումները, 2018թ.-ին հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, կարծում եմ, կգերակշռի  սպառման պահանջներին։

-Առաջնահերթ լուծման կարոտ ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել։ Դրանց մի մասը, վերջին տարիներին կատարված ներդրումների շնորհիվ կառուցված երկրորդ օդային գծի շահագործմամբ  պիտի որ լուծված լինեին։ Ի՞նչ է տվել այն։

-Ընկերության կողմից իրականացվում է բաշխիչ ցանցի գույքագրում, և ըստ դրա էլ կկազմվի առաջիկա տարիների ծրագիրը, որն ուղղված է լինելու առաջին հերթին կորուստների նվազեցմանը: Ներկա դրությամբ կորուստները կազմում են 11,4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք նվազել են  1,9%-ով։ Այո, կառուցել ենք Սոթք-Հաթերք նոր օդային գիծը, կատարվում են աշխատանքներ նոր սարքավորումներ տեղադրելու ուղղությամբ, որի շնորհիվ կկարողանանք լիարժեք օգտագործել նշված օդային գծի հնարավորությունները։ Նշեմ, որ օդային գիծը նախևառաջ թույլ է տվել ունենալ երկկողմանի սնուցման աղբյուր, այսինքն, այդ գծի կառուցումը հնարավորություն է տվել բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունն ու անվտանգությունը։

-Մասնավորեցումից հետո,  օպտիմալացման արդյունքում  ընկերության որոշ հաստիքներ կրճատվել են։ Շրջանառվող լուրերի համաձայն, կրճատումներ են սպասվում նաև նոր տարում։ Արդյունավետ աշխատանքի համար որքա՞ն աշխատակից անհրաժեշտ կլինի։ Նախատեսվու՞մ են փոփոխություններ նրանց աշխատավարձերում։

-Օպտիմալացումը կապ չունի մասնավորեցման հետ, այն ընկերության առողջացման աշխատանքներից է,  և աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է արդյունավետ օպտիմալացմամբ։ Աշխատակիցների քանակը կախված է կատարվող աշխատանքների ծավալներից, և ըստ դրա էլ կազմվում է համապատասխան հաստիքացուցակ։

-Կադրերի խնդիր ունե՞ք, թե՞ ոչ։ Համակարգի արդիականացմանը զուգահեռ մասնագետների վերապատրաստման անհրաժեշտություն չի՞ ծագի։

-Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ  մեզ մոտ արդիական է կադրերի խնդիրը:  Համագործակցում ենք ՀՀ ՙՀայցանց՚ ընկերության հետ,  մեր  աշխատակիցները սահմանված կարգով ենթարկվում են ատեստացիայի: Իսկ որպես  էներգետիկ  աշխատանքի ընդունվող  նոր աշխատողին մինչ հիմնական աշխատանքն սկսելը  նախ պայմանագրային հիմունքներով ընդունում  ենք որպես աշակերտ, և միայն 6 ամսվա հաջող փորձաշրջանից հետո ընդունում աշխատանքի։ 

-Առջևում Ամանորյա տոներն են։ Մենք այդ տոները չենք պատկերացնում առանց կայուն և անխափան էներգամատակարարման, լույսերով զարդարված քաղաքի, տաք ու հարմարավետ դահլիճների։ Ստացվում է՝ ՙԱրցախէներգոն՚ պիտի աշխատի, որ բնակչությունը կարողանա   նշել  այն։  Ընկերությունը նախապատրաստվե՞լ է Ամանորին։ 

-Ընկերությունը յուրաքանչյուր մարտ-ապրիլ ամիսներին սկսում է իր պլանային աշխատանքները ձմեռային շրջանին լիարժեք պատրաստ լինելու ուղղությամբ: Այս պահին այդ աշխատանքներն ավարտված են։ Չնայած  առկա է հերթապահություն ինչպես տոնական, այնպես էլ ոչ տոնական օրերին և իրականացվում է շուրջօրյա վերահսկողություն, տոնական օրերին  ուժեղացված ռեժիմով ենք աշխատում, որպեսզի  վթարային իրավիճակ չլինի՝ չհաշված ֆորսմաժորային անկանխատեսելի իրավիճակները։ 2018-ին ընդառաջ շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում խաղաղություն և անձնական ու աշխատանքային  հաջողություններ։

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ