[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՋՐԱԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԱՀ  գյուղատնտեսության նախարարությունում հանրապետության հողօգտագործողների հետ երեկ տեղի ունեցած  հանդիպմանը, որի ընթացքում   ներկայացվեցին  կառավարության ջրախնայողական և ոռոգման  նոր ծրագրերը, մասնակցեցին պետնախարար Արայիկ Հարությունյանը,  շրջվարչակազմերի  ղեկավարները, գյուղոլորտի պատասխանատուներ: 

 Գյուղնախարար Ժիրայր  Միրզոյանն իր խոսքում նշեց, որ արդեն ավարտման փուլում է ոլորտի նոր հայեցակարգի մշակումը և այն կներկայացվի կառավարության առաջիկա նիստի հաստատմանը։ Ժ. Միրզոյանը նշեց, որ առաջնահերթությունը կտրվի այգեգործության զարգացման ծրագրին, որի՝ պետական աջակցությամբ իրականացման դեպքում ոռոգման համակարգի ներդրումը լինելու է պարտադիր պայման։ 

Իր հերթին գյուղնախարարի տեղակալ Գևորգ  Վերանյանը ներկայացրեց նոր համակարգերի ներդրման բոլոր երեք փուլերը, դրանց ընթացքը։ Նշվեց, որ  էքստենսիվ գյուղատնտեսությունն իրեն սպառել է և նոր՝ ինտենսիվ զարգացման անցնելու անհրաժեշտություն կա, ինչը կարվի նախևառաջ այգեգործության զարգացմամբ։ 

Ըստ հայեցակարգի, 2016թ.-ից  հաստատվել է  նորագույն  տեխնոլոգիաների՝ ջրախնայողական ոռոգման համակարգերի սուբսիդավորման կարգը, 2017թ.-ից արդեն որոշ ծրագրեր ֆինանսավորվել են։ Անցնող տարվա ընթացքում սկսվել է 2-րդ փուլը՝ արտեզյան ջրհորերի հորատման գործընթացը, ինչը ֆինանսավորվում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով։ Երրորդ փուլով այդ գործընթացում կներգրավվեն մասնավոր ներդրումներ։ 

Ելույթ ունեցողները նշեցին, որ պետբյուջեով ջրախնայողական տեխնոլոգիաների խթանման ծրագրով 2018-ին նախատեսվել է 300մլն  դրամ։ Ներկայացված  հայտեր ինչպես այգեգործության, այնպես էլ ծխախոտագործության ոլորտում, արդեն իսկ կան. դրանք ուսումնասիրվում են և կընթացքավորվեն ըստ կառավարության կողմից ներկայացված պայմանների։ Գ. Վերանյանը նաև իրազեկեց, որ  ՙՀայաստան՚ հիմնադրամի աջակցությամբ 600հա հողատարածքներում ոռոգման  ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման խորքային հորեր կգցվեն։ Նախատեսվում է 37 հոր։ Դրանք նախևառաջ Մարտունու և Ասկերանի շրջաններում կլինեն` հաշվի առնելով այն, որ հիմնական գյուղատնտեսական նշանակության  հողերն այդտեղ են, իսկ ջրային պաշարներ գրեթե չկան։

Ծրագրի ներդրման  երրորդ փուլով  550-600հա այգի կհիմնվի նաև Մարտակերտի շրջանում։

Խոսվեց նոր համակարգի  առանձնահատկություններից, առավելություններից, ինչը թույլ կտա այգեգործության կայուն զարգացում ապահովել։

Հանդես գալով` պետնախարար  Ա. Հարությունյանը ներկայացրեց այդ ոլորտում  պետական քաղաքականության հեռանկարը։ Նա օրինակ բերեց համաշխարհային փորձը, այլ երկրներում ոլորտի զարգացման շարժընթացն այդ համակարգի շնորհիվ։ Պետնախարարը նշեց, որ  ոլորտում կուժեղացվի թունաքիմիկատների կիրառման վերահսկողությունը, նշելով, որ ճիշտ պարարտացումը կարևոր  է նախևառաջ առողջապահական խնդիրների հաշվառման տեսանկյունից։ Իսկ ոռոգման նման համակարգի ներդրումը  հիմնավորվում է  նախևառաջ  ջրային պաշարների ճիշտ բաշխման, քան տնտեսման  անհրաժեշտությամբ։

ԱՀ պետնախարարի խոսքով,  կան հազարավոր հեկտարների հասնող անմշակ հողեր, որոնք պետք է դարձվեն բերրի։ Նախատեսվում է Արցախում տարեկան 1000-1500հա նոր այգի հիմնադրել։

Վերջում  հողօգտագործողները  ներկայացրին  իրենց մտահոգություններն  ու առաջարկությունները, որոնց մի մասին Ա. Հարությունյանը  խոստացավ  աջակցել։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ