Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹԱԼԻՇԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է

Ապրիլյան  պատերազմից հետո  Թալիշի վերականգնումը քաղաքաշինության ոլորտի ծրագրերում  հատուկ  տեղ է զբաղեցնում, և պատահական չէ, որ ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցը լրագրողները սկսում են հենց այդ թեմայից: Բացառություն չեղավ նաև մեր պարագայում:

 - Պարոն Շահրամանյան, ներկայացրեք, խնդրեմ, Թալիշում ընթացող աշխատանքները։ Ի՞նչ փուլում են դրանք:

 -Թալիշում մեծ թափով շինարարություն է տարվում՝ նրան բնականոն կյանքի վերադարձնելու նպատակով: Այդ աշխատանքները կբաժանեի երկու մասի։ Առաջինը՝ հասարակական նշանակության օբյեկտներն են, 2-րդը՝ բնակելի տները։ Ինչպես գիտեք, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո վերականգնվեցին ենթակառուցվածքները, էներգամատակարարումը, կարգի բերվեցին ճանապարհները, գցվեց ևս մեկ փոխանցիկ՝ առավել անվտանգ  ճանապարհ: Ներկա դրությամբ ավարտին ենք հասցնում համայնքային կենտրոնի վերակառուցումը։ Տարվա ավարտին, հուսանք,  այն շահագործման կհանձնվի։ Այստեղ նախատեսել ենք և՜ համայնքապետարանի աշխատակիցների համար սենյակներ, և՜  բուժկետ՝ առանձին մուտքով, և՜  խաղասենյակներ,  դահլիճներ՝ միջոցառումների համար։ Այս օրերին ներքին հարդարման և  շենքի ճակատային մասի  ձևավորման աշխատանքներ են ընթանում։  Զուգահեռաբար, կառուցում ենք կաթսայատուն, որը ծառայելու է ոչ միայն համայնքային կենտրոնին, այլև հետագայում՝ դրանց շահագործումից հետո, մանկապարտեզին և դպրոցին: Աշխատանքներ ենք սկսել Հանդիսությունների տան վերակառուցման և  շինության ուժեղացման ուղղությամբ (այն բավականին վնասվել է հրետակոծությունից)։ Հիմքերն արդեն  ուժեղացվել են,  մնացածն ավարտման փուլում է։ Սկսված է Թալիշի դպրոցի և մանկապարտեզի շենքի կառուցման գործընթացը։  Այս պահին շինարարները մանկապարտեզի տանիքի, դպրոցի՝ նկուղային հարկի կառուցման վրա են աշխատում։  Անհրաժեշտ եմ համարում նշել, որ այդ երկու շենքերն էլ ապահովված են ապաստարաններով։ Նախատեսում ենք հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին գյուղում կառուցվող շենքերի ամբողջ այդ հատվածը, որտեղ հասարակական օբյեկտներն են, շահագործման հանձնել` գիշերային լուսավորությամբ բարեկարգ փողոցներով, խաղահրապարակներով: Այդ տարածքում նախատեսվում է  ունենալ նաև  խանութ ու վարսավիրանոց.   կառուցումն ընթացքի մեջ է: Հաջորդ տարի դրանք ևս շահագործման կհանձնվեն: 

Բացի այդ, կառուցվում և վերակառուցվում  են  17 բնակելի տներ։  Դա բնակելի տների կառուցման  առաջին փուլն է։ 

- Իսկ կա՞ն մարդիկ, ովքեր վերադառնալու ցանկություն ունեն, նախօրոք հարցում արվե՞լ է բնակիչների շրջանում:

- Վերոնշյալ 17-ն այն  տներն են, որոնց ցանկը ներկայացրել է համայնքը՝ շրջվարչակազմի հետ միասին, և որոնց բնակիչներն առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ։ Տների մի մասը պատրաստ է, մինչև տարեվերջ այն շահագործման կհանձնվի։ Այստեղ  ստեղծված են կենցաղային բոլոր հարմարությունները` սանհանգույց, կահավորված խոհանոց և այլն,  որոշ տներում  առկա են նաև անհրաժեշտ կցակառույցներ։ Կահավորված  են նաև ննջասենյակները,  հյուրասենյակը։ Առաջին բնակիչներն արդեն վերադարձել են,  որոշ տներ հանձնված է բնակիչներին,  տնամերձ հողամասերում  գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել։ Սկզբնական շրջանում կվերաբնակեցվեն մեծահասակները, քանի որ երեխաների համար դպրոցը դեռ պատրաստ չէ, բայց հաջորդ տարի ցանկացող  ընտանիքները տեղափոխվելու հնարավորություն կունենան։ Ավելորդ չեմ համարում նշել, որ կառուցվող բոլոր տները համեմատաբար անվտանգ տարածքներում են: Իհարկե, անվտանգությունն այդ տարածքում հարաբերական է, բայց հողային պատնեշների և անվտանգության այլ մեթոդների միջոցով փորձել ենք որոշակիորեն ապահովագրվել։ 

- Բացի վերոնշյալից, Թալիշում  այլ տներ և՞ս կկառուցվեն։

-Ինչպես նշել եմ, բնակելի տների շինարարությունը կատարվում է երկու փուլով. մենք ստացել ենք նաև երկրորդ փուլի տների շինարարության ցանկը` թվով 10-ը,  որոնցից երկուսը նորակառույց են լինելու, իսկ ութը՝ կվերակառուցվեն։ Երկու տան արդեն իսկ շինարարական  աշխատանքներն ընթանում են։ Այս փուլի ավարտը նախատեսում ենք հաջորդ տարի: 

Գյուղում նաև  կոյուղագիծ ենք անցկացրել, որին միանալու են բոլոր հասարակական նշանակության շենքերի կոյուղագծերը: Համայնքի  կենտրոնական փողոցը կբարեկարգվի,  կկառուցվեն   հենապատեր, երկկողմանի եզրաքարերով մայթեր։

-Ի՞նչ դերակատարություն ունի ՙՀայաստան՚  համահայկական հիմնադրամը Թալիշի վերականգնման գործում: 

-Թալիշի վերականգնման ողջ ծրագիրը  լրիվությամբ ֆինանսավորվում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից:  Այդ օբյեկտների ընդհանուր արժեքը 891 մլն դրամ է կազմել:  Եվ ես, օգտվելով առիթից, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին, կոնկրետ՝ Կալիֆոռնիայում բնակվող մեր հայրենակից,  բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, ում միջոցներով էլ կատարվում են  Թալիշի վերանորոգման աշխատանքները։ Պետք է նշել, որ բազմաթիվ նախաձեռնություններում ՙՀայաստան՚ հիմնադրամը մեր կողքին է և  հարկ եղած դեպքում անում է ամեն ինչ, որպեսզի ապահովվեն մեր  բնակչության կենսամակարդակը, երկրի բարեկեցությունը։

- Ստացվում է՝ պետական բյուջեից Թալիշի վերականգնման վրա գումարներ չե՞ն ծախսվում։

¬Սկզբնական շրջանում,  ապրիլյան պատերազմից անմիջապես  հետո, ենթակառուցվածքների վերանորոգումը, հրետակոծության հետևանքների վերացումը կատարվել են պետության կողմից, հետագա կապիտալ աշխատանքներն իրականացվել են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով։

-Թալիշն ապրիլյան պատերազմի հարվածն իր վրա վերցրեց։ Նրա տեղ կարող էր ցանկացած սահմանամերձ գյուղ լինել։ Դուք մտածո՞ւմ եք անվտանգության այդ միջոցառումները կիրառել  նաև այդ գյուղերում։

-Երկրի հյուսիսային հատվածը, հատկապես Մարտակերտ քաղաքն ու Մատաղիս գյուղը, սահմանին առավել մոտ են: Թալիշն առաջնագծից ավելի հեռու է, քան, ասենք,  Մատաղիսը։ Մատաղիսի դպրոցն ապահովված է ապաստարանով, բնակելի տներում էլ կան համապատասխան հարմարություններ՝ հրետակոծությունից պաշտպանվելու համար։ 

Ճանապարհները՝ նույն կերպ։ Մարտակերտի տարբեր թաղամասերում  կառուցվել են երեք նոր ապաստարաններ։ Դրանք  կառուցվել են քաղպաշտպանության  միջոցառումների  շրջանակներում: Նման միջոցառումները շարունակական են լինելու։ Հաջորդ տարի էլ նախատեսվում է ևս մեկ ապաստարանի կառուցում. նախագիծն արդեն պատրաստ է։ 

- Նոյեմբերին կայացած՝ ՙՀայաստան՚ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մարաթոնի գումարներից և՞ս կուղղվեն շինարարության  ոլորտին։

-Հավաքագրված այդ գումարը, որքան տեղյակ եմ, նախատեսվում է ներդնել  գյուղատնտեսության ոլորտում՝ ոռոգման համակարգերի արդիականացմանը, նորերի  ստեղծմանը։ Բայց  կարող են լինել բարերարներ, որոնք գումարներ տրամադրեն նպատակային,  առանձին բնակավայրերի ծրագրերի համար։ Նման նախաձեռնությունները չեն բացառվում։ 

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ