[ARM]     [RUS]     [ENG]

"ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ"-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, էներգետիկները հանդիսավորությամբ նշեցին իրենց մասնագիտական տոնը։ Օրվա առթիվ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը համակարգի մի խումբ աշխատողների պարգևատրեց պատվոգրերով, թանկարժեք նվերներով։

 Նշելով, որ արդեն 5-րդ տարին է, ինչ Արցախում պաշտոնապես նշվում է Էներգետիկի մասնագիտական տոնը, ընկերության ղեկավարը շնորհավորեց ոլորտի աշխատողներին, մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք։

Էներգետիկան տնտեսության կարևորագույն ճյուղերից է, և պատահական չէ, որ վերջին տարիներին հենց այդ ոլորտում են իրականացվում ամենախոշոր ներդրումները։ Այն միշտ գտնվել է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում և այսօր էլ մասնագիտական տոնի առթիվ Նախագահ Բակո Սահակյանը համակարգի շուրջ 4 տասնյակ մասնագետների պարգևատրել է, ինչը Ա. Խաչատրյանը համարում է վերջիններիս անձնվեր աշխատանքի գնահատում։ Այն պարտավորեցնող է:

Ընկերությունը բավականին պատասխանատու շրջան է ապրում։ Նախանշվում են հավակնոտ ծրագրեր՝ ուղղված համակարգի արդիականացմանը, ընկերության ֆինանսական վիճակի բարելավմանը։ Վերջին ամիսների ցուցանիշները, Ա. Խաչատրյանի խոսքով, վկայում են, որ ընտրվել է զարգացման ճիշտ ճանապարհ, և միասնական աշխատանքը ոչ հեռու ապագայում կտա ցանկալի արդյունք։

Վերջին 9 ամսվա ցուցանիշներով էլեկտրաէներգիայի սպառումը հանրապետությունում կազմել է 313 միլիոն կՎտ/ժամ, աճը նախորդ տարվա համեմատ 18,5% է։ Տեխնիկական կորուստները 11,5% են` նվազելով շուրջ 2%¬ով։ 

Ավարտական փուլում են նաև ենթակայաններում ու օդային գծերում այս տարվա համար նախատեսված անհրաժեշտ միջոցառումները։ Մեծ ծավալներով ընթանում է բաշխիչ ցանցերի գնահատման և հաշվառման գործընթաց, որի արդյունքների հիման վրա էլ 2018 թվականի հստակ ծրագրեր կազմելու հնարավորություն կստեղծվի։ Ա. Խաչատրյանը հորդորեց պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, որպեսզի ներկայացված տվյալները լինեն հավաստի ու հստակ, քանի որ հենց դրանց հաշվառմամբ է մշակվելու ընկերության միջնաժամկետ ներդրումային քաղաքականությունը, պլանավորվելու ֆինանսական հոսքերը։ 2018 թվականին պլանավորվում է ավելի նվազեցնել կորուստները` այն հասցնելով 9 %¬ի, ապահովել վարձավճարների 100% հավաքագրում։

ՙՆշված թվերը հիմնավորված են։ Դրանց հասնելու համար միայն հետևողական աշխատանք է անհրաժեշտ։ 2018 թվականից կմեկնարկի հանրապետության բարձրավոլտ ցանցի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում հիմնադիրի կողմից շուրջ 30 միլիոն դոլարի ներդրում կկատարվի. կգցվեն նոր օդային գծեր, կվերակառուցվեն գործող ենթակայանները, կկառուցվեն նորերը, ինչը կբարձրացնի համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը՚,¬ եզրափակել է Անդրանիկ Խաչատրյանը։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ