[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԵՎՈՐԸ ԳՆԱՃԻ ՉԱՓԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՊԱՀԵԼՆ Է

Հարցազրույց ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ

 -Պրն Ղահրամանյան, Ձեր իսկ ղեկավարած հանձնաժողովի կողմից իրականացվող ցանկացած աշխատանք այսպես թե այնպես առնչվում է հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու շահերին: Կարելի՞ է վստահաբար ասել, որ հանձնաժողովը տարբեր ոլորտներում պետական կարգավորումն իրականացնում է պատշաճ մակարդակով:

- Իրոք, հանձնաժողովի գործունեության ոլորտները բազմաշերտ են և ընդգրկում են հանրային մտահոգություններ առաջացնող հարցեր և շահերի հավասարակշռման միջոցով ենթակա են շարունակական կարգավորման: Ասել, որ աշխատել ենք հարյուր տոկոս  արդյունավետությամբ, ճիշտ չի լինի: Մենք ձգտել ենք արձագանքել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և դրանից ելնելով` իրականացնել համապատասխան քայլեր` ուղղված առկա խնդիրների լուծմանը և բացասական երևույթների ազդեցության մեղմացմանը:  

- Անցնող տարվա ընթացքում ձեր կողմից իրականացված աշխատանքներից որո՞նք եք համարում կարևոր և հիշարժան:

-2017-ը հիշարժան էր նախ նրանով, որ մեր կառույցի համար այն հոբելյանական էր և ենթադրում էր նաև անցած տարիների կատարած աշխատանքների ամփոփում, ուստի ավելի մեծ պատասխանատվությամբ ենք կյանքի կոչել մեր առջև դրված ծրագրային դրույթները: Դա էներգակիրների լիցենզավորման, սակագների սահմանման, առաջին անհրաժեշտության պարենային 67 ապրանքային շուկաների, 25 և 5 ապրանքային շուկաներում գերիշխող և մենաշնորհ դիրք ունեցող սուբյեկտների գործունեության, գների ձևավորման, ռադիոհաճախականությունների և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառների կարգավորումն է: Նաև նշեմ, որ ավարտին են հասցվել ռադիոսպորտի ֆեդերացիայի ուսումնական սենյակի վերանորոգման և կահավորման աշխատանքները: Արդեն գործում է ռադիոսիրողների ակումբը, ուր հաճախում և սովորում են մեկ տասնյակի չափ աշակերտներ: Տարվա ընթացքում հանձնաժողովի մասնագետներն ընդգրկվել են ՀՀ պատվիրակության կազմում և  արտասահմանյան գործուղումների ընթացքում 7 անգամ մասնակցել տարբեր երկրների  միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին:

- Չե՞ք կարծում, որ  պետական կարգավորման սկզբունքներն ու դրանց իրականացման միջոցներն ու գործառույթները հստակեցման և ընդլայնման կարիք ունեն:

- Սահմանադրական և միջազգային տնտեսաիրավական հարաբերությունների փոփոխությամբ պայմանավորված` նախատեսվում է 2018-2019թթ. իրականացնել հանձնաժողովի գործունեությանը վերաբերող մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական ակտերի փոփոխություններ և լրացումներ, ինչը միտված է հանձնաժողովի ինքնուրույնության բարձրացմանը, ապակուսակցականացման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության, պատասխանատվության և կարգավորման մեխանիզմների արդիականացմանը:

- Կարո՞ղ ենք ասել, որ ձեր աշխատանքների արդյունավետությանը խոչընդոտում է նաև մասնագետների պակասը: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ: 

- Միանշանակ կարող ենք ասել` այո: Մենք աշխատում ենք այդ բացը լրացնել տարբեր միջոցառումներ իրականացնելով, ներգրավելով նաև հայաստանյան մեր գործընկեր կառույցներին, կազմակերպելով տարաբնույթ սեմինարներ, փոխադարձ այցելություններ, մասնակցություններ միջազգային աշխատաժողովների (նման մոտ 30 միջոցառում ենք ունեցել):

-Վերջին ժամանակներս հանրությանը մտահոգում է ապրանքների գնաճը: Քանի որ հանրապետությունում չկա սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական որևէ կառույց, նրանք միայն ձեզնից են սպասում գնաճը զսպելուն ուղղված քայլեր: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ: 

- Անշուշտ, պետք է անել այն ամենը, ինչը հնարավորություն կտա խուսափել գների չհիմնավորված բարձրացումներից և անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից: Ինչ վերաբերում է գնաճին, ապա դա գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որը  շուկայական տնտեսական գործունեությանը բնորոշ  և կարևոր մակրոտնտեսական ցուցանիշ է, որի հաշվարկներով զբաղվում են համապատասխան կառույցները: Դրան վերաբերող վերլուծություններ և ուսումնասիրություններ իրականացնելու իրավասություն հանձնաժողովին վերապահված չէ: Սակայն հանձնաժողովի իրավասությանը վերաբերող  ցանկացած փոփոխություն մանրազնին ուսումնասիրվում է և տրվում համապատասխան ընթացք: Մեր երկու հայկական պետություններն  այնպիսի հզոր տնտեսություններ չունեն, որպեսզի կարողանան դիմակայել գների փոփոխություններին և չեն կարող շուկայում գին թելադրել: Այն փաստը, որ համարվում ենք ներկրող երկիր, ենթադրում է, որ ապրանքների վերջնական գների ձևավորումը կախված է ներմուծման արժեքներից:  Ինքնին գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը  տեղական արտադրությունների զարգացումն է և ապրանքների արտադրության ընդլայնումը: Ընթացիկ տարում հանձնաժողովն իրականացրել է գների փոփոխություններին վերաբերող 49 ուսումնասիրություն, ինչի արդյունքում հաջողվել է հասնել գների իջեցման այնպիսի ապրանքային շուկաներում, ինչպիսիք են ցորենի ալյուրի, հացի, հնդկաձավարի, ոսպի, շաքարավազի, ձեթի, բրնձի, ադամաթուզի, հավի ձվի շուկաները: Իրականացվել են նաև աշխատանքներ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում, թույլատրելով գերիշխող դիրք ունեցող օպերատորին կիրառելու գործող սակագնից նվազ սակագներով զեղչային 7 փաթեթներ: 2017-ին տրամադրվել են ՀԷԿ-երի կառուցման 10 լիցենզիաներ և էներգիայի արտադրության համար թույլտվություններ: Ուսումնասիրվել, ստուգվել և մոնիթորինգի են ենթարկվել 208 տնտեսվարող սուբյեկտներ, ընդունվել են 13 նորմատիվ և 46 անհատական իրավական ակտեր: Հանձնաժողովը շարունակելու է աշխատանքները անբարեխիղճ մրցակցության, բացասական վարքագծի դրսևորման, մոլորեցման և սպեկուլյատիվ երևույթների բացահայտման և տնտեսական մրցակցության պաշտպանության ուղղությամբ:

- Շա՞տ են քաղաքացիներից ձեզ հասցեագրված դիմումներն ու բողոքները: Թեժ գիծը ծառայո՞ւմ է իր նպատակին:

-Հանձնաժողովում գործում է թեժ գիծ, որի միջոցով սպառողները և տնտեսվարողները կարող են ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկությունները: Թեժ գիծ զանգահարող քաղաքացիների բարձրացրած հարցերը տեղում լուծում են ստանում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերին համապատասխան ընթացք է տրվում: 

Դիմում-բողոքներ հանձնաժողովը ստանում է նաև ֆեյսբուքյան էջի միջոցով: Այս տարի միայն այդ սոցիալական ցանցի միջոցով ստացել ենք 10 դիմում-բողոք: Ընդհանուր առմամբ, նախօրոք պարզաբանումները և առաջացած հարցերի վերաբերյալ պատասխանները տրվում են kargavorum.nkr.am վեբ կայքի միջոցով, որի այցելությունների  քանակը 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ  կազմել է 7362:

- Պարբերաբար հանձնաժողովը տուգանքներ ու տույժեր է կիրառում տարբեր տնտեսվարողների հանդեպ, սակայն կարծես իրավիճակը դրանից չի փոխվում: Ի՞նչ հնարավոր ուղիներ եք տեսնում իրավիճակը շտկելու համար: 

-Հանձնաժողովը գործում է իր իրավասությունների շրջանակներում և կատարում է օրենսդրությունից բխող աշխատանքներ: Մրցակցային միջավայրին վերաբերող ցանկացած իրավական ակտ կիրառվում է լրիվությամբ և միտված է միջավայրի բարելավմանը: Տույժերի և տուգանքների կիրառումը միակ գործիքը չէ, որով մրցակցային միջավայր ապահովվի: ԱՀ գործող օրենսդրությունը պաշտպանում է մրցակցությունը բոլոր բնագավառներում` բացառությամբ գերիշխող և մենաշնորհ դիրք ունեցողների, որոնց  գործունեությունը նույնպես կարգավորվում է: Ամենալավ մրցակցությունն ապրանքային շուկաների ազատականացումն է, ինչը, մեր կարծիքով, մեր հանրապետությունում ապահովված է: Մնում է միայն առաջնորդվել շուկայական հարաբերություններին բնորոշ առաջարկի և պահանջարկի սկզբունքներով: 

-Հունվարի մեկից ՀՀ-ում սպասվում է ավելի քան 800 անուն ապրանքի թանկացում` կապված ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ: Կարելի՞ է ասել, որ առանց այդ էլ գնաճ արձանագրած լայն սպառման ապրանքների շուկայում գալիք տարում մեզ մոտ  թանկացումներն ավելի մեծ չափերի կհասնեն:  

-ՀՀ-ն, ինտեգրվելով միջազգային տարբեր տնտեսական միությունների և ունենալով ապրանքների ներմուծման պահանջարկ, ստիպված կամ պարտավորված է առաջնորդվել տվյալ միությունների համար սահմանված խաղի կանոններով և պարզ է, որ կրելու է կիրառվող տնտեսական քաղաքականության թե՜ դրական, և թե՜ բացասական բոլոր հետևանքները: Գիտակցելով, որ ներմուծվող ապրանքների գների փոփոխությունները` պայմանավորված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացմամբ կամ նվազեցմամբ, անխուսափելի են, ուստի դա իր ազդեցությունը կթողնի նաև մեր շուկայի վրա: Որոշ ապրանքների գներ 2018 թվականի հունվարի 1-ից իրոք  կաճեն` պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելով և ներմուծման առավել բարձր մաքսատուրքերի կիրառմամբ, և դա իր ազդեցությունը կունենա նաև մեր շուկայի վրա: Միաժամանակ կարող ենք ասել, որ փոփոխություններ կլինեն նաև դրական առումներով: Առիթից օգտվելով` շնորհավորում եմ Արցախի ժողովրդի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին մեր ժողովրդի համար լինի խաղաղության, առողջության, հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ