[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

Դեկտեմբերի 26-ին` Ամանորի նախաշեմին,  ԱՀ ֆինանսների նախարարությունը պարգևատրեց պետական բյուջեի հանդեպ տարվա ընթացքում իրենց  պարտականությունները բարեխղճորեն կատարած հարկատուներին: Պարգևները հանդիսավորությամբ նրանց հանձնեց նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը:

 Գերատեսչության կողմից  հաստատվել են օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները, որոնց հիման վրա, Ա. Հարությունյանի խոսքով,  յուրաքանչյուր տարի կազմվելու է օրինապահ հարկ վճարողների ցանկը:  Այս տարվա արդյունքներով՝  սահմանված չափանիշները  բավարարել են հանրապետությունում տարբեր ոլորտներում գործող 57 հարկ վճարողներ:  ՙՈրախալի է, որ օրինապահ հարկ վճարողներ կան  և՜  խոշոր, և՜  միջին,  և՜   փոքր հարկ վճարողների շրջանում,-ասաց փոխնախարարը:-Նաև ուրախալի է, որ օրինապահ հարկ վճարողներ կան տնտեսության տարբեր ոլորտներում. արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն, ֆինանսական ոլորտ, առևտուր, սպասարկման ոլորտ և այլ: Սա ապացուցում է, որ այսօր Արցախի Հանրապետությունում  գործարարության համար ձևավորված է բարենպաստ  դաշտ, և հարկերի վճարումը խոչընդոտ չէ բիզնեսի կայացման համար՚: 

  Նշվեց, որ այսպիսի միջոցառումներն առիթ են նաև արժևորելու  ձեռքբերումներն ու  նախանշելու  անելիքները: Այսօր  բարեխիղճ հարկ վճարողների ու  պատասխանատու, ազնիվ հարկային ծառայողների շնորհիվ   հաջողվել է ոչ միայն կատարել 2017 թվականի պետական բյուջեի պլանային առաջադրանքները, այլև, ամենահամեստ գնահատականներով, ունենալ 1-1.5 մլրդ դրամի գերակատարում:

 ՙՀարկային մարմնի գերնպատակը բիզնեսի համար առավելագույն նպաստավոր պայմանների  ստեղծումն է, որի արդյունքում հարկ վճարողները ոչ թե ռեսուրսներ կծախսեն հարկային դաշտը շրջանցելու վրա, այլ դրանք կուղղեն հարկերի ճիշտ հաշվարկմանն ու ժամանակին  վճարմանը:  Այդ առումով տարեցտարի ավելի  է կատարելագործվում  հարկային դաշտը, պարզեցվում  են վարչարարական ընթացակարգերը, բարձրացվում է հարկ վճարողների սպասարկման մակարդակը՚,- ասաց Ա. Հարությունյանը, հավելելով, որ առաջիկայում նախատեսում են նաև ընդլայնել մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակը` ավտոմատացնելով հարկային հաշիվների դուրսգրման, հարկ վճարողների պարտավորությունների հաշվառման և մի շարք այլ գործառույթներ: Նա ընդգծեց, որ միաժամանակ խիստ  կլինեն  հարկային դաշտը  շրջանցողների  նկատմամբ, քանի որ  հարկային համակարգի կենսունակությունն ու գործունակությունը  ուղղակիորեն կախված են նաև հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունից:  

  Ի դեպ, այսօր էականորեն նվազեցվել է ընդհանուր ստուգումների քանակը`  դրանք իրականացվում են միայն   ռիսկային հարկատուների մոտ. վերջին 10 տարիների վիճակագրությամբ,  դրանք  կրճատվել են  շուրջ 4 անգամ: Բոլոր այն հարկ վճարողները, ովքեր գործում են  օրենսդրության շրջանակներում, զերծ են մնում հաճախակի  ստուգումներից. նպատակը`  բիզնես-հասարակության  շրջանում հարկերի ինքնուրույն հաշվարկման ու  վճարման մշակույթի սերմանումն է: Նախարարի տեղակալը համոզված է, որ լիարժեք հարկ վճարելը նույնպես  հայրենասիրություն է, և   հարկ վճարողերը պետք է հասնեն այդ գիտակցությանը: 

Ամփոփելով խոսքը` Ա. Հարությունյանը   շնորհակալություն հայտնեց հավաքվածներին  օրինապահ  լինելու համար, հավաստիացնելով, որ այդ  վարքագծի շնորհիվ   շահել են հարկային մարմնի վստահությունը,  նպաստել հարկային մարմին-հարկատու սերտ և թափանցիկ համագործակցությանը: Նա հույս հայտնեց, որ  հաջորդ տարիներին ևս հանդիպման մասնակիցների անունները կշարունակեն լինել   օրինապահ հարկ վճարողների ցանկում,  և տարեցտարի ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընգրկվեն այդտեղ:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ