[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾԸ

Հադրութի շրջվարչակազմում ի մի են բերվում 2018 թվականի բերքի տակ  կատարված աշնանացան  հացահատիկայինների ցանքսի  արդյունքները։ 

 Ինչպես տեղեկացանք  շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանից, շրջանում  կատարվել է  ավելի քան 15175 հա հացահատիկայինների ցանքս, որը մոտ երկու անգամ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները։ Նշված ցանքսերից 3055,5 հա-ն կատարվել է համայնքային սեփականաշնորհված և գյուղամերձ վարձակալված, իսկ 12120 հա-ն` ՊՊՖ վարձակալված վարելահողերում։ Նշված տարածքներում ցանվել է 8443 հա գարի, 6732,5 հա ցորեն։ Աշնանացանի հետ մեկտեղ  հողօգտագործողների կողմից իրականացվում են վնասատուների դեմ պայքարի աշխատանքներ։ 

Շրջանում անասնապահության համար  ամուր կերային բազա ստեղծելու նպատակով պետական աջակցության ծրագրով  անհատույց հատկացված 18 տոննա  կորնգանի սերմացուն օգտագործվեց կատարելու  52,5 հա կորնգանի ցանքսի համար։ Գործընթացը գարնան սկզբներին կշարունակվի։ Ակտիվ աշխատանքներ են տարվում Արաքսի հովտում առկա հին խաղողայգիների երիտասարդացման, խնամքի ուղղությամբ։ Սկսված են եղեգով վարակված  տարածքների, թփուտների մաքրման և հերկի աշխատանքները, ինչը կնպաստի տարածաշրջանում  գարնանացան մշակաբույսերի ցանքսի ընդլայնմանը, հետագայում պտղաբուծության և այգեգործության զարգացմանը, նոր այգիների հիմնադրմանը։

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ