[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ՄԻԱՅՆ ՇԱՏ, ԱՅԼԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Աշնանացան. նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 35 տոկոսով

 2018-ը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները բարի լուրերով են սկսում: Ըստ տարվա բերքի տակ իրականացված աշնանացանի օպերատիվ տվյալների` 2017-ի համեմատ շուրջ 35 տոկոսով ավելացել են ցանքսերը: Մյուս ոգեւորիչ փաստը` աշխատանքների հիմնական մասը հասցրել են իրականացնել ագրոժամկետներում: Այս պահին հիմնական մտահոգությունը եղանակային պայմանների հետ է կապված. անձյուն Ամանորը ոչ միայն երեխաներին է տխրեցրել, այլեւ հացահատիկի մշակությամբ զբաղվողներին: Իսկ պտղաբույծները մտահոգվելու առիթ առայժմ չունեն:

ՙԸստ Գյուղատնտեսության նախարարությունում գրանցված օպերատիվ տվյալների` 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ ցանքսի ցուցանիշները հետեւյալն են. Ասկերան` 11592,1, Հադրութ` 17080,5, Մարտակերտ` 6667, Մարտունի` 15270,4, Շահումյան` 145, Շուշի` 133, Քաշաթաղ` 22030 հեկտար` նախորդ տարվա, համապատասխանաբար, 10533,7, 9509, 4300, 12088,2, 106, 80, 17171 հեկտարի դիմաց: Աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 72918 հա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53787.9 հա-ի դիմաց. թվերն ամբողջացնում է գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

Եթե բացարձակ թվերով առաջին  տեղում Քաշաթաղի շրջանն է, ապա ցանքսերի աճի տեմպով անվիճելի առաջատարը Հադրութի շրջանն է. այստեղ 2018-ի բերքի տակ արված աշնանացանը գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ծավալները: Իսկ հանրապետության կտրվածքով 2017-ի աշնանացանի մակարդակը գերազանցվել է ավելի քան 35 տոկոսով:

Ոչ միայն շատ, այլեւ` ժամանակին: Գյուղոլորտի պատասխանատուները ցանքատարածությունների աճից պակաս կարեւոր չեն համարում փաստը, որ այս տարի աշնանացանի հիմնական մասը հաջողվել է իրականացնել սահմանված ժամկետներում: ՙՍա նաեւ նախորդ տարիների բացատրական աշխատանքների արդյունքը կարող ենք համարել եւ այս տարվա կարեւոր ձեռքբերումներից մեկը: Աշնանացանի շուրջ 80 տոկոսը կատարվել է ագրոժամկետներում՚,- տեղեկացնում է Վիլեն Ավետիսյանը: Այս ամենի հաշվարկով` ցանքսերի ընդհանուր վիճակից այս պահին դժգոհ չեն: Հիմնական մտահոգությունները տեղումների պակասի հետ են կապված: ՙԴա նկատելի է հատկապես գարու պարագայում: Դաշտերի զգալի մասում դեղնավուն երանգների հայտնվելը հենց տեղումների պակասով է պայմանավորված՚,-մանրամասնում է գյուղատնտեսության փոխնախարարը: Սակայն այս մասով էլ վերջերս դրական տեղաշարժ արձանագրվեց: Մտավախությունները, գոնե մասամբ, փարատվել են: ՙԴեկտեմբեր ամսվա ընթացքում ոչ շատ, բայց, այնուամենայնիվ, տեղումներ եղան: Դրանց շնորհիվ իրավիճակը մի փոքր շտկվեց՚,- լավատեսության հիմքերն է մատնացույց անում մեր զրուցակիցը:

Այս տարեշրջանի համար անսովոր տաք եղանակները շարունակվելու դեպքում կարող են մտահոգությունների առիթ տալ նաեւ պտղաբույծներին. ծառերը կարող են ժամանակից շուտ բողբոջել: Հունվարի սկզբի դրությամբ` դեռ մտահոգվելու կարիք չկա, վստահեցնում է գյուղատնտեսության փոխնախարարը: ՙՑերեկային ժամերին, իսկապես, այս տարեշրջանի համար անսովոր բարձր ջերմաստիճան է գրանցվում: Սակայն, դրա հետ մեկտեղ, գիշերային ժամերին ջերմաստիճանի բավական ցածր շեմ ենք ունենում: Այնպես որ, գոնե այս պահին, մտահոգվելու հիմքեր չկան, թե ծառերը ժամանակից շուտ կբողբոջեն, իսկ հետագայում կկանգնեն ցրտահարման վտանգի առաջ՚:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ